RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16 > #024, 2017-06-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 09-06-2017



ՆԿԱՐԻՉԸ

Տեղադրվել է` 2017-06-08 22:55:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 7441, Տպվել է` 34, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ ԽԵՆԹԸ. ՆԻԿՈԼ ԱՂԱԲԱԲՅԱՆ

Սառա ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

Մեկ տարի առաջ Ֆրեզնոյի հայկական պատկերասրահը հավանության արժանացրեց գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի կտավների ներկայացման հայտը, տեղեկացնելով, որ նախատեսում է ցուցահանդես կազմակերպել այս տարվա մայիսին: Պատասխանատու այս միջոցառմանը պատրաստվելու դեռ ժամանակ կար, սակայն ապրիլյան քառօրյա պատերազմը օրենքից դուրս թողեց ստեղծագործական բոլոր ծրագրերը: Դիրքեր մեկնող Սիսիանի երկրապահների շարքերում զինվորական համազգեստը մեկ միասնական մասնագիտություն պարտադրեց բոլորին: Նկարիչն իր վրձնած հայոց եզերքի պաշտպանության զինապարտը դարձավ, պատրաստ վրձինը փոխարինել զենքով, կտավակալըՙ զինապարկով:

Հայաստանում տիրող անօրինությունների դեմ մեդիա հարթակներում իր կարծիքը հաճախակի բարձրաձայնող նկարիչը ոչ ցանկալի հավակնորդ է պաշտոնական «վերեւներին» կից արվեստ հովանավորող հիմնադրամների համար: Երեւանում հուլիսյան բախումների ժամանակ Խորենացի փողոցում ձերբակալվեց նաեւ ընդդիմախոս գեղանկարիչը: Նրան շուրջկալեցին եւ գլուխը բռնի մեքենայի մեջ խցկելով բերման ենթարկեցին ոստիկանության բաժանմունք:

Հետո քաշվեց սարերը նկարելու, հեռու մեղավոր աշխարհից, քաղաքի սթրեսահարույց մթնոլորտից: Դեգերում է բնության եւ քաղաքի միջեւ: Բնությունից վերցրած լիցքն ու թթվածինը բերում, սպառում ներքաղաքական կռիվներում ու դարձյալ փախուստ տալիս դեպի իր պաշտեցյալ, ծաղկապատ սարերը: «Շատ արվեստագետներ, ոմանքՙ սրտացավությամբ, ոմանք` ոչ, ինձ մոտեցել են եւ ասել` գործ չունես, մեկ է, բան չի փոխվելու: Ես ուզում եմ ասել` սիրելինե՛րս, եթե իրավիճակն այսպես մնաց, ամեն ինչ ավերվելու է»: Իր հարցազրույցներում նա միշտ այսպես ուղղամիտ է, անկեղծ, առանց ենթատեքստային շերտերի զորակցության:

Նիկոլն անուղղելի բնանկարիչ է, երբեք իր ժանրը չի փոխում, բացառությամբՙ մի քանի դիմանկարների: Նրա վրձնած բնանկարները եթե կողք-կողքի դնենք, կունենանք կիլոմետրերի երկայնքով ձգվող հայոց բնաշխարհի գրեթե բոլոր գոտիների գեղանկարչական պատկերը: Նկարներն անխտիր լույսի մեջ են, նա չունի գորշ, դրամատիկ աշխատանքներ: «Գոյություն ունի երեք գույնՙ կարմիր, կապույտ, նարնջագույն (հայկական դրոշի գույները), մնացածըՙ երանգներ են», - ասում է: Սակայն, ըստ իս, նրա կտավները «աղաբաբյանական» դարձնողը սպիտակ գույնն էՙ իր ինքնագիրը, իր շիտակ մտքի արտահայտիչը: Հարյուրավոր յուղաներկ բնապատկերների մեջ նրա ոճն ու ձեռագիրը նշմարելի է շնորհիվ լուսառատ այդ սպիտակի: Կտավի վրա իր վրձնի կախարդանքով պատկերներն, ասես, քամու ընթացք եւ կենդանություն են ստանում: Իր ամենաճանաչված գործերից էՙ «Մենք» կամ «Պար սարերում» կտավը, որը ազգային միասնության գաղափարի հզոր ուղերձ է պարունակում:

