RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 17-03-2017



ԵՐԱԺՇՏԱԳԻՏԱԿԱՆ

Տեղադրվել է` 2017-03-16 23:36:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 2235, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԻԳՐԱՆ ՉՈՒԽԱՋՅԱՆԻ ԿՈՐԱԾ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ ՓԱՐԻԶՈՒՄ

Ժիրայր ՓԱՓԱԶՅԱՆ, Փարիզ

Սկիզբը` նախորդ համարում

Ներկայացումներ Չուխաջյանի, Բենկլյանի եւ Մելիքյանի մահերից հետո` հաջորդաբար` 1898 եւ 1890 թթ.

1898 թվականին, Չուխաջյանի մահից մի քանի օր հետո, Բուլղարիայում մի սկսնակ դերասանապետ` Արշակ Բենլյանը (ով փրկվել էր Օսմանյան կայսրությունում 1894-96 թթ. համիդյան կոտորածներից) սկսեց ներկայացնել մի շարք օպերետներ, այդ թվում համաժողովրդական Լեբլեբիջի Հորհոր աղա -ի պարզեցված տարբերակները: Նա 1909-10 թթ. վերադառնում է իր հայրենի քաղաքը` Կոստանդնուպոլիս, եւ, ոգեւորված սուլթանի անկումից եւ երիտթուրքերի կողմից ստեղծված նոր ռեժիմի շարժումից, շարունակում իր գործունեությունը Պոլսում: Իր ստեղծած օպերետի նոր խմբի հետ նա շարունակեց իր շատ հաջող կարիերան որպես ռեժիսոր եւ որպես գլխավոր դերակատար` մինչեւ իր վաղաժամ մահը` 1923 թվականը (47 տարեկան հասակում):

Առեղծված է մնում, թե ինչ նվագամասեր են օգտագործվել բոլոր այդ եւ հետագա բեմադրություններում բազմաթիվ ուրիշ խմբերի կողմից:

Կարո՞ղ էր Արշակ Բենլյանի օգտագործած նվագամասը, համենայն դեպս Կոնստանդնուպոլսի 1910 - 1923 թթ. արված իր բեմադրություններում, հենց Ժիրայր Արսլանյանցի Ուկնադյանից գնած նվագամասը լինել: Ի վերջո, Ուկնադյանը այդ ժամանակահատվածում Արշակ Բենլյանի խմբի դիրիժորն էր: Եվ եթե օրիգինալ նվագամասերը Եգիպտոսում կորած էին արդեն, ապա դա նշանակում է, որ Բենլյան- Ուկնադյանի կողմից օգտագործված նվագամասերն իրենց նախորդի` Սերովբե Բենկլյանի ապօրինաբար պատճենահանված օրինակներն էին թերեւս, եւ ոչ թե օրիգինալ 1875 թվականի օպուսը, ինչպես Արսլանյանցը սիրում էր պնդել:

Առեղծվածը չի լուծվի, մինչեւ մի օր երեւան չգան (զույգ իմաստներով) Արսլանյանցի նվագամասները:

Եզրակացություն

Փաստը մնում է փաստ, որ սկզբնական աղբյուրի, այսինքն կոմպոզիտորի սեփական ձեռագրով գրված 1875 թվականի օպուսի բացակայության պարագայում 1890- ականներից հետո ներկայացված բոլոր Լեբլեբիջի -ները (դրանք հիմնված լինեն գոյություն ունեցող, թե հետագայում կորած նվագամասերի վրա, բոլոր մշակումները կամ գործիքավորումները, հայտնի կամ անհայտ ձեռագրով կատարված կրկնօրինակությունները), չեն կարող գիտականորեն հաստատել, որ դրանք ներկայացնում են Տիգրան Չուխաջյանի կողմից ստեղծված եւ չձեւափոխված երաժշտությունը եւ այլ երաժիշտների կողմից «սրբագրված» տարբերակներ չեն :

Իսկական նվագամասերը գտնելու մի վերջին հույս

Երբ մենք առաջին անգամ սկսեցինք նախաձեռնել Լեբլեբիջիի ներկայացումը Փարիզում` իր հայերեն անվանմամբ` «Կարինե», մենք ընդամենը մեր ձեռքում ունեինք Չուխաջյանի` վերը նշված ուսանողների` Սինանյանի եւ Քեսեջյանի կողմից կատարված դաշնամուրային նվագամասերի կրկնօրինակները:

Արդեն նշված պատճառով ոչ մի հնարավորություն չկար դրանք համեմատելու «օրիգինալի» հետ եւ որոշելու, թե ո՞ր նվագամասն է Չուխաջյանի մտահղացմանը ամենամոտը: Բայց ...

