RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #37, 07-10-2016



ԿԻՆՈ

Տեղադրվել է` 2016-10-06 20:27:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 3326, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԻ ԼԱՅՆ ՀԱՅԱՑՔ ՀԱՅ ԿԻՆՈՅԻՆՙ ԱՆԳԼԵՐԵՆՈՎ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Զրույց կինոգետ Սիրանույշ Գալստյանի հետՙ ԱՄՆ-ում տպագրված նրա գրքի առթիվ

Հայ արվեստի պատմության վերաբերյալ օտարալեզու գրքերը մատների վրա կարելի է հաշվել, հատկապես եթե խոսքը արվեստի նոր տեսակների մասին է: Եվ նամանավանդՙ եթե հայաստանցի հեղինակի աշխատություն է:

Այդ առումով աննախադեպ կարելի է համարել ամերիկյան հեղինակավոր «Մազդա» հրատարակչության այս տարի հրատարակած Սիրանույշ Գալստյանի «Հայաստանի կինոն. ամփոփ տեսություն» («Cinema of Armenia: an Overview») անգլերեն աշխատությունը: 2011 թվականին Երեւանում Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության կողմից հրատարակված «Հայացք մեր կինոյին» գրքի լրամշակված տարբերակն է:

Չորս տարի առաջ հայ գիտական մամուլում Գալստյանի հատորի մասին հրատարակածս գրախոսականն ավարտել էի հետեւյալ տողերով. «Հայ կինոյի պատմութեան հանդէպ լայն եւ ընդգրկուն հայեացք ունեցող այս հատորը մեր մասնագէտների, արուեստասէրների եւ ուսանողների սեղանի գիրքը լինելուց բացի օտար լեզուներով թարգմանուելու դէպքում կարող է մեր շարժանկարի մասին լաւագոյն հանրամատչելի եւ միաժամանակ գիտական աշխատութիւնը դառնալ միջազգային ընթերցողի համար: Այսօր առաւելապէս, քան երբեւէ, մեծ է օտարազգիների հետաքրքրութիւնը հայ կինոյի անցեալի եւ ներկայի հանդէպ, ուստիեւ խիստ անհրաժեշտ է ունենալ Սիրանոյշ Գալստեանի Հայեացք մեր կինոյին գրքի թարգմանութիւնը տարբեր լեզուներով»: Դա սոսկ հերթական բարի ցանկությունը չէր, որ սովորաբար հայտնվում է նման դեպքերում. իսկապես լիահույս էի, որ գոնե ա՛յս մի աշխատությունը մոտ ապագայում պիտի մատչելի դառնա ոչ միայն հայերեն ընթերցողին: Եվ ահա, վերջապես ունենք աշխարհի ամենից շատ գործածվող լեզվով հրատարակված, սեւ-սպիտակ եւ գունավոր բազմաթիվ լուսանկարներով պատկերազարդված, 241 էջ ընդգրկող մեծադիր մի հատոր, որտեղ հայ կինոյին անտեղյակ ընթերցողը պատկերացում կկազմի հայ մշակույթի այդ մի դրսեւորմանՙ կինոարվեստի ավելի քան իննսունամյա պատմության վերաբերյալ:

Կինոգետ, կինոքննադատ, նաեւ արձակագիր, արվեստագիտության թեկնածու, Երեանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դոցենտ Սիրանույշ Գալստյանը տասնհինգ տարուց ավելի է, ինչ մեծագույն նվիրումով զբաղվում է հայ կինոյի ուսումնասիրությամբ, մասնագիտական եւ զանգվածային մամուլում հանդես գալիս կինոխոսականներով, Հայաստանը ներկայացնում միջազգային կինոփառատոներում եւ գիտաժողովներում, գրում սցենարներ, պատրաստել է հեռուստահաղորդումներ, խորամուխ եղել հայ կինոյի պատմության եւ տեսական խնդիրների (լեզու, ոճ, արտահայտչաձեւեր) հետազօտման մէջ:

