RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16 > #024, 2017-06-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 09-06-2017



Տեղադրվել է` 2017-06-08 22:55:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 5294, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՈՐԲԵՐԻ ՔԱՂԱՔԸ»

Պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Հեղինակՙ Նորա Ներսեսյան

Նյու Համպշիրի (ԱՄՆ) Հոլիս հրատարակչատունը անգլերեն լեզվով լույս է ընծայել Նորա Ներսեսյանի «Որբերի քաղաքը» (The City of Orphans) խորագրով մենագրությունը նվիրված Ալեքսանդրապոլի (Լենինական, Գյումրի) որբանոցին եւ նրա գործունեությանը 1919-1931 թվերին: «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում Արամ Արքունի գրախոսականից տեղեկանում ենք, որ 613 էջանոց հատորը բացի տեքստից ներառում է ծանոթագրություններ, շուրջ 11.500 որբերի անուններՙ իրենց ծննդյան թվերով եւ վայրերի անուններով, ինչպես նաեւ որբանոցի ամերիկացի եւ հայ աշխատողների ոչ ամբողջական ցուցակը: Որպես հավելված Ներսեսյանը ներկայացրել է նաեւ նպաստամատույց ընկերությունում աշխատող (անանուն) ամերիկացի մի կնոջ օրագիրը, որի բնագիրը գտնվում է Երեւանի ցեղասպանության ինստիտուտ-թանգարանում:

Գիրքը բացվում է Ալեքսանդրապոլի ռուսական զորանոցը 1919-ին որբանոցի վերածելու եւ որբերի հոսքի ընդունման նկարագրություններով: «Նիըր իսթ Ռիլիֆ» նպաստամատույց ընկերությունը պետք է աշխատեր թուրքական ներխուժման դժվարին պայմաններում, իսկ հայերի համար գերխնդիր էր մնում որբերի հայեցի դաստիարակությունը, նրանց ինքնության պահպանումը: Հայերը պետք է պայքարեին մի կողմից ընկերության ամերիկյան մոտեցումների, մյուս կողմից խորհրդային գաղափարախոսության ստեղծած դժվարությունների դեմ: Այս տարակարծությունները գրքում, ըստ Արամ Արքունի, ներկայացված են պատշաճ փաստական նյութերով եւ հիշողություններով: «Ընդհանուր առմամբ գիրքը դժվար ընթեռնելի է, որովհետեւ չափազանց հուզիչ պատմություններ կան այնտեղ ներառված, սական միաժամանակ հրաշալի աղբյուր է հասկանալու համար միջազգային մարդասիրական օգնությունների դրական եւ բացասական կողմերը ու երեխաների վրա Եղեռնի թողած հոգեբանական տրավմայի ազդեցությունը», գրում է Արամ Արքունը եզրակացնելով, որ Ներսեսյանը օգտակար եւ մեծարժեք գործ է կատարել ուսումնասիրելով եւ հանրությանը ներկայացնելով մի թեմա, որը ցարդ անտեսվել է:

Ավելացնենք, որ գրքի շնորհանդեսը կայացել է մայիսի 4-ին Քեմբրիջի Սբ. Երրորդություն հայկական եկեղեցու դահլիճում, կազմակերպությամբ այդ եկեղեցու հոգաբարձության, Վարդանի դուստրերի, Թեքեյան Մշակութային միության, «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, Հայ կանանց միջազգային ասոցիացիայի եւ Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների NAASR ազգային կենտրոնի:

Դոկտ. Ներսեսյանը 1981-2005 թվերին եղել է Հարվարդ համալսարանի վարչական եւ դասախոսական կազմի անդամ: Հեղինակ է «Պատվին արժանի» (Worthy of the Honor, 1995 թ.) եւ «Ընդդեմ ամենայն հավանականությունների» (Against All Odds, 2004 թ.) հատորների: Ներկայիս իր նոր գիրքը լայն հասարակությանը ներկայացնելու նպատակով դասախոսություններով հանդես է գալիս Ամերիկայի տարբեր քաղաքներում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 09-06-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