1926 թվականին Վենետիկում հրատարակված «Թէոդիկի Ամէնուն տարեցոյց»-ի Տիգրան Չուխաջյանին նվիրված մի հոդվածում փարիզաբնակ երաժիշտ Նուբար Ալիքսանյանը գրում է հետեւյալը. «Իրողութիւն է նաեւ, որ տարիներէ ի վեր Պոլիս եւ այլուր ներկայացուած կարծեցեալ Լեբլեբիջիները քօբի են լոկ, քանի որ անոր հարազատ բնագիրը կգտնվի Փարիզ` Ժուպէռ հրատարակչին մոտ, որուն ծախուած է»: Ալիքսանյանի հայտարարությունը հաստատում է, որ 1890-ականներից հետո ներկայացված Լեբլեբիջի -ների մեծ մասը եղել են, այսպես ասած` «կասկածելի»:

Հետապնդումն սկսվեց...

Պարզեցինք, որ Ժուբեռ հրատարակչատունը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր այլեւս գոյություն չունի: Ժուպեռի արխիվները ժառանգել է Warner / Chapelle կոչվող մի հայտնի հրատարակչատուն: Բայց նրանց ցանկերի մեջ Չուխաջյանի անվան տակ ոչինչ չգտնվեց` ո ՛չ «Լեբլեբիջի» վերնագրով, ո ՛չ մեզ հայտնի որեւէ այլ վերնագրով: Սակայն, 1904 թ. Արշակ Չոբանյանի Անահիտ ամսագրում հրատարակված հակիրճ մի գրություն մեզ ճիշտ ուղու վրա դրեց: Այն հայտարարում էր, թե Չուխաջյանի Fleur d՛Orient ( Արեւելյան Ծաղիկ ) վերնագրով մի օպերետ (մենք կասկածում ենք, թե դա Լեբլեբիջիի Ֆրանսիական վերնագիրը կարող է լինել), առաջիկա խաղաշրջանում ներկայացվելու է Փարիզի թատրոններից մեկում: Ըստ երեւույթին, այդ ներկայացումը երբեք տեղի չի ունեցել, բայց ծանուցումը նշում է երկու անուն` որպես ֆրանսերեն լիբրետոյի հեղինակներ. Պիեր Անմեղյան, որ մեզ արդեն ծանոթ էր որպես 1887-ին Կոստանդնուպոլսում Լեբլեբիջիի Ֆրանսերեն թարգմանիչ, եւ մի նոր, ոչ հայկական անուն` Դանիել Ժուրդա:

Վերադառնալով արխիվներին` մենք վերջապես ճիշտ հարց տվեցինք. «Ի՞նչ ունեք դուք Դանիել Ժուրդա անվան ներքո»:

Ֆրանսիացի հեղինակը որպես բացահայտման բանալի

Դանիել Ժուրդայի անվան ներքո մի գործ կար, որը կոչվում էր La Loi du Cheri («Շերիայի օրենքը»): Ավելի քան 110 տարվա հնության մի արկղ բերվեց, բացվեց մեր առջեւ ու... այնտեղ գտնվում էր «Լեբլեբիջի Հորհոր աղայի» նվագամասի ամբողջական նյութը:

Սա 2010 թվականն էր: Ի վեջո «Ժուբեռի» ամբողջական ձեռագրերը մենք կարողացանք ձեռք բերել միայն 2015 -ին, երկար ու ցավոտ բանակցություններից հետո եւ հոդվածագրիս կողմից զգալի անձնական ֆինանսական զոհողությունների հաշվին:

Արկղի պարունակությունը

«Ժուբեռի» արկղը չի պարունակում դիրիժորի նվագամաս (պարտիտուրա), բայց այնտեղ կա նվագախմբի ամբողջական նյութը` յուրաքանչյուր գործիքի համար առանձին տետրերով: Հարկ է պարզապես համակարգչում հավաքվել այն եւ ստեղծել լիակատար պարտիտուրա: Աշխատանքը բծախնդրություն պահանջող է եւ ծանր, բայց հնարավոր նպատակասլաց երաժիշտի համար:

