«ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴՐԱՆՔՈՎ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆՙ ԹՈՒՐՔԵՐԵՆ Նաիր ՅԱՆ Անժելա Սահակյանը 2001 թվականից աշխատում է Փարիզի Հայկական ռադիոյում: Տարիներ շարունակ նա ռադիոունկնդրին է ներկայացնում «Բաց նամակ. ճշմարտության պարտադրանքով», «Արցախապատում», «Հայ մամուլի տեսություն» հաղորդաշարերը: Անժելա Սահակյանը տարբեր բանախոսների օգնությամբ, նաեւ հարցազրույցների տեսքով վերլուծում է Հայոց ցեղասպանության կազմակերպման հանգամանքները, պատմական փաստերը, ռադիոեթերը տրամադրում տարբեր վերլուծաբանների, դիվանագետների, որոնք դատապարտում են թուրքական հայատյաց քաղաքականությունը: Իսկ «Արցախապատում» հաղորդաշարում նա ներկայացնում է արցախյան շարժման նախապատմությունը, հերոսամարտի, ազատագրական պայքարի դրդապատճառներըՙ շեշտելով, որ 100 տարի առաջ թուրքերի որդեգրած հայաջինջ քաղաքականությունը շարունակվում է նաեւ մեր օրերում: Մի խոսքովՙ Անժելա Սահակյանը փորձում է ֆրանսաբնակ հասարակությանը հնարավորինս իրազեկել հայոց անցյալի ու ներկայի պատմական խնդիրներին, քաղաքական անցուդարձին եւ այդ համատեքստում բացահայտել ու վեր հանել ճշմարտությունը: Շուրջ 10 տարի եթեր հեռարձակված հաղորդաշարերը պատրաստի նյութ են հանդիսացել, որպեսզի Անժելա Սահայկանն իր ձեռքի տակ եղած ամբողջ ինֆորմացիան ի մի բերի եւ զետեղի մեկ գրքում: Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ լույս է տեսել նրա հեղինակած «Ճշմարտության պարտադրանքով» ժողովածուն, որի հիմքը հենց ռադիոհաղորդաշարերն են: Ժողովածուն ունի երկու բաժին: Առաջինըՙ «Բաց նամակներՙ ուղղված աշխարհին» բաժինը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը. տարբեր պատմաբաններ, գրողներ, դիվանագետներ վերլուծում են մեր 100-ամյա խնդիրը, տեսակետ, վերաբերմունք հայտնում: Իսկ երկրորդըՙ «Ցեղասպանությունը շարունակվում է» բաժնում ներկայացված է արցախյան ազատագրական պայքարը ՙմինչեւ քառօրյա պատերազմ ու հրադադարի ռեժիմի խախտման ամենօրյա դեպքեր: Մեր մտավորականները դեռ մի քանի տարի առաջ կարծիք են հայտնել, որ ժողավածուն պետք է անպայման թարգմանվի օտար լեզուներով, հատկապեսՙ թուրքերեն եւ տարածվի Թուրքիայում: Թուրքագետ, «Ազգ»ի երկարամյա աշխատակից Հակոբ Չաքրյանը «Ճշմարտության պարտադրանքով» գիրքը թարգմանել է թուրքերեն. օրեր առաջ Հայաստանի գրողների միությունը կազմակերպեց ժողովածուի շնորհանդեսը: Միաժամանակ ներկայացվեց նաեւ ֆրանսերեն թարգմանությունը, որը կատարել է ֆրանսաբնակ Էլիզաբեթ Վենտուրինի-Մուրադյանը : Նա հայտնի է Սայաթ-Նովայի, Եղիշե Չարենցի ստեղծագործությունների ֆրանսերեն թարգմանություններով: Ժողովածուի ֆրանսերերն թարգմանությունը տարածվել է Ֆրանսիայի խորհրդարանում, կառավարությունում, ներկայացվել Ֆրանսիայի նախկին եւ ներկայիս նախագահներին, քաղաքապետերի: Նրանք նամակներով իրենց դրական կարծիքն են հայտնել գրքի հեղինակին ու նշել, որ ժողովածուն պարունակում է նոր ու նշանակալի տեղեկություններ ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլեւ արցախյան հարցի վերաբերյալ: Գրքի թուրքերեն տարբերակը հրատարակվել է 300 օրինակով: Հրանտ Դինքի կինըՙ Ռաքել Դինքը, վերջերս եղել է Փարիզում. Անժելա Սահայկանը գիրքը նրան է ներկայացրել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ «Հրանտ Դինք» հիմնադրամի աջակցությամբ «Ճշմարտության պարտադրանքով» ժողովածուն ներկայացվի Ստամբուլումՙ թուրքալեզու հասարակությանը: Թարգմանիչ Հակոբ Չաքրյանը, անդրադառնալով գրքի հիմնարար նշանակություններինՙ նկատեց. «Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ գրքեր կան հրատարակված, բայց նույնը չենք ասի ԼՂՀ-ի ստեղծման պատմության, արցախյան հերոսամարտի մասին: Այս գիրքը լրացնում է այդ բացը: Բացի այդՙ շատ հետաքրքրական հոդվածներ են ներառված, օրինակՙ Սիլվա Կապուտիկյանի «Դեր-Զորը»: Ես այդքան գեղեցիկ, սքանչելի ոճով գրված հոդված դեռ չէի կարդացել: Ծանրակշիռ են Մուշեղ Գալշոյանիՙ նացիոնալիզմի մասին, Նիկողայոս Ադոնցի «Հայկական հարց» հոդվածները: Ադոնցն անդրադառնում է ծպտյալ հայերի թեմային, այն վերլուծելովՙ նշում, որ Դերսիմի զազաները, որոնց նա ղզլբաշներ է անվանում, հենց ծպտված հայեր են: Դերսիմցիներին նա համարում է Պավլիկյանների հետնորդներ, որոնք պայքարում էին իրենց հավատքի եւ ինքության համարՙ մերժելով մահմեդականությունը»: «Ճշմարտության պարտադրանքով» ժողովածուի հեղինակ Անժելա Սահակյանը հույս ունի, որ թուրքալեզու հասարակությունը գիրքը բարձր գիտակցումով կընդունի ու հերթական հետեւությունները կանի թուրքական քաղաքականության վերաբերյալ: |