ԿԱՐՄՐԱՎՈՐԻ ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՑԻՆ ԱՐԱ ԶԱՐՅԱՆ, Վերականգնող ճարտարապետ ՔՐԻՍՏԻՆ ԼԱՄՈՒՐԷ, Որմնանկարի վերականգնող մասնագետ, Միրանո-Ֆելտրե, Իտալիա, 03.10.2016 Կարմրավորի Ս. Աստվածածին եկեղեցու կառուցման թվականը հայտնի չէ, մատենագրական աղբյուրներում եւս որեւէ հիշատակություն չկա, սակայն գիտական ատյաններում միասնական կարծիք կա, որ այն կառուցվել է 7-րդ դարում, որպես իշխանական տոհմի եկեղեցի: Ներքուստ հարդարված է որմնանկարներով, որոնցում պատկերված են ավագ խորանի մեկ-քառորդ գնդային գմբեթարդինՙ «Քրիստոսը փառքի մեջ» տեսարանը, ավագ խորանի կիսաբոլոր պատինՙ ամբողջ հասակով կանգնած սրբապատկերների շարքը, այնուհետեւ, արեւմտյան խաչաթեւի հյուսիսային պատին` եկեղեցուց դուրս շարժվող եւ ձին հեծած Ս. Գեւորգ զորավարը, իսկ հարավային պատինՙ դեպի եկեղեցի ընթացող ձին հեծած Ս. Սարգիս զորավարը, հայերեն մակագրություններով: Ավագ խորանի կամարակապի ներքին մակերեսին պահպանվել է երկրաչափական հորինվածք ունեցող եւ հավերժության խորհրդանիշը հիշեցնող սեւ ու սպիտակ, որմնանախշազարդ ժապավեն: Ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներին որմնանկարի վերականգնող, ազգությամբ բելգիուհի, Քրիստին Լամուրէի ու իտալահայ ճարտարապետ Արա Զարյանի նախաձեռնությամբ ու միջոցներով, ձեռնարկվեցին Կարմրավորի որմնանկարների մաքրման, ամրակայման ու պահպանողական վերականգնման աշխատանքներ, որոնք նախօրոք համաձայնեցվել են ՀՀ Մշակույթի նախարարության ու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հետ: Փոքրածավալ եկեղեցու ներքին պատերին ի հայտ եկան տասը սրբապատկեր ու նկարչական, գեղարվեստական մեծ արժեք ներկայացնող որմնանկար հորինվածքներ: Կարմրավոր եկեղեցու ներքին պատերին պահպանված որմնանկարները եւ առանց որմնանկարի սվաղի հատվածները, մինչ մեր միջամտությունը, շատ աղոտ էին երեւում, քանզի ծածկված են եղել փոշու հաստ ու կոշտացած շերտի ու հավատացյալների կողմից «անձնվիրաբար» պատերի զանզան տեղերում ճզմած մոմերի այրումից առաջացաց մրի թանձր շերտից: Որմնանկարի հատվածների սվաղի մակերեսը պահպանվել էր տարբեր մակարդակների վրա: Սրբապատկերների դեմքերի ու ձեռքերի հատվածներում առկա էր կանաչագույն, կոպիտ սվաղի հաստ շերտ, որի մակերեսը մոտ մեկ սանտիմետրով դուրս էր գալիս թույլ նշմարվող բնօրինակ որմնանկարի սվաղից: Միջամտության ընտրությունը, եղանակը, պահպանվածության բարդ ու խառնաշփոթ իրավիճակից ելնելով, որոշվել ու ձեռնարկվել են աշխատանքների տարբեր փուլերի արդյունքներին համապատասխան, ձգտելով, պահպանել ու փաստագրել որմնանկարի վրա տարբեր ժամանակ իրականացված միջամտությունները մի կողմից եւ մյուս կողմիցՙ ջանալով որմնանկարին հաղորդել ամբողջականություն եւ գեղարվեստական ընթերցման համահունչ պարզություն: Ցավոք սրտի, բոլոր որմնանկարները, մեր միջամտությունից առաջ, հիմնականում պահպանվել էին նախապատրաստական, նկարի կառուցողական գծերով ու խազանկարով, մինչդեռ գունային ամբողջ երանգը, ենթադրում էինք, ծածկված պիտի լիներ պատերին առկա մրի ու կեղտի շերտի տակ: Մեր այս ենթադրությունը իրեն չարդարացրեց, քանզի մաքրելուց հետո, գրեթե գունային պիգմենտներ չենք հայտնաբերել: Մաքրման ընթացքում պարզ դարձավ, որ Քրիստոսի կենտրոնական կոմպոզիցիայի կողքերին, գմբեթարդի կամարի ներսի մակերեսին, պատկերված են հյուսիսից