Թեեւ նրա աշխատության վերնագրում առկա «հայացք» բառը ենթադրում է համառոտ պատմություն, իրականում այն շատ ավելին է. հեղինակն իր «հայացքով» կարողացել է ոչ միայն սոսկ արձանագրել պատմական փաստը, այլեւ մասնագիտական ներկայացմամբ, երբեմնՙ վերլուծությամբ ցույց տալ, թէ ինչ կա դրանից անդին: Նյութի համապարփակ եւ խոր իմացության հիմքի վրա ներկայացնելով այս կամ այն շրջանի հայկական կինոարտադրանքը կամ բեմադրիչինՙ հեղինակն արժեւորել է դրանք հայ կինոյի պատմութեան մէջ, հաճախ դիտարկել խորհրդային եւ երբեմնՙ համաշխարհային կինոյի համատեքստում, սակայն իր խնդրից դուրս է համարել մեր կինոարվեստի անցեալի եւ ներկա թերությունների արձանագրումը: «Մեզ հետաքրքրում էր ինքնին հայ ազգային կինոյի բնութագիրըՙ այն, ինչը հատկանշական է, կազմում է նրա յուրատիպութիւնը եւ միեւնույն ժամանակ, այնՙ ինչը կամրջում է հայ կինոարվեստը համաշխարհային կինոարուեստին»,- գրել է հեղինակը:

Գիրքը կազմված է 12 գլուխներից, որոնցում ժամանակագրական կարգով ներկայացվում է հայ կինոյի անցած ուղին: Որպես հավելված ներկայացված է հայկական անիմացիայի համառոտ պատմությունը: Գրեթէ միշտ բոլոր շարժանկարների վերաբերյալ հեղինակը ներկայացրել է ոչ միայն սեփական դիտարկումներն ու վերլուծություները, այլեւ առատորեն մէջբերումներ կատարել հայ եւ այլալեզու աղբյուրներից: Գիրքը եզրափակվում է եվրոպական լեզուներով հայ կինոյի մասին գրականության մատենագրությամբ, կինոբեմադրիչների եւ կինոնկարների ցանկով ու հեղինակի կենսագրությամբ: Հատկանշական է, որ գիրքը հեղինակը նվիրել է իր հորըՙ երջանկահիշատակ Սուրեն Գալստյանին եւ «հայ ժողովրդին»...

- Սիրանույշ, այս նվերը ծնողին եւ ժողովրդին իսկապես որդիական անհուն սիրո, անձնվիրության եւ աշխատասիրության արտահայտություն է, որպիսիք թող հնարավորինս շատ ստանան մեր ծնողներն ու մեր ժողովուրդը... 2001 թվականին Հայաստանի կինոգետների եւ կինոլրագրողների ընկերակցությունը նաեւ անգլերեն հրատարակեց հայ կինոյի 1924-1999 թթ. ֆիլմագրությունը: Հիմա մենք ունենք հաջորդ քայլըՙ անգլերենով հայ կինոյի համառոտ պատմությունը: Այս առթիվ շնորհավորում եմ քեզ, ինձ, գրքի թարգմանիչներին, խմբագիրներին, հայ կինոյի բոլոր երկրպագուներին ու նրա ներկայով ու ապագայով մտահոգ բոլոր անձանց, մի խոսքով, բոլորիս, ովքեր նախանձախնդիր են հայ արվեստի հանրահռչակմանը:

- Շատ շնորհակալ եմ, իսկապես շնորհավոր բոլորիս:

- Առաջին հերթին ինձ հետաքրքրում է թարգմանության լեզուն: Գրքի թարգմանիչները հայաստանցիներ են: Միշտ լսում ենք, որ Հայաստանում կատարվող անգլերեն թարգմանությունների լեզվական որակը, մեղմ ասած, ցանկալի է, որ շատ ավելի լավը լինի: Հաջողվե՞լ է ապահովել որակյալ թարգմանություն:

- Իսկապես, որքան է եղել, երբ մենք որեւէ երկ կարդացել ենք անհաջող թարգմանությամբ կամ «խիստ թարգմանված» հայերենով ու ափսոսանք հայտնել... Ինչ վերաբերում է հայերենից` անգլերեն թարգմանությանը, ապա իհարկե, որքան էլ լավ թարգմանած լինի մեր կողքին ապրող հայրենակիցը, նա այդ լեզվի տարերքը չի կրում, ավելին, նույնիսկ այդ լեզվի կրողներ հանդիսացող խմբագիրները շտկում, հղկում էին մեկը մյուսի տարբերակը... Այդ իսկ պատճառով, որքան էլ ինձ համար ծանր լիներ ընթացքը, երախտագիտությամբ եմ ընդունել իրենց կողմից արված աշխատանքը: Անգլերեն` լրամշակված, մի շարք հավելումներով հարստացած տարբերակի պրոֆեսիոնալ խմբագիրը պրոֆեսոր Բիրգիթ Բյումերսն է Մեծ Բրիտանիայից: Լեզվական խմբագրման մանրակրկիտ աշխատանքը կատարել է Էնն Ուեսթը Միացյալ Նահանգներից: Այդ աշխատանքին կամավոր սկզբունքով մասնակցել են Անա (այո, մեկ «ն»-ով) Միրզոյանը եւ Ռեյչել Թաունզենը դարձյալ ԱՄՆ-ից: Գրքի առաջաբանը գրել է հայագետ, պրոֆեսոր Տիգրան Գույումջյանը , որը նույնպես մի շարք արժեքավոր առաջարկություններ է արել տեքստն ընթերցելիս: Անգլերեն թարգմանված տեքստը խմբագրվել է չորս անգամ (այդ թվում` արվեստաբանի, կինոգետի, լեզվաբանի եւ մշակութաբանի կողմից), սակայն բոլոր փոփոխություններն արվել են ոչ առանց հեղինակի` ինձ հետ քննարկելու, որպեսզի չլինեն իմաստային աղավաղումներ կամ կորուստներ: Դրա շնորհիվ, կարծում եմ, վերացել են լեզվամտածողության եւ մշակութային առանձնահատկությունների հետ կապված խոչընդոտները, ինչը, հուսով եմ, կապ կստեղծի օտար ընթերցողի եւ մեր միջեւ` ֆիլմարվեստի միջոցով:

- Գիտամշակութային նպատաուղղված քաղաքականություն ունենալու դեպքում վաղուց պիտի կազմակերպված լիներ մեր արվեստի ու մշակույթի վերաբերյալ ուսումնասիրություններն օտար լեզուներով աշխարհին ներկայացնելու գործը, ոչ թե մնար անհատական նախաձեռնությունների մակարդակում: Քո այս գրքի լույսընծայումը նույնպես անհատական նախաձեռնություն էր...

- Նախ ասեմ, որ տարիների ընթացքում շատ եմ մտածել մեր ֆիլմարվեստի ձեռքբերումների եւ տապալումների մասին` մտահոգվելով նրա ապագայի համար: Դասավանդելով մեր վաղվա կինոռեժիսորներին, սցենարիստներին եւ օպերատորներին` միշտ ուզել եմ նրանց հետ քննարկել բոլորիս հուզող հարցերը, փորձել հասկանալ հայ կինոյի պարադոքսները... Բոլոր այս մտածումները տրամաբանորեն կարիք ունեին ամփոփվելու, սակայն մտքովս չէր անցնում նստել եւ գիրք գրել: Այդ առումով գրքի պատմությունը սկսվեց անսովոր կերպով: Սկզբում այն գրվեց իսպանացի կոլեգա Խայմե Նոգուերայի առաջարկությամբ` իսպաներեն հրատարակելու նպատակով: Սակայն մինչեւ այն թարգմանվեց, Իսպանիայում սկսվեց տնտեսական ճգնաժամ, որը գնալով ավելի ու ավելի խորացավ: Դրա հետեւանքով գրքի նախագիծը դադարեցվեց իրենց կողմից: Բայց իսպաներենը տպագրելու հույսս դեռ չեմ կորցրել: Իսկ իմ աշխատանքը «գետնին չմնաց», այլ, հուրախություն ինձ, արժանացավ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության հավանությանը, ում հովանավորությամբ եւ տպագրվեց նախ` մայրենի լեզվով: ԱՄՆ-ից պրոֆեսոր Ջորջ Բուռնությանը , իմանալով գրքիս գոյության մասին, առաջարկեց, որ այն հրատարակվի Մ. Նահանգներում: Իհարկե, թարգմանության ծանրությունը հիմնականում ընկավ ընտանիքիս ուսերին: Սակայն բոլոր բարդությունները չեզոքանում էին այն մտքի ուժով, որ անգլերենով տպագրվելու դեպքում (եւ այն էլ այնպիսի հեղինակավոր հրատարակչության կողմից, ինչպիսին «Մազդան» է) հայ կինոյի արժեքների, նշանակալի էջերի մասին կիմանան աշխարհում: Չէ՞ որ Փարաջանովի եւ Փելեշյանի անուններից բացի, հիմնականում ուրիշ ոչինչ հայտնի չէ արդի կինոաշխարհում:

- Ի՞նչ դժվարություններ ունեցար գիրքը տպագրելիս:

