ՀԱՅԿԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ UCLA-ՈՒՄ Հ. Ծ. Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանի (UCLA) Չարլզ Յանգի անվան հետազոտությունների գրադարանում մայիսի 13-ին տեղի է ունեցել խորհրդակցություն նվիրված հայկական հնագիտական պեղումների վերջին շրջանի հայտնագործություններին: «Հայկական հնագիտության ձեռքբերումները վերջին տասնամյակում» խորագրով խորհրդակցությանը, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, մասնակցել են ՀՀ-ից ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ), ինչպես նաեւ Էրեբունի թանգարանի (Կարմիր բլուր) հմուտ մասնագետներ: Ներածական խոսքով հանդես է եկել համալսարանի Նարեկացու անվան հայկական ուսումնասիրությունների ամբիոնի վարիչ պրոֆ. Պիտեր Քաուին , իսկ մեկնաբանություններովՙ նույն համալսարանի Աֆրիկյան հնագիտական մշակույթի ամբիոնի վարիչ Ջոան Սիլզբին եւ Հնագիտության Կոտսեն ինստիտուտի տնօրեն պրոֆ. Ուիլեքի Ուենդրիչը : Տեղի է ունեցել նաեւ UCLA-ի եւ ՀԱԻ-ի միջեւ համագործակցության հուշագրի ստորագրում: Արծարծված թեմաների շարքում են եղել վիշապաքարերը, մետաքսի ճանապարհը եւ հայկական բարձրավանդակի բնակչության զբաղվածության հարցերը: UCLA-ում հայկական հնագիտության եւ ազգագրության ծրագիրը ստեղծվել է 2013-ին: |