ԳԵՂԵՑԻԿ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԵՐԵԿՈ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ 20-ԱՄՅԱԿԻՆ ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի Ընթացիկ տարին հոբելյանական է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի համար. լրանում է նրա հիմնադրման 20 տարին: 1997 թվականին, մաեստրո Լորիս Ճգնավորյանի հայտնի ուխտագնացության շնորհիվ ստեղծված այս հաստատությունը անցած երկու տասնամյակների ընթացքում դարձել է Հայաստանի հյուսիսի կարեւոր կրթամշակութային կենտրոն, որտեղ բարձրագույն երաժշտական կրթություն են ստանում ինչպես Գյումրու եւ Շիրակի, այնպես էլ հանրապետության տարբեր բնակավայրերից, Արցախից, Ջավախքից այստեղ դիմած երիտասարդները: Բուհի հոբելյանից բացի լրանում են նաեւ այստեղ ծնունդ առածՙ երիտասարդ երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» ամենամյա միջազգային մրցույթ-փառատոնի եւ «Մշակույթների երկխոսություն» խորագրով գիտաժողովների, «Արվեստ եւ ժամանակ. հայացք Գյումրուց» ամսագրի 10-ամյակները: Հոբելյանական տարվա միջոցառումների շարքում նախատեսված են համերգներ, դասական երաժշտության երեկոներ` ինչպես Գյումրիում ու հանրապետության մարզերում, այնպես էլ ՌԴ-ում, Ավստրիայում, Սլովենիայում, Իտալիայում եւ այլուր: Գյումրու երաժշտանոցի դասախոսներից ու լավագույն ուսանողներից բացի դրանց կմասնակցեն գործընկեր նշանավոր երաժիշտներ տարբեր երկրներից: Նման միջոցառումներից առաջինը Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում կայացած գեղեցիկ համերգն էր, որտեղ Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար եւ դիրիժորՙ Երվանդ Վարոսյան) որպես մենակատարներ հանդես եկան «Վերածնունդ» փառատոնի ու կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի բարեկամ-գործընկերներ, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիրներ` կլարնետահար Իգոր Ֆյոդորովը եւ դաշնակահար Եվգենի Բրախմանը (երկուսն էլՙ ՌԴ): Հնչեցին Գերշվինի, Ցվասմանի, Առնոլդի, Գարների եւ այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Իգոր Ֆյոդորովը հաճույքով կատարեց Միքայել Թարիվերդիեւի «Մենավոր սաքսոֆոն» ստեղծագործությունը, որի հեղինակի հետ, ինչպես ինքը նշեց, ծանոթ լինելու բախտ է ունեցել: Լավ ընտրված ծրագրով հնչող մերթ հոգի պարարող, մերթ աշխույժ, ջերմ տրամադրությամբ լիցքավորող երաժշտական կատարումները գեղագիտական մեծ բավականություն պատճառեցին դահլիճը լցրած գյումրեցի հանդիսատեսինՙ արժանանալով բուռն, հաճախ չդադարող ծափերի: |