ՀՆԴԻԿ ՌԵԺԻՍՈՐԻ ՖԻԼՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՄԱՅՈՎ Հ. Ծ. Վերջերս ավարտված Կաննի կինոփառատոնի նախաձեռնած «Փախստականների ձայները կինոյում» ծրագրի շրջանակներում ստեղծվել է «Ավերիչ ներածական» (Disruptive Narrative) անունով սոցիալական արդարության թեմաներին անդրադարձող նոր կինոընկերություն, որի թողարկած առաջին ֆիլմը նվիրված է լինելու Հայոց ցեղասպանությանը: Մտահղացումը հնդիկ կինոռեժիսոր Շեկհար Կապուրինն է, ով ըստ «Դեդլայն» (Deadline) պարբերականի, ֆիլմի է վերածելու Միշելին Ահարոնյան-Մարկոմի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպը: Դեպքերը տեղի են ունենում 1915-17 թվերին, երբ ծնողների սպանությունից հետո դեռատի հայ աղջնակը հայտնվում է թուրք հարեւաններից մեկի տանը եւ աշխարհի իրադարձություններին է հետեւում մահմեդականի շղարշի հետեւից: Անցյալի տեղահանություններն ու մերօրյա փախստականների խնդիրները (Իրաք, Սիրիա, եւ այլն) հարազատ են Կապուրին, որի ընտանիքը ժամանակինՙ Հնդկաստանի մասնատման օրերին ստիպված է եղել փախչել Դելիից: Գլխավոր դերի համար նա Սիրիայից փախստականների է հրավիրել փորձնական նկարահանումների: Նորաստեղծ կինոընկերության հիմնադիրներն են մարդու իրավունքների ճանաչված փաստաբան Ջեն Ռոբինսոնն ու սիրիահայ դերասանուհի եւ պրոդյուսեր Սոնա Թաթոյանը : |