Մարիամ Աստվածածնի ու հարավից Ս. Հովհաննես Մկրտչի ամբողջ հասակով որմնանկարները, որոնց գլուխները ուղղված են դեպի կենտրոնՙ դեպի Քրիստոսի դեմքը: Քրիստոսի, Մարիամ Աստվածածնի ու Ս. Հովհաննես Մկրտչի լուսապսակները իրար հետ եռանկյուն են կազմում, որոնց կենտրոնում աստղ է նկարված: Ամբողջ կոմպոզիցիայիՙ ժամանակին երկնագույն ֆոնում, առկա են տարբեր գծագրություն ու համաչափություն ունեցող աստղեր, որոնց վրա պահպանվել են արծաթյա բարակ շերտի մնացորդներ: Որոշ աստղեր ներփակված են շրջանագծի մեջ: Մարիամ Աստվածածնի ու Ս. Հովհաննես Մկրտչի որմնանկարները պահպանվել են գծային ու խազային նրբերանգներով, ուր, ցավոք, բացակայում են գունային նախնական երանգները, որոնք պահպանվել են Քրիստոսի բարձի ձախ հատվածում: Որմնանկարի ամենահին շերտը, որը գտնվում է հիմնական որմնանկարի տակ, նշմարվում է գլխավոր խորանի գմբեթարդի, կիսաբոլոր պատի, կամարակապի վրա եւ իրականացված է կարմիր, դեղին ու ակվամարին գույներով: Հին սվաղի վրա արված որմնանկարի այս հատվածները հիմնականում առկա են սրբապատկերներ պատկերագրող երկրորդ սվաղի չպահպանված հատվածներում: Հին որմնանկարի հատվածները եղել են նախշազարդ ու դեկորատիվ, առանց ֆիգուրների եւ նկարվել են շատ բարակ սվաղի հիմքի վրա: Ամենահին այս սվաղի հետքերը նկատվում են ավագ խորանի կիսագլանաձեւ ձախ պատին ու գմբեթարդի կամարի միջին մասում: Բոլոր այս հատվածները մաքրվել են թորած ջրի թրջոցներով ու բազիկ հիմքի թույլ լուծույթով եւ ամրակայվել Paraloid B72 պաշտպանիչ լուծույթով: Չնայած այն հանգամանքին, որ սվաղի այս հատվածները վատ են պահպանվել, որոշել ենք դրանք ամրակայել ու կոնսերվացնել, քանզի եկեղեցու որմնանկարչական հարդարման ամենահին վկայություններն են: Որմնանկարների այս երկու շերտերի մեկտեղ պահպանումը եւ իրարից զանազանումը, մեր կարծիքով, ավելի է արժեքավորում եկեղեցու ներքին տարածությունը: Երկրաչափական հորինվածք ունեցող նմանատիպ որմնանախշեր ենք հայտնաբերել այս տարի Լմբատավանքի հյուսիսային ու հարավային գմբեթարդները մաքրելու ժամանակ: Եկեղեցու ներքին պատերի ուշադիր քննությունից հետո եզրակացրել ենք, որ այն, ի սկզբանե, եղել է ամբողջովին սվաղված մանրահատիկ ավազի ու հանգած կրի շատ բարակՙ 4-6 մմ հաստություն ունեցող եւ շատ լավ հղկված ու սեղմված սվաղով (այնպես, ինչպես դա պարզվեց Լմբատավանքի գմբեթն ու թմբուկը մաքրելուց հետո): Սվաղի այս մասերը այժմ պահպանվել են միայն այն հատվածներում, ուր որմնանկարներն են եւ եկեղեցու հյուսիսային, հարավային խաչթեւերի պատերինՙ մինչեւ քիվատակը: Որմնանկարազարդ գմբեթարդի ու կիսագլանաձեւ պատին առկա էր ուղղահայաց լայն մի ճաք, որը դժբախտաբար անցել է Քրիստոսի դեմքով ու վնասել այն: Այս ճաքը ժամանակին լցվել է հաստ ու վատ որակի սվաղով: Ավագ խորանի պատին առկա էին բազմաթիվ հատվածներ, որոնք ժամանակին լցված են եղել նույն անորակ սվաղով: Այս հատվածում պահպանված որմնանկարները մաքրվել են մեծ զգուշությամբ, դեմիներալիզացված ջրի թրջոցներով, եւ որտեղ անհրաժեշտ էրՙ բազիկ հիմքով թույլ լուծույթով: Անորակ սվաղի հատվածը զգուշությամբ քանդվել հեռացվել է: Քրիստոսի դեմքի հատվածը ամբողջովին քանդվել էր ճաքի առաջացման ժամանակ, եւ անորակ սվաղի հեռացումից հետո պարզվեց, որ այն բոլորովին անհետացել էր: Ավագ խորանի կիսագլանաձեւ պատի որմնանկարների պատկերագրությունը վերագրվում