ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՐԻ, ԳՐՈՂԻ, ՔՆՆԱԴԱՏԻ ԵՎ ԹԱՐԳՄԱՆՉԻ ՄԱՍԻՆ ՆԱՐԻՆԵ ԹՈՒԽԻԿՅԱՆ-ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ, Թումանյան թանգարանի տնօրեն «Եթե լսում ենք մի Օմար Խայամի, մի Վիրգիլիոսի, մի Գյոթեի, մի Շեքսպիրի եւ կամ սրանց նման մեծ ստեղծագործողներից մեկի կամ մյուսի անունը, պետք է իմանանք, որ նրանք իրենք էլ մի-մի մեծ ստեղծագործություններ են, որոնց ստեղծագործությանը մեծ չափով մասնակից են իրենց հայրենիքներն եւ իրենց շրջապատը»: (Հ.Թ., Գրականությանը ազգային պաշտպաննություն պետք է լինի, 1916թ.): Թումանյանը համոզված էր, որ լավ գրականությունը կարող է փոփոխություններ առաջ բերել մարդկանց հոգեկերտվածքում եւ պետությունների քաղաքականության մեջ:1916թ. «Համաշխարհային գրական տոն» հոդվածում գրեց. «...ազգերը միայն ավերիչ թնդանոթներ չեն ղրկում իրար, այլեւ ստեղծագործ հանճարներ, նրանք միայն իրար չեն ծվատում ու իրարից խլում, այլեւ փոխադարձաբար իրար տալիս են է՛ն ամենաբարձրը, ինչ որ կարող է մարդը երազել. նրանք միշտ մնում են սրբազան, ամուր ու անսասան, նույնիսկ եւ էն ժամանակները, երբ պատառոտված ու ոտնակոխ են եղած արքայական կնիքներով կնքված ամեն դաշնագիր»: Աշխարհում պատերազմների եւ ավերների ընթացքը խաղաղության եւ կառուցումների վերափոխելու համար երկարատեւ եւ նպատակադիր աշխատանք է պահանաջվում: Եվ այդ աշխատանքի «պատասխանատուն», ըստ Թումանյանի, գրականությունն ու դպրոցն են: Գրականության դերը շատ մեծ է մարդկային կյանքի բարոյականացման ճանապարհին: Դա մի մարտադաշտ է, որտեղ լույսը հաղթում է խավարին: Թումանյանի մտքերն ու գաղափարները գրականության, գրողների, գրաքննադատների, թատրոնիՙ իբրեւ գրականության պլատֆորմի եւ դպրոցի մասին չափազանց կարեւոր են, արդիական եւ համընդհանուր: Նա մի անքակտելի միասնության մեջ է դիտարկում դպրոցն ու գրականությունը: Համոզված է, որ գրականության հիմքը դպրոցն է եւ դպրոցի բովանդակությունըՙ գրականությունը:«Ունենալ հարուստ, ապահով դպրոցներ եւ ուժեղ գրականություն, կնշանակի ամուր ու պատվավոր կանգնել լուսավոր ազգերի շարքում»: (Ազգային վերածնության մեծ կոչը, 1913թ.) : Թումանյանը հուշում է պատկան մարմիններին հատուկ պարտավորություն ստանձնել տաղանդավոր գրողներին պաշտպանելու համար: Իր երազանքն էր տեսնել նրանց (իշխանությունների եւ գրողների) համագործակցությունը մշակութային գետնի վրա: Ստորեւ բերվող մեջբերումը թող հատկապես ուշադիր կարդան մեր երկրի իշխանությունները, եթե ընդհանրապես կարդում են : «Ազգային-պետական օժանդակությունը անհրաժեշտ է դառնում մանավանդ էն երկրներում, ուր ժողովուրդը, թեկուզ եւ զարգացած, բայց քանակով փոքր է. օրինակ մի Շվեդիան, մի Նորվեգիա, մի Դանիա:Նրանց գրողը, թեկուզ եւ Իբսեն լինի, չի կարող հույս դնել իր ընթերցողների քանակի վրա , եւ ազգային-պետական օգնությունն անհրաժեշտ է եղել, որպեսզի նա ապրեր, զորանար ու դառնար համաեվրոպական կամ համաշխարհային գրող»: (Հ.Թ., Գրականությանը ազգային պաշտպաննություն պետք է լինի, 1916թ.): Թումանյանը գրականությունը զարգացնելու ուժեղ միջոցը քննադատական արդար արվեստն էր համարում: «Քննադատը ժամանակի գործն է կատարում », չնայած որ «ամենաանաչառ ու անողոք քննադատն ու գնահատողը ժամանակն է» (Հ.Թ.): Մեծ նշանակություն տալով այս գործին, նա ձեւակերպել է քննադատի մասնագիտական անձնագիրըՙ գրողի սրտի, ո՛չ թե բառերի մեկնաբանող, ով պետք է «...Աստծո նման սրտագետ լինի ու խորաթափանց, գտնի ամեն բանի աղբյուրն ու արմատը, որ կարողանա ճշմարիտ գնալ ու արդար դատել»: (Փ. Վարդազարյանին գրած նամակից, 1904թ.) : Գրականության զարգացման եւ տարածման համար հաջորդ անբաժանելին թարգմանական արվեստն է: Միանգամայն հասկանալի է, թե ինչ մեծ նշանակություն ուներ թարգմանություն ասվածը մի մարդու համար, որը հսկա է այս գործում եւ, հիրավի, բարձրագույն արվեստի մակարդակի հասցրեց այնՙ արժանի լինելով 5-րդ դարի իր հզոր նախնիներին: Օտար լեզուներից տիրապետելով միայն ռուսերենի, նա թարգմանեց Գյոթե, Շիլլեր, Հայնե, Լոնգֆելլո, Գրիմ եղբայրներ, Բայրըն, Թագոր, Հաքանի եւ ուրիշներ: Եվ, ո՜վ զարմանք, որպես կանոն, այդ թարգմանությունները ավելի մոտ են բնագրերին, քան դրանց ռուսերեն տարբերակները: Իսկ ռուս գրողների ստեղծագործությունների Թումանյանի հայկականացումը պարզապես թարգմանական գլուխգործոցներ են: Գրական ինտուիցիան եւ նրբազգացությունը, վերգիտակցական, բնազանցական ընկալումները նրա թարգմանությունները օծեցին առավել քան բնագրային բույրով, հակառակ որ ասել էՙ «Թարգմանությունը ապակու տակ դրած մի վարդ է. գրեթե անկարելի է, որ թարգմանիչը տա բնագրի հարազատ բույրն ու հրապույրը» : |