- Կարծում եմ, մեր ազգային ֆիլմարվեստը ներկայացնելը, եւ դրա միջոցով, առհասարակ, մեր տեղը աշխարհի մշակութային քարտեզի վրա վերահաստատելու նպատակն ինձ հիրավի թեւեր էր տալիս, քանի որ մինչ գիրքը լույս կտեսներ ԱՄՆ-ում, ստիպված եղա անցնել ամենաանհավանական դժվարությունների միջով: Թարգմանության չորս խմբագիրներն ինձ հետ քննարկում էին առաջացած բոլոր հարցերը. բազմաչարչար մի աշխատանք, որը տեւեց չորս տարի: Եթե մանրամասնեմ, թե ինչի միջով եմ անցել, դա անհայտ ժանրի վեպի կամ ֆիլմի նման կլինի: Սակայն գիտակցում էի, որ պետք է դիմանալ, որ ամեն ինչ արվում է աշխատությունը միջազգային հանրության դատին լավագույնս ներկայացնելու համար:

- Ի դեպ, ի՞ նչ արձագանք ունեցավ գիրքը Հայաստանում

- Երբ 2011-ին լույս տեսավ գրքի հայերեն տարբերակը, ճիշտն ասածՙ արձագանքները տարբեր եղան: Իհարկե, շատերը դրական վերաբերվեցին աշխատությանը` գնահատելով իմ անկեղծ ջանքերը: Սակայն ի զարմանս ինձ, որոշ անձինք բավական խիստ վերաբերվեցին` գուցե ակնկալելով, որ գրքում մանրամասն պետք է ներկայացված լինեին բոլոր կինոհեղինակներն ու ֆիլմերը, այսինքն` ըստ նրանց, ես մեծ բացթողումներով, թերացումներով եմ գրել հայ կինոյի պատմությունը: Այնինչ, նման հավակնություն առհասարակ չեմ ունեցել: Մի՞թե մեկ գրքի սահմաններում, եւ այն էլ` ոչ ստվարածավալ, հնարավոր է իրագործել նման խնդիր: Եվ վերջապես, բոլոր ֆիլմերը փաստացի հավաքագրելու եւ հակիրճ ներկայացնելու նպատակով մեր կինոգետների եւ կինոլրագրողների ընկերակցությունը հրատարակել է քո հիշած լիակատար կինոկատալոգը, որը հասանելի է նաեւ համացանցում: Ինչ վերաբերում է ինձ, ապա կարող եմ ասել, որ այս գրքում փորձել եմ օբյեկտիվ փաստերի շարադրանքը զուգակցել իմ անձնական վերաբերմունքի հետ, այսինքն` ամեն ինչ անց եմ կացրել իմ սեփական պրիզմայի միջով: Դա իսկապես իմ հայացքն է մեր կինոյին, ինչպես որ վերնագրված է հետազոտությունը: Եվ իհարկե, չէի կարող շրջանցել ավագ սերունդների կինոգիտական միտքը: Այդ իսկ պատճառով ժամանակ առ ժամանակ մեջբերումներ եմ կատարել իրենցից, որպեսզի հարաբերվեն անցյալն ու ներկան, հին ու նոր գնահատականները, այդպիսով` հաստատվեն մնայուն արժեքները: Ճիշտ է, իմ նախնիներից սովորել եմ ամեն ինչին վերաբերվել փիլիսոփայորեն կամ հումորով, բայց անշուշտ, եղել են պահեր, երբ հուսալքման եզրին եմ գտնվել, մանավանդ երբ ինձ «խորհուրդ են տվել» չգրել կինոյի մասին, այլ միայնՙ պատմվածքներ... Եվ դա այն դեպքում, երբ պատմվածքը ձեռքիս որեւէ գրական խմբագրություն գնալիս սովորաբար ակնարկում էին, որ կինոյի մասին հոդված հաճույքով կտպեն: Ես էլ որոշեցի լսել երկու կողմին էլ...

- Հուսանք, որ հաջորդ գիրքդ կլինի «Հայացք մեր կինոյին»-ի իսպաներեն թարգմանության հրատարակությունը...

- Այո, նաեւՙ պատմվածքներիս նոր ժողովածուն: Եվ քանի որ առաջին` «Էջեր ուրիշի օրագրից» գրքույկս տպագրել էի ընդամենը 100 օրինակով, ապա այդ ժողովածուից որոշ պատմվածքներ հավանաբար դարձյալ տեղ կգտնեն նորի մեջ...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #37, 07-10-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