«+ԿԻՆՈՅԻ» 2017-Ի ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐԸ ՄԱՐԻԱՄ ՄԱՐԿՈՍՅԱՆ Ամսագրի նոր համարը ձեռք բերելու համար խմբագրություն այցելած ազատամարտիկ-ռեժիսոր Խաչատուր Մարգարյանը ուշագրավ մի միտք ասաց. «Տարիներ շարունակ հրատարակվող «+Կինոն» ինձ հիշեցնում է «Գարուն» ամսագրի առաջին շրջանը, շնորհակալ եմ պարբերականի լինելիության համար»: Հաճելի բնութագրական խմբագրության գործունեության համար: Ամսագիրը բացվում է գլխավոր խմբագիր Ռոբերտ Մաթոսյանի «Ֆրունզե Դովլաթյան, 90 ակնթարթներ» նյութով, որտեղ Ֆրունզե Դովլաթյանի 90-ամյակի առիթով խոսվում է կինոբեմադրիչի հետ իր հանդիպումների մասին: Հատկապես ուշագրավ է, երբ 1980 թվականին ֆրանսահայ կինոբեմադրիչ Անրի Վերնոյի` Հայաստան այցելության կապակցությամբ նրանք Խորեն Աբրահամյանի հետ միասին հանդիպում են Ամենայն հայոց հայրապետ Վազգեն Առաջինի հետ: «Կինոընտանիքները ստեղծագործական հետաքրքիր արդյունք են տալիս» հոդվածում անդրադարձ է կատարվում հայկական հեռուստակինոյի վաստակաշատ արվեստագետ ամուսիններ Մարատ Վարժապետյանի, Մոնիկա Տեր-Պողոսյանի, ինչպես նաեւ նրանց դուստր Թերեզա Վարժապետյանին: «Լույս է տեսել» խորագրի ներքո տպագրված ինֆորմացիան նվիրված է «Հենրիկ Մալյան» գիրք-ալբոմի շնորհանդեսին, որտեղ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը ներկայացնելով հեղինակներ Նարինե Մալյանին եւ Ռոբերտ Մաթոսյանին` նշել է, որ գիրք-ալբոմը ծանրակշիռ ներդրում է Մալյան կինոբեմադրիչի կյանքի եւ ստեղծագործական գործունեության արժեւորման գործում: «Սպասելիքներն ու անակնկալները դեռ առջեւում են» հարցազրույցում ներկայացվում է «Կյանք ու կռիվ» ֆիլմի ռեժիսոր Մհեր Մկրտչյանը: «Սերգեյ Մերգելյանը բացառիկ երեւույթ է գիտության պատմության մեջ» հոդվածի հեղինակ, Մերգելյանի սան, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նորայր Ենգիբարյանը հուշեր եւ հիշողություններ է պատմում համաշխարհային համբավ ունեցող գիտնականի մասին: «Հները գնում են, նորերն են գալիս» հարցազրույցում ՀՀ վաստակավոր դերասան Ժան Նշանյանը ներկայացնում է հանգամանքերի բերումով Հայաստանից ԱՄՆ գաղթած շնորհաշատ դերասան Հարություն Ֆոդուլյանին: «Թանգարանները ուշադրության կենտրոնում» խորագրի ներքո Մարտիրոս Սարյանի թոռնուհին` վարպետի թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը , հանգամանալից ներկայացնում է անցյալ տարի վերանորոգումից հետո իր դռները բացած կեսդարյա պատմություն ունեցող թանգարանի ցուցանմուշները: «Եթե գնդի կին հրամանատարներ շատ ուենայինք, բանակում անհարկի դեպքեր չէին լինի» հոդվածում ներկայացվում են արցախյան պատերազմի մասնակիցներ Աիդա Սերոբյանին եւ Զինաիդա Գրիգորյանին : «+Կինո»-ի այս նոր խորագիրը լինելու է շարունակական: «Լույսի առեղծվածը» հոդվածում Սամվել Սեւադան զուգահեռներ է անցկացնում գեղանկարչության եւ լուսանկարչության միջեւ: ««Ֆիլմ» թերթի էջերից» խորագրի ներքո Արթուր Բախտամյանի հոդվածը այս անգամ նվիրված է անսովոր ճակատագրի տեր կինոօպերատոր Կոստաս Էքմեքչյանին: Պատմական գիտությունների թեկնածու Քնարիկ Ավագյանն իր հոդվածում անդրադառնում է Սփյուռքի սերնդափոխության հեռանկարներին: «Երաժշտությունը պետք է օգնի ֆիլմին եւ ոչ թե խանգարի» հարցազրույցում ջազմեն, երաժիշտ, դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանը հանգամանալից անդրադարձ է կատարում արդի երաժշտությանը: «Կինոաշխարհի հայազգի գործիչները Ֆիլատելիայում» լուսանկարչական բաժնում ֆիլատելիստների միության փոխնախագահ Ժան Գյուլբենկյանը իր հավաքածուից բազմաթիվ դրոշմանիշներ է ներկայացնում ամսագրի էջերում: Բանաստեղծ Լեւոն Բլբուլյանը եւ լրագրող Տիգրան Բադալյանն իրենց երկխոսությունում նշում են, որ բանաստեղծությունը միշտ էլ մնում է երգահանի մեղեդու ստվերում: «Թատրոնը հեղափոխական արվեստ է» հարցազրույցում այսպիսի եզրահանգում է անում տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը : «Հայ արվեստի ազնվականները` Արութչյաններ» երկխոսությունը նկարիչ Ռուբեն Արութչյանի հետ է, որտեղ բացվում են նաեւ Միքայել եւ Սերգեյ Արութչյանների վաստակը, նրանց տեղն ու դերը հայկական մշակութային կյանքում: «Պատմել է Վաղարշակ Էլիբեկյանը» հոդվածը նվիրված է Թբիլիսիի Ստեփան Շահումյանի անվան հայկական դրամատիկական թատրոնին: «Անցյալի արձագանքները, Գյումրի» հոդվածով Խաչատուր Դադայանը անդրադարձ է կատարում 1868 թվականի աշնանը հայ ուղեգիր Կիրակոս Ղազարյանի Գյումրի այցելությանը: ՀՀ վաստակավոր արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Հրաչյա Հարությունյանի ռեժիսորական ու դերասանական գործունեությանն է անդրադարձել թատերագետ Սոնա Մելոյանը : «Հայաստանի ազգային պատկերասրահի գանձերը» խորագրի ներքո ներկայացված են Վ.Կանդինսկու, Վ. Սերովի, Ի. Ռեպինի, Մ. Վրուբելի եւ այլոց գործերը: Վերջում ավելացնեմ, որ ամսագիրը ներկայացված է նյութերի եւ իլյուստրացիայի համադրության ինքնատիպ ձեւավորումով: |