է արեւմուտքի քրիստոնյա եկեղեցու սուրբ հայրերի թեմային: Կարմրավորի տարբերակը յուրահատուկ նշանակություն ունի քանզի գմբեթարդի տակ պատկերված են ոչ թե առաքյալները, ինչպես ասենք Արուճի պարագայում, այլ եկեղեցու հայրեր: Չնայած այն հանգամանքին, որ սրբապատկերների դեմքերն ու ձեռքերը ժամանակին քանդել են, հնարավոր եղավ վերականգնել իրենց իսկությունը մաքրելուց հետո ի հայտ եկած հագուստների ու նախշերի դեկորների շնորհիվ: Ուրեմն այսպեսՙ լուսամուտից աջ, աջից ձախ, Սուրբ Բարսեղ Կեսարացի, սեւ, սրածայր մորուքից ելնելով, վերջինիս կրտսեր եղբայրՙ Սուրբ Գրիգոր Նյուսացի (կամ Սուրբ Հովհաննես Ոսկեբերան) եւ Սուրբ Գրիգոր Նազիանացի, բոլորն էլ սրբապատկերներում առկա հագուստներին ու զարդերին համապատասխան: Փաստորեն, ավագ խորանի այս հատվածում պատկերված են ընդհանրական եկեղեցու նշանավոր հայրապետեր, Հայ Առաքելական եկեղեցու ու համաքրիստոնեական սրբերըՙ «Երեք մեծ կապադովկիացիները»: Ավագ խորանի լուսամուտից ձախ տեղադրված որմնանկարը հավանաբար պատկերագրում է Ս. Գրիգոր Լուսավորչինՙ գավազանը ձեռքին, նրա ձախ կողքին, հավանաբար Սուրբ Ստեփանոս Նախավկայի որմնանկարի մնացորդն է: Համաքրիստոնեական այս եռյակի պատկերագրությունները լայն տարածում ունեին մեզ հետաքրքրող ժամանակաշրջանում քրիստոնյա աշխարհի, ինչպես նաեւ բյուզանդական մշակույթի երկրներում: Ավագ խորանի կիսագլանաձեւ պատի սրբապատկերների դեմքերի ու ձեռքերի վրա գոյություն ունեցող վերջին եւ նախավերջին կոպիտ ու անշնորհք սվաղի առկայությունը դրդեց մեզ, որոշում կայացնել այն քանդել-հեռացնելու, հույս ունենալով տակը գտնել բնօրինակ որմնանկարի հետքեր: Այս ենթադրությունը ցավոք խափանվեց: Ամեն դեպքում, սրբապատկերների դեմքերի ու ձեռքերի տեղում ի հայտ եկած տուֆե գեղեցիկ շարվածքի ու մասամբ նաեւ ամենահին կարմիր ու կանաչ նախշաորմնանկարի մասունքների առկայությունը մեզ համոզեց այս հատվածը թողնել բնական ձեւով: Նույնատիպ շաղախով ամբողջացվեց ու վերանկարվեց սրբապատկերների գլուխների այն հատվածները, որոնք կնպաստեին ավելի ընթեռնելի դարձնել արդեն քիչ պահպանված նկարչական մասերը: Որմնանկարները իրականացնող նկարիչը (ամենայն հավանականությամբ հայազգի էր, քանզի զորավար սրբերի ու Քրիստոսի պատկերների մոտ, թողել է դրանց հայատառ, գեղեցիկ ձեռագրով արված անունները), աշխատել է երկու փուլով (ինչպես տեսնում ենք Թալինի տաճարում): Նախ իրականացրել է այսպես կոչված sinopia, նախապատրաստական գծանկար, օգտագործելով մուգ, ածուխի նման սեւ ներկ, ուր մինչեւ օրս պահպանվել են լույսուստվերի երանգները: Միեւնույն ժամանակ իրականացրել է պատկերների խազանկարՙ դեռեւս խոնավ սվաղի վրա, ֆիքսելով հագուստի ծալքերն ու եզրերը (որը շատ լավ երեւում է Մարիամ Աստվածածնի պատկերի վրա), այնուհետեւ նկարել է գունավոր պիգմենտներց ու օրգանական հիմքի սոսնձանյութիցՙ տեղում պատրաստված ներկերով: Ցավոք սրտի, որմնանկարների գունային երանգները բոլորովին անհետացել են, բացի Ս. Սարգսի ձիու սանձի վառ կարմիր գույնից ու Քրիստոսի գահի բարձի կանաչ ու կարմիր հատվածներից: Ամենայն հավանականությամբ սա արդյունք է խորհրդային շրջանում որմնանկարների վրա իրականացված ու հետագայում քանդված, հեռացված, կոպիտ սվաղի, որի հեռացումը իր հետ տարել էր նաեւ գունային թաղանթը: Որքանով հնարավոր է եղել փորձել ենք վերլուծել սրբապատկերների դեմքերի