RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16 > #024, 2017-06-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 09-06-2017



ՍՓՅՈՒՌՔՈՒՄ

Տեղադրվել է` 2017-06-08 22:55:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 5091, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆԴՐԱԴԱՐՁ «ԿԱՄԱՐ» ՀԱՆԴԵՍԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԻՆ

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

Գրական-գեղարվեստական «Կամար» հանդեսի 26-րդ համարը թողարկվեց վերջերս: Մեր մշտական անդրադարձները Բեյրութում հրատարակվող պարբերականի յուրաքանչյուր համարինՙ սփյուռքյան իրականության մեջ հայ գրի ու մշակույթի պահպանման ջատագովների հանդեպ մասնավոր վերաբերմունքի արտահայտություն է, քանի որ հասկանալի են այն դժվարությունները, որ ներկա պայմաններում հաղթահարում են այս անձինք: Գրական-մշակութային հանդեսների հրապարակումն արդեն այստեղ դյուրին չէ:

«Կամարը» կոչված է սփյուռքի եւ Հայաստանի միջեւ մշակութային կամրջումներիՙ տեղեկությունների փոխանակման. այն հավասարապես տպագրում է թե՛ սփյուռքի, թե՛ հայաստանցի գրողների, գրականագետների, արվեստաբանների հոդվածներ: Այս համարի խմբագրականում գլխավոր խմբագիր Ժիրայր Դանիելյանը անդրադառնում է նման կամրջումների մեկ այլ նախաձեռնությանՙ գրողների համահայկական համաժողովներին, որ տարիներ առաջ մտահղացավ եւ իրականացրեց Լեւոն Անանյանը: Սակայն նրա մահից հետո այդ գործը շարունակություն չունեցավՙ այլես նպատակահարմար կամ ակտուալ չէ՞, թե՞ արդեն սփյուռքահայ շատ գրողներիՙ ՀԳՄ անդամակցությունը բավարար է.- հարց է հնչեցվում: Մի քանի օրյա այս համախմբումները գրական զարգացումների վրա բնականաբար ազդել չեն կարող, դրանք միմյանց ճանաչելու, հարաբերվելու միջոց, նաեւ ճամփորդելու հնարավորություն են: Գրական շարժումներին աջակցում եւ դրանց զարգացումներին նպաստում են գրական այն հանդեսները, որոնք կարողանում են նկատել, առաջ բերել շնորհալիների եւ տպագրել արժեքավոր գործեր: Միշտ էլ նոր, տաղանդավոր անունների ի հայտ բերելը եւ նրանց աջակցելը շահեկան է գրական զարգացումների եւ ընթերցողների համար, որ նաեւ թարմություն կբերի հանդեսին:

Ներկայում հաճախ է պատահում, երբ գիրք ես վերցնում ձեռքդ ու հետո մտածում, թե ինչպես ազատվել դրանից, ինչու են իրենց անտաղանդությամբ այդպիսի հեղինակները տանջում ընթերցողին: Ժամանակակից մարդու հոգեբանությունը եւ ընթերցողական ճաշակը փոխված էՙ նախընտրությունը տրվում է դինամիկ պատմություններին, անսպասելի զարգացումներին, գեղարվեստական հստակ լեզվամտածողությանը: Մշուշված, իբր ֆանտաստիկ, հնարովի պատմություններՙ երբեմն անցյալի հայտնի հեղինակների ակնհայտ կրկնություններով եւ կամ չափազանց մերկ, կենցաղային նկարագրություններով գործերը, որոնք այնքան շատ են այսօր, ընթերցողական լուրջ լսարան չեն ունենա:

«Կամար» հանդեսն ունի հեղինակային կայուն կազմ, որոնց հաճախ կարելի է հանդիպել այս էջերում: Այս համարում ներկայացված են Նորայր Ադալյանի, Գառնիկ Գալստյանի, Զոհրաբ Գիրեջյանի, Լեռ Կամսարի, Պերճուհի Ավետյանի, Վեհանուշ Թեքյանի, Հակոբ Սարգիսյանի, Հարություն Նագուլյանի, Խաչիկ Տետեյանի, Արմենուհի Սիսյանի, Մարիանա Պերթիզլյան-Ղազարյանի արձակ եւ չափածո գործերից:

Այս համարի գրականագիտական-գեղարվեստական բաժնում մի շարք հետաքրքրական հոդվածներ կանՙ Գեւորգ Գանտահարյանի հիշատակին Թամար Հովհաննիսյանի «Բարեւ ուսուցիչ», Սարգիս Կիրակոսյանի հիշատակինՙ Ժիրայր Դանիելյանի եւ Կարո Հովհաննեսյանի հրապարակումները, Մարինե Ղազարյանի «Եղեռնի արձագանգը Յակոբ Օշականի փոքր արձակում», որում հեղինակը անդրադառնում է Հակոբ Օշականի «Կայսերական յաղթերգութիւն» ժողովածուին, պատմվածքների մեկնաբանությունների մեջ հեղինակի հույզերի, խոհերի համապատկերին ներկայացնելով Հայոց եղեռնին եւ դրա հետեւանքներին վերաբերող նրա քաղաքական վերլուծումներն ու դատողությունները, որ բողոքի արտահայտություն է կատարված ոճրագործությունների հանդեպ աշխարհի անտարբեր կեցվածքի դեմ:

«Կամարի» այս բաժնում ինձ համար առանձնացավ երկու հրապարակում ՙ Ժիրայր-Վահե Մալճյանի «Տիրան Չրաքեանի (Ինտրա) Ներաշխարհը» եւ Նարինե Թուխիկյան-Խաչատուրյանի «Նադեժդա Պապայեան»: Որքան բարդ ու բազմածալ, հարուստ ու ալեկոծ է Տիրան Չրաքյան անձի ներաշխարհը, նույնքան հայելանման անդրադարձ է այն իր քերթողական արվեստի մեջՙ ճոխ, հախուռն -հորդացող. նույն տոնայնությամբ այդ էներգիան անցել է հոդվածի հեղինակին, որ ներքին ռիթմով արձակ բանաստեղծության պես է, ասես մեկ շնչով գրված դիմանկար: Ինտրան հոգու խուզարկու է, որոնող, որ փորձում է բառի միջոցով մեկնաբանել անըմբռնելինՙ որքանով ի զորու է բառը արտահայտել խորհրդապաշտ այդ հոգու զգայնությունների անսահմանությունը... Ինտրան ներկայացված է իր անձի ողջ հմայքովՙ որպես խոհուն մտավորական, ճշմարիտ արվեստագետ, բանաստեղծ, վայելուչ եւ առինքնող արտաքինով ուսուցիչ, շնորհալի գրագետ, հմուտ բուսաբանՙ «առեղծուածային միաձուլումը աշխարհիկ իրապաշտին եւ անօրինակ, անաշխարհային խորհրդախոյզին»: Միստիկ, խորհրդապաշտական զգացումներն ու խոկումները զուգահեռվում են «Նարեկ»-ի եւ անգամ Սուրբ գրքի ներքին ոգուն... «Ան նրբախոյզ էր եւ դժուարահաճ: Անոր տողերը ամուր էին եւ հզօր: Անոնց մէջ կան բոյրը հողին եւ անձրեւի մեղեդին ու խայտանքը սիրոյ սարսուռներուն: Առաջնորդվելով գերազանց զարգացումի մը հասած իր զգայարանքներէնՙ ան յօրինեց իր «Ներաշխարհը»ՙ որպէս տաք գոյներու մէջ թաւալող բարդ ու վսեմ համանուագ մը: Անտարակոյսՙ «Ներաշխարհը» յայտնութիւնն է անոր զգայուն հոգիին, պատկերը անոր մտքին գանձնարանած իտէալներուն, գունագեղուած պատկերներուն բազմաձեւ թռիչքներուն, յայտարարը անոր մտապաշարի աճումին ու հեռարձակող տենչերուն, միաձուլումը անոր փիլիսոփայական մտածողութեան ու բանաստեղծական երեւակայութեան»: Այս գրության ընթերցումը հիրավի վայելք է. զգալ, շոշափել, ապրել է պետք յուրաքանչյուր բառի հմայքն ու բույրը...

Շատ գրավիչ ոճով է ներկայացնում 19-րդ դարավերջին եւ 20-ի սկբներին ապրած օպերային երգչուհի Նադեժդա Պապայանի կյանքը Նարինե Թուխիկյանը: Դաժանաբարո արկածի հետեւանքով, ողբերգականորեն կյանքը երիտասարդ հասակում ընդհատված չափազանց արտիստիկ ու խարիզմատիկ այս կնոջ կերպարը մի քանի էջերում այնքան արտահայտիչ է պատմվում, որ կարծես կենդանի աչքիդ առաջ է, այնպիսի տպավորություն է, թե ֆիլմ ես դիտում նրա մասին, կամ նրա մասնակցությամբ: Հետաքրքրական էՙ հոդվածը սկսվում է արտիստուհու մահվան մասին խոսելով, սակայն ընթերցման ողջ ընթացքում այն զգացողությունն ես ունենում, ասես կողքիդ է... «Նա ժամանակ չուներ անգամ հիւանդանալու, ուր մնաց թէ մեռնելու: Նրան սպասում էր բարձր արուեստը գնահատող հանդիսականըՙ Պետերբուրգում, Թիֆլիսում, Հռոմում, Փարիզում: 19 - րդ դարավերջին եւ 20-ի սկզբի հռչակաւոր օպերային թատրոնների լոյսն էր Նադեժդա Պապայեանըՙ հաշտարխանցի կամ աստրախանցի այդ հայ աղջիկը: ...Նա իր ժամանակուայ միակ հայուհին էր, ում ճանաչում էր աշխարհը եւ ում անունը շրջանառւում էր նոյնքան յաճախՙ որքան Պետրոս Ադամեանինը»:

«Նա կարողանում էր միայն «դուրաչկի» խաղալ: Միւս թղթախաղերից գլուխ չէր հանում: Նա երեխայի պէս ուրախանում էր յաղթելու դէպքում եւ երեխայի պէս էլ տխրումՙ պարտուելիս: Իսկ պարտւում էր յաճախՙ չկարողանալով ճիշտ օգտագործել յաղթաթուղթը: Փոխարէնը նա չէր պարտւում կեանքում եւ բեմում, քանի որ երկու հզօր զէնք ունէրՙ մարդկային պարզութիւնը եւ արտիստիկ ճոխութիւնը»:

Տեղեկացնում ենք, որ «Կամար»-ի հերթական համարը լույս կտեսնի առաջիկա օրերին. սպասում ենք:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 09-06-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