ՆԱՐԵԿԸ ՎԵՐԾԱՆԵԼԻ Սերգեյ ՍԱՐԻՆՅԱՆ, Ակադեմիկոս Ավարտելով Նարեկացու «Ողբերգության մատյանի» իրավաբանական ընթերցումը, Աղվան Հովսեփյանը նշում է, որ տիեզերական կեցության մատյանը մտավոր խոսքի բազմաթիվ չափումներ եւ հատույթներ ունի, որոնք հավելում են նրա իմացական արժեքը եւ պարտադրում խորազնին ընթերցում: Հեղինակի բնութագրմամբ Նարեկը «յուրահատուկ դատավարության պատկեր է, որտեղ կան ե՛ւ դատավոր, ե՛ւ դատախազ, ե՛ւ պաշտպաններ, ե՛ւ վկաներ»: Մատյանում առկա են բազմաթիվ իմացական շերտեր, այնպիսի հասկացություններ, ինչպիսիք ենՙ օրենք, իրավունք, դատավոր, դատախազ, վկա, փաստաբան, քննիչ, վճիռ, պատիժ եւ այլն», ինչը հիմք է տալիս պնդելու, որ Մատյանն ունի ուսումնասիրության արժանի իրավաբանական հատույթ: Եվ սակայն էական է դիտարկել, որ իրավաբանական այդ համակարգը երկնային, աստվածաբանական է եւ որպես հոգեմտավոր երեւույթ ունի երեք կառույցՙ «Սուրբ գիրք, Հայ եկեղեցու Հավատո Հանգանակ, քրիստոնեական վարդապետություն»(13): Ուշագրավ է, որ «Իրավունքի փիլիսոփայություն» աշխատության մեջ, նշանաբան ընտրելով տրամաբանության հայտնի բանաձեւըՙ «Այն, ինչ իրական է, բանական է, եւ ինչ բանական էՙ իրական է», Հեգելը իրավունքի կատեգորիան անբաժանելի է դիտում երեք հասկացությունիցՙ կրոն, կամք, պարտականություն: Մարդը բնույթով ազատ է, ասում է փիլիսոփան, եւ «անօտարելի են այն բարիքները, որոնք ոչ այնքան նրա տիրակալությունն են կամ սեփականությունը, որքան կազմավորում են նրա անհատականությունը, այլ կերպ ասած, որքան նրա էության մեջ ձեւավորում են կամքի ազատություն, բարոյականություն, կրոնական հավատ եւ այլն» *): Փիլիսոփայական այս դաշտի իմացաբանությամբ է կազմավորված Ա. Հովսեփյանի աշխատության գիտական մեթոդաբանությունը: Իզուր չէ գիտականության շեշտադրումը, քանզի ամենից առաջ հենց այստեղ եմ գնահատում հարցի լուսաբանության իմացաբանական արժեքը: Հովսեփյանի աշխատությունը ինքնատիպ կառուցվածք ունի: Այն բացվում է պաշտամունքի հասնող ներբողով, առ «տիեզերական եկեղեցու վարդապետը», որի անչափելի մեծությունն ու անընդգրկելի հանճարը, ներառելով «բոլոր ժամանակների քրիստոնեական քաղաքակրթության արժեքները», ստեղծել է հայի հոգեւոր սահմանադրությունը: «Նարեկի իրավաբանական ընթերցում» համառոտ ներածականում, ուրվագծելով Գրիգոր Նարեկացու կենսագրական միջավայրը, Աղվան Հովսեփյանը առաջադրում է մի ընդհանուր տեսություն միջնադարյան աշխարհայեցության իրավական ըմբռնումների վերաբերյալ, սկզբունք ընդունելով Աստված եւ մարդ հարաբերությունը: Այստեղ է հարցի մեթոդաբանական դրվածքը: «Քրիստոնեական վարդապետության համաձայն, - գրում է Աղվան Հովսեփյանը, - մարդկային մեղքերը լինում են սկզբնական եւ ներգործական: Սկզբնական մեղքը մարդը ժառանգում է նախահորիցՙ Ադամից, ով կամովին ոտնահարեց Աստծո պատվիրանը եւ մտավ Սատանայի իշխանության տակ: Քրիստոնյաներն այդ մեղքից ազատագրվում են Քրիստոսի անունով մկրտվելու միջոցով: Սակայն մարդը ստեղծվել է Աստծո պատկերով եւ նմանությամբ, նա ազատ եւ բանական էակ է ու կարող է մկրտությունից հետո էլ մեղքեր գործել» (14-15): Այստեղ է գործում ապաշխարության դատաստանը: Հին ու Նոր կտակարաններից, առաքյալների, փիլիսոփաների եւ աստվածաբանների վկայություններից Աղվան Հովսեփյանը ներհյուսում է միջնադարյան աշխարհայեցության մեջ իրավունքի ու դատաստանի վերաբերյալ մի ամբողջ տեսություն եւ այդ հիման վրաՙ իրավաբանական հասկացությունների համակարգը «Մատյան ողբերգության» բանքերում: Հարցի մեթոդաբանական դրվածքի լուսաբանությունից հետո գրքի հեղինակն առանձին հատվածներում անդրադառնում է Ապաշխարության եւ Հարության դատաստանների վերլուծությանը: «Եթե ընդհանուր առմամբ բնութագրելու լինենք ապաշխարության դատաստանի առարկան, - գրում է Աղվան Հովսեփյանը, - կարող ենք ասել, որ մարդ-ամբաստանյալը մեղադրվում է Աստծո դեմ մեղանչելու մեջ: Քրիստոնեական վարդապետության համաձայն` մեղսագործությունը մտքով, գործով եւ խոսքով Աստծո պատվիրանները ոտնահարելն է» (64-65): Սա դրույթ է, որի լուսաբանությունը մի ամբողջ գիտություն է կազմավորում աշխատության կառուցվածքում: Եվ արդեն դժվար է գրախոսության սահմաններում անդրադառնալ բոլոր այն հատկանիշներին, որ ամենայն մանրամասնությամբ հիմնավորում է գրքի հեղինակը: Եվ սակայն կան հարցադրումներ, որոնք իմաստավորում են դրույթի ըմբռնումը: «Ապաշխարության դատաստանում դատավորը Աստված է, Սուրբ Երրորդությունը»): Ինքնին առաջանում է կատարյալի, այսինքն Աստծո գնահատությունն ըստ Նարեկացու, որքան տարիմաստ (պարադոքսալ), նույնքան խոհամիտ եւ փիլիսոփայական. «Երբ ասում ենք Աստված բարի է, արդար, ողորմած եւ այլն, ապա պետք է նկատի ունենանք, որ Աստված իրոք բարի է, արդար եւ ողորմած, բայց եւ ոչ բարի է, ոչ արդար, ոչ ողորմած, քանզի վեր է բարուց եւ չարից, արդարից եւ անիրավից, ողորմությունից եւ անողորմությունից»(39): Խորիմաստ դիտարկում է մարդու տիեզերական էության, մարդու եւ բնության, մարդու ազատության վերաբերյալ հին հույների աշխարհայեցության համեմատական դրվածքը քրիստոնեական վարդապետության հետ: Հեղինակի բնութագրմամբ, անտիկ ժամանակաշրջանում տիեզերակենտրոն աշխարհայեցության հիմքում ընկած էր պյութագորյան եւ պլատոնիզմի գաղափարը, եւ եթե քաղաքականության եւ արվեստի էությունը բնության նմանողությունն է, ապա մարդու ազատությունը հանգավորված է նույն բնության օրենքով: «Մարդու բնական իրավունքների վերաբերյալ, - գրում է Աղվան Հովսեփյանը, - բոլորովին այլ պատկերացումներ ունի քրիստոնեական վարդապետությունը»: Կամքի բնական ազատության հետ Աստված սահմանել է նաեւ որոշ պատվիրաններ, որոնք կարգավորում են մարդու ներդաշնակ վարքը: Ըստ էության այդ պատվիրանները «Մարդու հոգում դրոշմված բնական օրենքների պատճեններն են, որոնք կապված են մարդկանց օգնելու իրենց հոգիներում դրոշմված աստվածային օրենքները լիարժեք բացահայտելու համար»(57): Ահա այստեղ է, որ կատարվում է ապաշխարության դատաստանը: Մարդը անկեղծ խոստովանությամբ մաքրվում է զանցանքներից, եւ Աստված, կամ Սուրբ հոգին, թողություն է տալիս նրա մեղքերին այս ունայն աշխարհում: Եվ արդեն փիլիսոփայական մեկնության խորհուրդ ունի այն ընդհանրությունը, որ խղճի ու զղջման ապաշխարության դատաստանը կիրառական նշանակություն է որոնում նաեւ քաղաքացիական օրենսդրություններում: «Գործուն զղջալը եւ մեղքի քավումը, - դիտում է Ա. Հովսեփյանը, - որպես քրեական պատժի նպատակ, որպես իրավաբանական ինստիտուցիոնալ հասկացություններ, այսօր նախատեսված են աշխարհի գրեթե բոլոր պետությունների քրեական դատավարության օրենսգրքերով»(16): Իհարկե, իրավագիտության այնպիսի մի ծովագայլի համար, ինչպիսին Աղվան Հովսեփյանն է, հարցի դրվածքում տեսանելի են անհամեմատ ավելի խորհուրդներ, բայց որ իր աշխատությամբ միանգամայն նոր էջ է բացում նարեկացիագիտության մեջ, արժանի է բարձր գնահատանքի: Այսպիսով հարցադրման ընդհանուր եզրակացությունն