ու ձեռքերի հատվածների միտումնավոր քանդման ու կործանման հարցը, որը մեր կարծիքով իրականացվել է 7-8-րդ դարերում: Ունենք երկու տեսակետ, որոնք կարող էին գործել առանձին-առանձին կամ համատեղ: 726 թվականից սկսած Լեվոն Իսավրացի կայսրը արգելեց պատկերների պաշտամունքը մինչեւ 843 թվականը, երբ հաստատվեց ուղղափառության հաղթանակը Բյուզանդիայում: 716 թ Եզիդ Բ խալիֆը հրամայում է Հայաստանում ոչնչացնել բոլոր սրբապատկերները, հաճախ հենց տեղացիների մասնակցությամբ: Ավելի ուշ, 10-րդ դարում, բյուզանդացիները մեղադրում էին հայերին սրբապատկերները չընդունելու եւ սրբացնելու մեջ: Մերձավոր Արեւելքի քրիստոնյա եկեղեցիների ավագ խորաններում պատկերագրված սրբապատկերների դեմքերի ու ձեռքերի ավերումը ամենայն հավանականությամբ վերագրվում է հենց այս ժամանակահատվածին, որը ակնառու կերպով հակադրվում է Վրթանես Քերթողի 7-րդ դարում գրված ջատագովական քերթվածինՙ «Յաղագս Պատկերամարտից»: Երկը գրելու դրդապատճառը հանդիսացել է 604-607 թթ հայ-վրացական եկեղեցիների հակամարտությունը, որը ավարտվեց երկու եկեղեցիների վերջնական անջատմամբ: Հ. Հ. Քյոսեյանի կարծիքով, երկի ստեղծման շարժառիթը Հայ եկեղեցու որդեգրած սկզբունքներին ընդդիմադիր պավլիկյան հակաեկեղեցական շարժման դիմակայումն էր: Մաքրումից ու պահպանողական վերականգնումից հետո ի հայտ եկած սրբապատկերների վրա պարզորոշ նկատվեց մոլեգնության մեջ հայտնված հավատացյալներիՙ սրբապատկերների ստորին հատվածներում մուգ-նարնջագույն գույնով ներծծված ձեռքերի հարվածների հետքեր: Այժմ, այս հատվածում, պարզ երեւում են փոքր ձեռքերի (հավանաբար կանացի) կարմիր ներկի մատնահետքերը եւ դրանքՙ դեպի ներքեւ քաշելու հետեւանքով առաջացած հետքը որմնանկարի վրա: Այս միջամտությունը նույնպես որմնանկարի պատմության կարեւոր փաստարկ է, որի պահպանումը համարել ենք կարեւոր ու նպատակային այն հատվածներում, ուր նկարչական պատկերագրությունը վատ էր պահպանվել: Այս մոտեցումն է կիրառվել նաեւ երկու սուրբ զորավարների որմնանկարների վրա: Հավանաբար անցյալ դարի երկրորդ կեսերին, ավագ խորանի սրբապատկերների դեմքերի ու ձեռքերի ավերումը քողարկելու նպատակով, ամբողջ խորանը սվաղվել է կոպիտ ու հաստ սվաղով: Դժվար է այսօր վստահ ասել, թե ե՞րբ է այդ արվել եւ թե ե՞րբ է քանդվել այս սվաղըՙ թողնելով միայն դեմքերի ու ձեռքերի հատվածները, որոնք փաստագրել ենք լուսանկարներով: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այն անձը, որը քանդել-հեռացրել է ավագ խորանի ամբողջ մակերեսի սվաղըՙ թողնելով միայն դեմքերի ու ձեռքերի հատվածները, կռահել է կամ քաջատեղյակ է եղել վաղ միջնադարում պատկերամարտության անջրպետի խնդիրներին: Հավանաբար այս շրջանին է վերագրվում նաեւ որմնանկարի սվաղի ու առանց նկարչական հին սվաղի եզրերի ամրացման միջամտությունը, որը նույնն է, ինչ պահպանվել է Լմբատավանքի Ս. Ստեփանոս նախավկայի եկեղեցու ներսում: Գլխավոր խորանում առկա կոշտ ու կոպիտ սվաղի բոլոր հարվածները հեռացվել են ու դրանք ամբողջացվել են նոր, համապատասխան որակի սվաղով ու բնական հողերի շղարշներով այնպես, որ ավագ խորանը այսօր ներկայանում է ամբողջական իր հորինվածքով, ուր լավ երեւում են դարերի խորքից լույս աշխարհ եկած ու թարմ տեսքի բերված որմնանկարերի մեզ հասած հատվածները: Նկար 1, 2. Կարմրավոր. ավագ խորանի որմնանկարը վերականգնումից առաջ եւ հետո |