ԻՐ ԱՊՐԱԾԻ ԵՌԱՊԱՏԻԿ ՏԱՐԻՔՈՎ ՉԱՐԵՆՑ Նաիր ՅԱՆ Եղիշե Չարենցի ծննդյան հոբելյանական տարիները նաեւ նրա մահվան տարելիցի թվականներն են: 2017-ը չարենցյան տարի է. մարտի 13- ին լրացավ պոետի ծննդյան 120 ամյակը, իսկ նոյեմբերի 27-ին կլրանա նրա մահվան 80-րդ տարելիցը: Հռոմի պապը եկավ մեծարեց մեր մեծերինՙ Նարեկացուն, Շնորհալուն, Չարենցին: Մի ուրիշ երկիր անմիջապես այս հեղինակների գործերը կթարգմաներ բազմաթիվ լեզուներով, կհրատարակեր ու կտարածերՙ գրքերի տիտղոսաթերթի վրա մեջբերելով Հռոմի պապի մեծարման խոսքերնՙ ուղղված մեր հանճարներին: Մի ուրիշ ազգ անմիջապես կօգտվեր ընձեռված բացառիկ հնարավորությունից ու իր պատմությունը, մշակույթը կայծակնային արագությամբ կներկայացներ աշխարհին: 120-ը Չարենցի ապրած կյանքի եռապատիկն է: Եթե մի ուրիշ ազգ Չարենց ունենար, վաղուց լույս ընծայած կլիներ իր մեծ բանաստեղծի գրչի խզբզանքն անգամ: Ռուսները Լեւ Տոլստոյի գործերը հրատարակել են 95 հատորով: Անգամ անձեռոցիկի վրա արված նշումը տպել են: Առանձին 16, 22, 40 հատորներով էլ է տպագրվել Տոլստոյը: Մենք մինչեւ հիմա չունենք Չարենցի լիակատար ժողովածուն, ավելինՙ իմանալով որ ոմանց ձեռքին են գտնվում նրա անտիպները, մեզ նեղություն չենք տալիս վերծանել ու գոնե մեկ դար հետոՙ ժողովրդավար ու լիբերալ մեր ժամանակներում, հրատարակել դրանք: Մոտ ժամանակներս լույս կտեսնի անտիպների մի հատվածը. խոսքը վերաբերում է աղմկահարույց եւ կրքահարույց «Գիրք մնացորդաց» խորագրով չարենցյան անտիպ ժառանգությանը, որը պետպատվերով տպագրվել էր հինգ տարի առաջ, բայց որը կալանավորվեց ու արգելվեց: Պատճառն այն էր, որ ոմանց կարծիքովՙ այդ ստեղծագործություններն իբր հարիր չեն Չարենցյան նկարագրին ու պոետական կեցվածքին: Չարենցյան անտիպները հավաքել, վերծանել ու հրատարակության էր պատրաստել գրականագետ Դավիթ Գասպարյանը: Հենց նա էլ պատրաստվում է վերահրատարակել գիրքը: Չարենցի ձեռագրերը ոչ հստակ պատճառներով ու անհայտ դիպվածով մոտ 80 տարի առաջ հայտնվել են բանաստեղծ Գեւորգ Էմինի ձեռքին: Կենդանության օրոք նա երբեւէ չի հիշատակել, առավել եւս չի բարձրաձայնել դրանք հրատարակելու մասին, թեեւ պարզ տրամաբանությամբ առաջնորդվելով, եթե նա ձեռնամուխ լիներ Չարենցի ձեռագրերի վերծանմանն ու լույս ընծայմանը, հաստատ իր հեղինակությունը առավել կբարձրացներ: Էմինի մահից հետո ձեռագրերն անցել են նրա որդուն, որն էլ արխիվի մի մասը 2008 թվականին վաճառել է պետությանը: Վաճառված էջերն էլ հենց Չարենցի ծննդյան 115 ամյակի կապակցությամբ հրատարակվեցին «Գիրք մնացորդաց» ժողովածուում, որն էլ արգելվեց: Իսկ թե ինչ կլինի չարենցյան