Ծննդավայր Կողբի բնաշխարհը գունապատկերների վերածելը սկսել է դեռ դպրոցական հասակից: Ընտանիքում, գյուղական միջավայրում ընկալած բարոյական խրատները, ազգային արժեքները բնավորություն եւ ուղենիշ են դարձել ողջ կյանքում: Մեծ քաղաքներում ապրելն ու ստեղծագործելը այդպես էլ «չխմբագրեց» լոռվա բարբառով համեմված նրա խոսելաոճն ու համեստ պահվածքը: Հայ գեղանկարչության մեջ նրա ասելիքը շատ ընդհանրություններ ունի Հրանտ Մաթեւոսյանի արձակի տեսակին: «Տեսնում եմՙ որեւէ գյուղում մարդկանց հոգեվիճակը վատ է, գնում եմ գյուղ ու ցուցահանդես եմ կազմակերպում», - պատմում է նա: Նույնիսկ ցուցահանդես է ունեցել Սրբասարում, Վարդավառի տոնին, ուր կովերից մեկն իր դունչը մոտեցրել է դեռ չչորացած կտավին եւ յուրովի «աբստրակտի» վերածել այն:

Նրան ծանոթ եմ իր մասնագիտական կայացման վաղ շրջանից, երբ պատրաստում էի Նիկոլ Աղաբաբյանի մասին իմ հեռուստաակնարկը: Գրեթե բոլոր նկարիչների նման քչախոս էր կտավը մեկնաբանելիս: Ասում էր, նայիր նկարներիս վերնագրերին, սա է ասելիքս: Վերնագրերն էլ, ասես, լոռվա ժողովրդական խոսք ու զրույց լինեն. «Բա սեր չի, բա ինչ ա», «Հեսա անձրեւ կգա», «Բա», «Բա կարծում եք թե հե՞շտ է», «Չվախենաս», «Բա որ ասում եմ երկիրը սիրուն ա», «Գնալով սիրում եմ»: Հետաքրքրական է, Փարիզում, Բեռլինում, Իսպանիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում ցուցադրվելիս այս վերնագրերն ինչպե՞ս է հաջողվում թարգմանել...

Իր կայացման ուղին նորաստեղծ ընտանիքով վարձով տնից - տուն անցնելու, վթարային, ավերակ արվեստանոցներ փոխելու տանջալի գոյավիճակ է եղել: Մամուլի տան 16-րդ հարկի տանիքի տարածքում էր երկար տարիներ ստեղծագործում, ուր պահվում էին շուրջ երեք հազար գործեր, երբ մի օր տանիքի ջրատար խողովակների վթարի պատճառով նկարչի շատ աշխատանքներ ջրի մեջ հայտնվեցին եւ լուրջ վնասվեցին:

Նիկոլ Աղաբաբյանը շատ աշխատող, բեղուն վրձնի տեր եւ հաճախակի ցուցադրվող հայ նկարիչներից է: Անհատականից բացի մասնակցել է խմբային բարեգործական շատ ցուցահանդեսների: Հայաստանի նկարիչների միության եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պրոֆեսիոնալ նկարիչների միջազգային միության անդամ է, արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: Նկարչի արարումների նեցուկն իր ընտանիքն է, կինըՙ դերասանուհի Լուսինե Ներսիսյանը եւ յոթնամյա դուստրըՙ Սոսեն: Որպես միասնական ստեղծագործական թիմ ընտանիքն անբաժան է նկարչից սարերում, սահմանամերձ գյուղերում եւ աշխարհի տիտղոսավոր պատկերասրահներում:

Այս օրերին Ֆրեզնոյի փողոցներում ամերիկացի անցորդների ուշադրությունն է գրավել լայներիզ գլխարկով մի նկարիչ, ով փոխում է պաստառ-պաստառի հետեւից, նկարելով շրջապատի հսկա, լայնաբուն ծառերը, օվկյանոսի եզերքը, Ֆրեզնոյի հայկական եկեղեցին, վարպետաց դաս անցկացնում սկսնակ նկարիչների հետ: Մայիսի 31-ին Ֆրեզնոյի հայկական պատկերասրահում հանդիսավորությամբ փակվեց ամիսներ առաջ այցելուի դատին հանձնված գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի անհատական ցուցահանդեսը: Հունիսին այն կներկայանա նաեւ Լոս Անջելեսի հանրությանը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 09-06-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