այն է, որ «Գրիգոր Նարեկացու նախաձեռնած դատավարությունը կամ դատաստանը, ըստ էության, ապաշխարության դատաստան է, որը տարբերվում է հատուցման դատաստանից» (27): Ա. Հովսեփյանի աշխատության տեսական եւ հիմնարար դրույթներից մեկը քրիստոնեական վարդապետության իրավաբանական կառույցի համեմատական ընդհանրությունն է քաղաքացիական հասարակության պետաիրավական հաստատությունների կառույցի հետ: «Աշխարհի գրեթե բոլոր երկրներում դատախազական այս գործառույթի պաշտպանությունը դատարանում համարվում է պետական այդ կառույցի հիմնական, դասական գործառույթը» (41): Ուշագրավ է, որ դատախազ բառը կիրառվել է դեռեւս հինգերորդ դարի մատենագրության մեջ եւ իրավաբանական իմաստ ստացել հայոց սահմանադրություններումՙ Գոշի «Դատաստանագրքում», «Որոգայթ փառացում»: Հանգամանորեն վերլուծելով «դատախազ» իրավական կատեգորիայի ձեւավորումը եվրոպական երկրներում, Հովսեփյանը պարզապես ապշեցուցիչ է համարում, որ Նարեկացին հասկացության իսկական իմաստով օգտագործել է դեռեւս երեք դար առաջ, քան նրա իրավաբանական ճանաչումը Եվրոպայում: Նարեկացու «Մատյանի» իրավաբանական դրույթի մասին «ամբողջական պատկերացում կազմելու համար, - գրում է Աղվան Հովսեփյանը,- անհրաժեշտ է անդրադառնալ նաեւ հատուցման դատաստանին: Քրիստոնեական վարդապետության կարեւորագույն մասերից մեկը վախճանականությունն էՙ աշխարհի վախճանի, Քրիստոսի երկրորդ գալստյան, մեռելների հարության եւ Ահեղ դատաստանի վերաբերյալ ուսմունքը» (28): Որքան ապաշխարության դատարանը ներողամիտ ու մարդասիրական է, նույնքան հատուցման դատաստանը դաժան է ու անզիջող: Այս իմաստով, «հատուցման դատաստանը ժամանակակից իրավաբանական պատկերացումներով հավատաքննական (ինկվիզիցիոն) դատավարության տիպ է» (89): Ահա թե ինչու Նարեկացին տագնապով է ընկալում մարդկանց ճակատագրերին սպառնացած աղետը անզիջում եւ անաչառ դատաստանի հանդեպ, որը չի ճանաչում փրկության որեւէ արդարացում եւ կատարյալ մեղավորը ազատություն չունի «մեղքերի բանտից»: Նարեկացին երեւակայությամբ պատկերացնում է հատուցման դատաստանի սարսափելի ընթացքը, որտեղ հատուցումն ահավոր է. «Դատավորը անկաշառ ու անխաբելի, ամոթը սոսկալի եւ կշտամբանքը սարսափելի, հանդիմանությունն անխուսափելի, տագնապն անճողոպրելի, պակուցումն անխրախուսելի, դողումն անվերջանալի, լույսն անսփոփելի, ատամնակրճտումն անբժշկելի, ապականությունն անողջունելի, հնչելու է աստվածային խոսքի սարսափելի անեծքը, գթությունը ծակելու է եւ ողորմությունը արգելվելու»: Աղվան Հովսեփյանը մասնագիտական հմուտ հայացքով է ընթերցում հատուցման դատաստանի աղերսները «Մատյան ողբերգության» բանքերում, նկատելով, որ եթե ապաշխարության դատաստանում դատավորը Աստված է, ապա հատուցման դատաստանում Հիսուս Քրիստոսն է, դատական նոր կազմով, ուր մասնակից են առաքյալները, սրբերն ու հրեշտակները, որոնք դատական գործն իրականացնում են այնպես, ինչպես երկրային թագավորի բազմաթիվ պալատականները, խորհրդականներն ու օգնականները» (97): Աղվան Հովսեփյանի «Մատյան ողբերգության աղոթարանի իրավաբանական ընթերցում» աշխատությունն արժեքավոր ներդրում է նարեկացիագիտության ասպարեզում եւ ուսանելի գաղափար է տալիս Գրիգոր Նարեկացու ստեղծագործության նորովի ուսումնասիրության համար: Վերջում ասեմ, որ գիրքը լույս է տեսել երեք լեզուներովՙ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն: *) Гегель - Работы разных лет, т. 2, Москва, 1971, стр.42. |