Այնտեղ կան յուրաքանչյուր արարի երեք առաջանվագները (պրելյուդները) եւ 19 երաժշտական համարներ: Պակասում է միայն երկու համար` մեցցո սոպրանոյի մեներգը, որը գտնվում է միայն Քեսեջյանի մոտ եւ մի տեսարան, որը գտնվում է միայն Սինանյանի տարբերակում: Արկղը պարունակում է նաեւ երեք ձեռագիր դաշնամուրի նվագամասեր եւ Դանիել Ժուրդայի ֆրանսերեն երկու լիբրետոներ` Lռblռbidji ou la Loi du Cheri վերնագրով: Ընդհանուր առմամբ իր հարմոնիաներով ու երաժշտական որոշ համարներով այն ավելի մոտ է Քեսեջյանի «արեւելյան» նվագամասին: «Նորույթը» բոլորովին նոր երաժշտությունն է` ավելացված հատկապես «Մեծ վալսի» երկրորդ արարի մեջ: Տարբեր է նաեւ տենորի արիան:

Ինչո՞ւ էր «Լեբլեբիջին» մնացել Փարիզում եւ ինչպե՞ս էր անցել «Ժուբեռի» ձեռքը

Չուխաջյանը Փարիզ էր հասել 1891 թվականին` զուր հուսալով իր վերջին օպերան` «Զեմիռե»-ն, ներկայացնել այնտեղ, որի ֆրանսերեն թարգմանությունը եւս կատարել էր Պիեր Անմեղյանը: Նախքան Կոստանդնուպոլսից հեռանալը նա վերամշակել եւ հարստացրել էր «Զեմիռե»-ի երաժշտությունը, «որպէսզի աւելի կատարելագործեալ վիճակի մը մէջ կարենա հանել` Ֆրանսացի ժողովուրդի մը առջեւ»,- գրում է Սինանյանը իր հուշերում: Վստահորեն նույն նպատակով նա այդ առթիվ լրամշակած կլիներ նաեւ «Լեբլեբիջին»: Ի դեպ, նրա գործիքային մեկնաբանությունը լրիվ համապատասխանում է այն ժամանակ Ֆրանսիայում գոյություն ունեցող նվագախմբերի անձնակազմին: Մոտ 40 տարի անց Փարիզում Չուխաջյանի այրու մահից հետո նրա արխիվը Ֆրանսիայից ուղարկվել է Հայաստան: Այն ներառում էր Չուխաջյանի առաջին օպերան` «Արշակ Երկրորդը», բայց ոչ մի հետք «Լեբլեբիջիից»: Ակնհայտորեն այն մնացել էր Փարիզում: Ֆրանսիայից վերադարձին Չուխաջյանը զբաղված էր իր վերջին օպերայի «Զեմիռե»-ի իտալական տարբերակի ստեղծմամբ, որը հիմնված էր քաղաքական տեսակետից անվնաս արաբական մի հեքիաթի վրա: Նա իտալական օպերային մի ընկերության հետ համաձայնություն էր կնքել` ներկայացնել «Զեմիռեն» Պոլսում: Ինչպես վերը նշվեց, «Լեբլեբիջին» արդեն արգելված էր թուրքական գրաքննության կողմից: Նախընտրելի էր այն թողնել Փարիզում` գուցե մի երկրորդ հնարավորության հույսով: 1894-96 թթ. Համիդյան ջարդերից խուսափելու համար իր կնոջն ու երեխաներին Փարիզ ուղարկելուց քիչ անց Չուխաջյանը մահացավ իր ընտանիքից հեռու` Զմյուռնիայում, 1898-ին:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ են «Լեբլեբիջիի» նվագամասները «վաճառվել» «Ժուբեռ»-ին եւ ո՞ւմ կողմից, մնում է առեղծված: Հաշվի առնելով այն տարօրինակ ու անհասկանալի կերպը, որով օպերան գրանցվել է առանց այլ հիշատակության, քան Դանիել Ժուրդայի անունը որպես «հեղինակ», ստիպում է մեզ կասկածել վերջինիս կողմից ինչ-որ խարդախության մասին: Սա կարող էր տեղի ունենալ հավանաբար Չուխաջյանի Փարիզից հեռանալուց կամ նույնիսկ նրա մահից հետո, թերեւս «Անահիտ»-ում նշված 1904 թվականին Ֆրանսիայում նախատեսված ներկայացման կապակցությամբ: Ժուրդան ինչ-որ կերպ կապ է ունեցած լինի նախապատրաստական աշխատանքների հետ, «սրբագրել» Անմեղյանի թարգմանությունը եւ իրեն համարել համահեղինակ ... թեեւ նա կարող էր գրել գոնե` «թարգմանության խմբագիր»:

Ժուրդան պետք է որ ինչ-որ կերպ ներառված լիներ նախագծում` «խմբագրելու» Անմեղյանի թարգմանությունը եւ ձգտելով լինել համահեղինակ (գոնե որպես համաթարգմանիչ ):

Կարող ենք ենթադրել, որ 1904-ի ներկայացման չկայանալուց հետո պահանջատերերի բացակայության պատճառով Ժուրդան օպերան գրանցել է իր անվամբ: Նա ոչ միայն վերնագիրն է փոխել, այլեւ բոլոր կերպարների անունները, ինչպես օրինակ` Հորհորը վերածվել է Բոմբոր-ի եւ այլն:

Իհարկե, Ժուրդայի «յուրացնումը» կարող է զուտ ենթադրություն լինել մեր կողմից: Գուցե միակ դրական բանը, որ կարելի է ասել նրա մասին այն է, որ նա պետք է իսկապես շատ սիրած լիներ Չուխաջյանի օպերան` այն իր անվամբ գրանցելու համար:

Ի վերջո, այս ամենը համեմատաբար անկարեւոր է հիմնական խնդրի` Չուխաջյանի կորած ձեռագրերի հայտնաբերման տեսանկյունից:

Ե՞րբ է պատրաստվել փարիզյան նվագամասը

Ժամանակագրական տեսանկյունից իմ ենթադրությունն այն է, որ «Ժուբեռի» այս նվագամասերը պատրաստվել են Չուխաջյանի կողմից` 1887 եւ 1891-ի միջեւ ընկած 4 տարիների ընթացքում փարիզյան մի ներկայացման համար, որը երբեք չի կայացել: Հետեւաբար այս նվագամասն ավելի հին է, քան 1910-ի, 1911-ի, 1917-ի եւ 1920-ի օրինակները, որոնք, հիշեցնենք, Չուխաջյանի գրչին չեն պատկանում: Այս եզրակացությանը հանգող պատճառները հետեւյալն են.

ա. «Ժուբեռ»-ի դաշնամուրային նվագամասերի նոտաների տակ երգի խոսքերը գրված են ֆրանսերեն: Դա բառացի Պիեր Անմեղյանի 1887 թվականին Պոլսում կատարված թարգմանությունն է: Խոսքերը նույնպես, ինչպես նոտաները, Չուխաջյանի սեփական ձեռագիրն են: Հետեւաբար, նվագամասը չէր կարող գրված լինել այդ թվականից առաջ:

բ. Քանի որ Դանիել Ժուրդայի փոփոխված երգի խոսքերը չկան նվագամասի մեջ, բայց դրանք, այնուհանդերձ, հայտնաբերվել են գտնված արկղի իր գրած լիբրետոյում, ուրեմն նա պետք է իր խմբագրումները կատարած լիներ Չուխաջյանի Կոստանդնուպոլիս վերադարձից հետո` 1892 թվականի փետրվարին: Հետեւաբար, Ֆրանսիական այս նվագամասը չի կարող լինել 1891-ից կամ ծայրահեղ դեպքում, ասենք, 1892-ի հունվարից ավելի ուշ:

Արդյո՞ք սա իսկապես Չուխաջյանի սեփական երաժշտությունն է

Այո ՛: «Ժուբեռի» նվագամասը Չուխաջյանի սեփական երաժշտությունն է: Ինչպես ասացինք, դա գրվել է Չուխաջյանի կենդանության օրոք ու չէր կարող ստեղծվել իր իսկ հսկողությունից դուրս` ի տարբերություն մյուս բոլոր օրինակների, որոնք ցարդ հասել են մեզ :

Բնականաբար, առանձին գործիքների նյութը կրկնօրինակողների աշխատանքն է: Սակայն, արկղում գտնվող դաշնամուրի նվագամասերից մեկը իրականում Չուխաջյանի սեփական ձեռագիրն է եւ 100 տոկոսով համապատասխանում է ու համահունչ է արկղի առանձին գործիքային նյութին: Եվ քանի որ դաշնամուրի նվագամասն ու նվագախմբի նյութը համապատասխան են, այլեւս ոչ մի կասկած չի կարող լինել երաժշտության հարազատության մասին :

Մենք կարող ենք ավելացնել նաեւ, որ ըստ երաժշտագետ Հայկ Ավագյանի (Եգիպտոս), կոմպոզիտոր Ջոն Սարգսյանի (Կանադա) եւ օպերային մասնագետ Օլիվիե Պոդեստայի (Ֆրանսիա), որոնք բոլորն էլ կատարել են Չուխաջյանի ամբողջական ստեղծագործությունների ծավալուն հետազոտական աշխատանք, երաժշտությունը ոճային առումով հավատարիմ է կոմպոզիտորի տեխնիկային եւ մեթոդներին :