մյուս անտիպ էջերի հետ, որոնք դեռ գտնվում են Էմինի ընտանիքի ձեռքին, հայտնի չէ: Մեր մտավորականների ու արվեստագետների միջին եւ ավագ սերունդը կապված է Չարենցի հետ. դերասաններն ու ռեժիսորները չարենցյան պոեզիան, նրա կյանքի ողբերգական ու հերոսական դրվագները ժամանակ առ ժամանակ բեմ են հանել, նկարիչները, երաժիշտները, գրողները Չարենցով ոգեշնչվել ու ստեղծագործել են: Մեր տատիկ-պապիկները, հայր ու մայրերը կարող են չարենցյան էջերն անգիր արտասանել, իսկ իմ սերնդի երեխաները դեռ մի կարգին խոսել չիմանալովՙ «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունն արտասանում էին վառվող աչքերով ու թրթռացող սրտիկներով: Հայրենասիրության, չարենցասիրության դրսեւորման մի ձեւ էլ դա էր: Կորավ-գնաց: Թեեւ, եթե շիտակ խոսենք, եսՙ երեք տարեկան աղջնակս, դժվար թե հասկանայի, օրինակՙ «Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում» բանաստեղծական տողի իմաստը: Բայց արտասանում էի, հուզվում, հուզում, ծափեր ու թաց համբույրներ ստանում այտերիս ու վազում տիկնիկներիս մոտՙ խաղս շարունակելու: Չարենցն էր. աղոթքի, պատգամի, «Ավետարանի» պես էին մեծ ու փոքր արտասանումՙ անմեկնելի ակնածանքով ու հպարտությամբ: Մայրս հաճախ էր ձեռքս բռնում ու ինձ տանում ասմունքի երեկոների: Ժամանակին հայտնի ու սիրված դերասանները, որոնց դեմքերն ու անուններն անգիր գիտեի, բեմից Տերյան, Սեւակ, Չարենց, Սահյան, Թումանյան էին արտասանում: Դահլիճը նրանց հետ հավասար արտասանում էր ու երեկոյի վերջում նրանց ծաղկեփնջերով ու ծափերով օծում: ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանը փոքր դահլիճներում պարբերաբար չարենցյան մենախոսություններ է արտասանում: Փոքր դահլիճներում. որովհետեւ մեծ դահլիճներ լցնել չի կարող: Եղած հանդիսատեսն էլ հրավիրատոմսերով է գալիս, ոչ դրամարկղում գնված տոմսերով: Այսօր ոչ Չարենցը, ոչ Թումանյանը, ոչ էլ Սեւակը դահլիճներ լցնել չեն կարող: Գրականագետներից շատերն ասում ենՙ Չարենցին լիովին հասկանալը դժվար է: Դժվար չէ, պարզապես բազմաշերտ է ու տարողունակ, ստեղծագործական ամբողջ ժառանգությունն ուսումնասիրելու, վերլուծելու, բացել-բացահայտելու համար մի կյանքն էլ բավական չէ: Չարենցը գրական շարժում ստեղծեց, կանգնեց Հայաստանի առաջին հանրապետության ղեկավարների, հետո նոր ստեղծվող սովետական հասարակարգի, սոված ու եղեռնազարկ ժողովրդի առաջ. Թումանյանը մահացել էր, Տերյանը չկար, մյուսներն արտասահմանում էին: Ինքն էլ երիտասարդ տղա, ու աղքատ, անշուք, կավաշեն Երեւանը դարձրեց գրական մայրաքաղաք: Խորհրդապաշտ, իրապաշտ, ապագայապաշտ, բնապաշտ Չարենց