«ԿԱՅՍՐԸ, ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆԵՐԸ ԵՎ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ» Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ Բացի եթովպահայության մասին դոկտ. Բորիս Աճեմյանի բանախոսությունից «ՆԱԱՍՐ» կենտրոնում, որ ներկայացրել ենքՙ առանձին լրատվությամբ, «Հայ Մշակույթի բարեկամների ընկերությունը» (ՀՄԲԸ) փետրվարի 19-ին Ուոթերթաունի «Արվեստների Դորոթի եւ Չարլզ Մոսեսյան թատրոնում» կազմակերպել է հուշ-երեկո նվիրված եթովպական երաժշտության կուռք հռչակված Ներսես Նալբանդյանին: «Կայսրը, Նալբանդյանները եւ Եթովպիայում արեւմտյան երաժշտության արշալույսը» խորագրի ներքո երեկոյի ընթացքում հանդես է եկել «Էյթեր/նվագախումբը» Ռաս Գերշոնի ղեկավարությամբ: Նվագախմբին միացել են վոկալիստներ Բրուկ Թեսֆայեն (Դեբո խմբից), Ռոնալդ Մըրֆին, Սերենա Չորբաջյանը եւ Մանոլո Մայրենան, որոնք երգեր են կատարել համապատասխանաբար չորսՙ ամհարերեն (Եթովպիայի պետական լեզուն), անգլերեն, հայերեն եւ իսպաներեն լեզուներով: Ծրագիրն ընդգրկել է Նալբանդյանի երաժշտական ստեղծագործությունները, որ նա հորինել է «Հայլե Սելասիե ազգային թատրոնում» որպես երաժշտական մասի տնօրեն պաշտոնավարելու (1956-74) տարիներին, ինչպես նաեւ նրա նախասիրած հայ եւ օտար երաժիշտների գործերը: Երեկոյի ընթացքում նաեւ կայացել է Էյթեր նվագախմբի «Էթիոպիկ 32: Եթովպիայի Նալբանդյանը» խտասալիկի շնորհանդեսը: Ներսես Նալբանդյանը ծնվել է 1915-ին Այնթաբում: Եղեռնից մազապուրծ ընտանիքը հաստատվել է Հալեպում, որտեղ Ներսեսն աշխատել է որպես երաժշտության դասատու եւ երգչախմբի ղեկավար Հայ առաքելական եկեղեցում մինչեւ 1938, երբ հորեղբոր հրավերով փոխադրվել է Եթովպիա: Այնտեղ 1956-ին նա դարձել է արքայական «Հայլե Սելասիե թատրոնի» երաժշտական ղեկավարը: Արժանացել է Եթովպիայի պատվավոր քաղաքացի տիտղոսին, որ քչերին է շնորհվում: Սերենա Չորբաջյանը ամերիկահայ սոպրանո է, որն այժմ սովորում է Հարվարդում եւ միաժամանակ երգում համալսարանի երաժշտական քոլեջում: Իսկ Հայ մշակույթի բարեկամների ընկերությունը հիմնվել է 1949-ին, հայկական մշակույթի տարբեր ոլորտները ներկայացնելու համար Մ. Նահանգներում: |