Ինչ վերաբերում է վերը նշված երկու երաժշտական համարների բացակայությանը` նրանք էլ կարող են հեշտությամբ ավելացվել օպերայի վերջնական խմբագրությանը, քանի որ գոյություն ունեն այդ երգերի Չուխաջյանի սեփական ձեռագրով առանձին թերթեր, որոնք պահվում են Երեւանի Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում: Դրանք ո ՛չ Սինանյանի, ո ՛չ Քեսեջյանի եւ ո ՛չ էլ մի այլ կոմպոզիտորի հավելումները չեն :

Ինչո՞վ է կարեւոր 1875 թվականի առաջին կորած օպուսը

Լեբլեբիջիի այս «փարիզյան տարբերակը» (կարելի է հետայսու այսպես անվանել) կարող է նման լինել կամ չլինել 1875 թվականի կորած առաջին օպուսին` սկզբնաղբյուրին, բայց հաստատ իր երաժշտական ներդաշնակությամբ, մեղեդիների հակադրություններով, միանշանակ շատ ավելի հարուստ եւ ավելի հետաքրքրական է, քան այն, ինչ վերամշակվել է 20-րդ դարի կոմպոզիտորների կողմից, որոնք հիմնվել են իրենց տրամադրության տակ գտնված դաշնամուրային պարզեցված օրինակների վրա: Նրանք գեղեցիկ ու ճաշակավոր գործիքավորումներ են կատարել, բայց ի՞նչ արած` դա Չուխաջյան չէ...:

Այստեղ հարկ է նշել, թե մինչ օրս մեզ հայտնի տարբերակները, լինի դա Սինանյանի եւ Քեսեջյանի դաշնամուրի նվագամասերը, Մելիքյանի դիրիժորի նվագամասը, Արսլանյանցի թեեւ կորած, բայց ձայնագրված նվագամասը, շատ հնարավոր է, որ բոլորն էլ արժանահավատ լինեն, ու փոփոխություններն էլ կատարված լինեն հենց իր` Չուխաջյանի կողմից: Բավական է ասել, որ Չուխաջյանի ժամանակ դա եղել է սովորական պրակտիկա, եւ կոմպոզիտորներն իրենք իսկ հարմարվել ու փոփոխության են ենթարկել իրենց երաժշտությունը` համապատասխանեցնելով զանազան նվագախմբերի, երգիչների եւ շրջագայությունների պահանջներին: Դա այդպես էր հատկապես օպերետների, այսպես ասած` երաժշտական «թեթեւ» ժանրի դեպքում, որոնք չէին վայելում ավելի «լուրջ» գործերի խստապահանջությունը, ճշգրտությունն ու հարգանքը: Չուխաջյանը բացառություն չէր:

Բայց քանի որ «փարիզյան տարբերակը» ակնհայտորեն Լեբլեբիջիի վերջին օպուսն է, չենք կարծում, որ այդքան էական է այժմ իմանալ, թե դա որքանով է համապատասխանում 1875 թվականի առաջին օպուսին, Արսլանյանցի «անհետացրած» կամ Մելիքյանի 1920թ. «անհասանելի» օրինակներին: Դա ներկայացնում է միայն ակադեմիական հետաքրքրություն:

Ամբողջ աշխարհում ներկայացումների ժամանակ սովորաբար միշտ կոմպոզիտորի վերջին օպուսն է բեմ բարձրանում:

Մենք, իհարկե, հույս ունենք, որ շուտով, գուցե ընթացիկ տարում Չուխաջյանի 180-ամյակի կապակցությամբ, իր հայրենիքում օպերային արվեստի սիրահարները հնարավորություն կունենան առաջին անգամ վայելելու Չուխաջյանի զավեշտական գլուխգործոցը` իր ամբողջական եւ սեփական հրաշալի գործիքավորմամբ, այնպես, ինչպես հղացել է մեծ կոմպոզիտորը:

Այժմ «Լեբլեբիջի Հորհոր աղա»-ի հեղինակային ամբողջական տարբերակի երաժշտության խմբագրական աշխատանքը ընթացքի մեջ է Ֆրանսիայում եւ Կանադայում, Փարիզի «Տիգրան Չուհաճեան Միջազգային Ինստիտուտի»-ի հսկողությամբ, որպեսզի Չուխաջյանի գլուխգործոցը պատշաճ կատարմամբ բարձրանա բեմ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 17-03-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