մտավորականն ու բանաստեղծը վիթխարի, ճակատագրական դեր ունեցավ: Նա ամբողջ գրական ժամանակաշրջանի համայնապատկերն էր, որ ներառում էր իր ուղեծրում Բակունցին, Մահարուն, Մկրտիչ Արմենին, գրական խմբակցությունները, իր ժամանակի ամբողջ քաղաքական կյանքըՙ Աղասի Խանջյան, Մյասնիկյան: Բերիան ու Ստալինն էլ են ներառված նրա կենսագրության ու ստեղծագործության մեջ: Չարենցը երաժշտության, նկարչության, համաշխարհային մշակույթի, արվեստների մեծ գիտակ էր: Հրատարակել է գրքերՙ Մարտիրոս Սարյանի ու Հակոբ Կոջոյանի ձեւավորումներով: Հակոբ Կոջոյանի ձեւավորումով «Գիրք ճանապարհինը» 1933-ին տպագրվել է 5000 օրինակով, երբ այդ տարիներին Հայաստանում նույնիսկ երկու միլիոն բնակչություն չկար: Գիրքը թանգարանային նմուշի արժեք ուներ. ճիշտ է, կալանավորվեց, բայց «Աքիլլես թե Պերո» գործը հանելուց հետո, վերահրատարակվեց: Իսկ այդ ստեղծագործության մեջ Չարենցը ներկայացնում էր Ստալինի ու Տրոցկու քաղաքական պայքարը: Ի դեպ, «Աքիլլես թե Պերոն» ամբողջությամբ թարգմանվել է ռուսերեն ու դրվել Ստալինի սեղանին: «Ժողովուրդների առաջնորդը» կարդացել է այն եւ գլավլիտի միջոցով պատասախնել. «Որպես գեղարվեստական երկՙ վատ չէ մտածված, բայց թող Չարենցն առայժմ ձեռնպահ մնա այն տպագրելուց»: Քաղաքական լարված իրավիճակում Ստալինի կողմից ընդամենը այսպիսի նկատողություն ստանալն ուղղակի փրկություն էրՙ հավասար արյունարբու ղեկավարի «դաբրոյին»:«Աքիլլես թե Պերոն» հանվեց, ու «Գիրք ճանապարհինը» տպվեց: 1935 թվականի դեկտեմբերի 30-ին, Հայաստանի խորհրդայնացման 15 ամյակի կապակցությամբ Ստալինն աշխատավորների պատվիրակությանն ընդունել է Կրեմլում: Եվ անսպասելի հարցրել է. «Ինչպե՞ս է իրեն զգում բանաստեղծ Չարենցը»: Ստեփան Զորյանը, որի հարաբերությունները Չարենցի հետ այնքան էլ լավ չէին, պատասխանում էՙ լավ: Ստալինն ասում է. «Կարծեմ նրան նեղացնում են»: Զորյանը պատասխանում է. «Առաջՙ այո, հիմա նրա վիճակը լավ է»: Այս դիպվածից հետո Չարենցի վիճակը միառժամանակ քիչ թե շատ կարգավորվում է, նրան նշանակում են Պուշկինի 100-ամյակի հանձնաժողովի նախագահ: Բայց հարաբերական անդորրը կարճ է տեւում. Խանջյանին սպանել էին, ձախողվել էր արտասահմանում բուժվելու նրա ծրագիրը: Բանաստեղծն անհայտության առջեւ էր կանգնած, ավելինՙ Խանջյանի փոխարեն արյունարբու Ամատունուն էին բերել, որի հետ Չարենցը մեծ բախում ունեցավ: Սա այն նույն Ամատունին է, որ Մոսկվային գրում էր. «Մարդամթերման պլանները Հայաստանում քիչ են, շատացրեք, շատ ձերբակալենք, գնդակահարենք»: Նրա օրոք մարդամթերման պլանը գերակատարվեց: Չարենցին եւս սպանդանոց տարան: |