ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԱՐԱՐՄԱՆ ՄԵՐ ԱՆԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ Հարյուր քսան տարուց ավելի է, ինչ մարդկությունն առատորեն օգտվում է իր ստեղծած ամենից հանճարեղ գյուտերից մեկիՙ կինոյի շռայլած բարիքներից, որոնցից է նաեւ անցյալն անմահացնելու բացառիկ կարողությունը: Մենքՙ հայերս, ի լրումն այլ գործոններիՙ նաեւ պետականությունից զուրկ ժողովուրդ լինելու պատճառով, ցավոք, մեծ մասամբ ի վիճակի չենք եղել կամ չենք կարողացել օգտվել կինոյի այդ եզակի հնարավորությունից, եւ անցյալի մեր իրականության շատ ու շատ երեւույթներ անկարող ենք այսօր շոշափելիորեն տեսնել, զգալ ու գնահատել: Վավերագրելու անկարողությունը Հայտնի է, որ մինչեւ մարդկության երազներն ու երազանքներն արտացոլող արվեստի տեսակ դառնալը կինոն ընդամենը աշխարհի սոսկական պատճենումն էր, իսկ կինոէկրանըՙ իրականության հայելին: Կինոյի ծննդավայր Ֆրանսիան այդ հրաշք հայտնագործությունից հետո սկսեց շատ գործնականորեն կինոժապավենին դրոշմել իր ժամանակի իրականությունը եւ հատկապեսՙ ազգի մեծերին: Նույնը արեցին կինոարտադրություն ունեցող այլ երկրներ եւս: Փույթ չէ, որ հաճախՙ ընդամենը մի քանի վայրկյան, մեծ մասամբՙ նկարահանման անբավարար որակով եւ մի քանի տասնամյակՙ միայն անձայն, սակայն այսօր ֆրանսիացիները եւ այլ քաղաքակիրթ ազգեր հնարավորություն ունեն կենդանի շարժվելիս տեսնել իրենց անցյալի մեծերինՙ գրողների, նկարիչների, երաժիշտների, այլեւս չասածՙ դերասանների... Հիրավի, ավելի քան անգին են Լեւ Տոլստոյին պատկերող մի քանի րոպեանոց կինոկադրերը... Մեր ժողովրդի մեծ զավակներից շատ-շատերն են ապրել կինոյի ծննդիցՙ 1895-ից հետո, սակայն նախ կինոն մեր մեջ չի ունեցել այն տարածումը, ինչ-որ պետություն ունեցող մեծաքանակ ազգերի մեջ, եւ ապաՙ ազգի արժանավոր զավակներին երբեմն ձեռք մեկնող հարուստները, ցավոք, չեն եղել այդքան հեռատեսՙ կազմակերպելու մեր հանճարների անմահացումը կինոժապավենի միջոցով: Մինչդեռ այսօր մենք կարող էինք կինոժապավենի վրա տեսնել շնչող ու շարժվող Հովհաննես Թումանյանին, եղեռնամահ մեր գրողներին, Կոմիտասին, Անդրանիկին, Նժդեհին, Կոստան Զարյանին... Իտալացիները միայն մեկ կինոնկարով անմահացրին իրենց հանճարեղ Էլեոնորա Դուզեին, ֆրանսիացիները մի քանիսովՙ իրենց Սառա Բեռնարին (փույթ չէ, որ հայտնի պատճառներով նրա խաղարկությունը, մեղմ ասած, այլեւս չի տպավորում), եւ այսօր youtube-ով ամեն մարդ կարող է դիտել այդ եզակի մասունքները... Հայ բեմի թագուհինՙ Սիրանույշը, ասել է, որ կցանկանար իրեն տեսնել էկրանին: Նա մահացել է 1932-ին, երբ արդեն ասպարեզի վրա էր անգամ հնչո՛ւն կինոն, եւ համապատասխան պայմաններում թերեւս մենք կարողանայինք ունենալ դերասանուհու (թեկուզեւ ծերացած) շարժվող պատկերը, այլեւս չասածՙ գաղափար կազմել նրա «ոսկե ձայնի» թեկուզ հեռավոր արձագանքի մասին: Էլի՛ լավ է, որ 1910-ականների մի քանի ռուսական եւ թուրքական ֆիլմերում նկարահանվեցին հայ թատրոնի դերասաններից ոմանքՙ Պայծառ Ֆասուլաճյան, Եկատերինա Դուրյան-Արմենյան, Արուս Ոսկանյան (վերջին երկուսին, ցավոք, չնկարահանեց խորհրդահայ կինոբեմադրիչներից ոչ մեկը), սակայն մեզ հայտնի չէ, թե այդ կինոնկարներից քանի՛սն են պահպանվել: 1930-ականներին Եղիշե Չարենցը դարձավ կինոխրոնիկայի հերոս, սակայն «ժողովրդի թշնամուն» պատկերող կադրերն, ինչ խոսք, ստալինյան դարաշրջանում դատապարտված էին ոչնչացման: Անցյալն արագ է ջնջվում, անհետանում: Այսօր արդեն շատերը կարոտախտով են դիտում 1970-80-ականների Երեւանի կադրերըՙ իր տրամվայներով, Երիտասարդության պալատով, բազմամարդ փողոցներով, առանց փցուն գլամուրի... Բայց անգամ Խորհրդային Հայաստանի պայմաններում, երբ ունեինք կինոստուդիա ու սահմանափակ, այդուհանդերձՙ կանոնակարգված կինոարտադրություն, կինեմատոգրաֆի միջոցով անցնող ժամանակի վավերագրական եւ գեղարվեստական անմահացումը կատարվեց ոչ բավարար կերպով: Ազգի մեծերին վավերագրելու գործը եւս, ցավոք, կատարվեց թերացումներով: Ճիշտ է, ունենք անցյալի ականավոր գործիչներին պատկերող վավերագրական ֆիլմեր, առնվազնՙ որոշ կադրեր (Աճառյան, Օրբելի, Իսահակյան, Փափազյան, Քոչար....), սակայն ինչո՞ւ չունենայինք, օրինակ, 1930-ականների եւ հաջորդ տասնամյակների մեր թատերական, օպերային, բալետային ներկայացումների ամբողջական տեսագրությունները: Բայց ինչի՞ մասին է խոսքը, երբ մեր մշակութային ղեկավարները խոհեմությունը չունեցան անգամ պահպանելու եղածըՙ հայ հեռուստաթատրոնի եւ ռադիոյի բազմաթիվ բեմադրություններ եւ հաղորդումներ... Եթե իրավիճակն այսպիսին էր Խորհրդային Հայաստանում, ապա ոչինչ չենք կարող ակնկալել հայ Սփյուռքից: Բարեբախտաբար, հայ եւ օտարազգի շարժանկարահաններ երբեմն դիպվածորեն ժապավենին դրոշմել են այս կամ այն հայ գործչին (Արշակ Չոպանյան, Հրանդ Նազարյանց), բայց դարձյալ եղած օրինակները կաթիլ են օվկիանոսում... Կինոբեմադրելու անկարողությունը Անցյալի վավերագրումը հնարավոր է նաեւ գեղարվեստական կինոյում, քանի դեռ կանգուն են շատ շինություններ, փողոցներ, քանի դեռ մնում են նահապետական գյուղը, կենցաղը, հագուկապը... Այդ առումով հսկայական է մեր կինոյի Մեսրոպ Մաշտոցիՙ Համո Բեկնազարյանի դերը, որի գլուխգործոցները կինոժապավենին պատճենել ու վերարտադրել են մոտ անցյալի բազմաթիվ իրողություններ, եւ ոչ միայն հայերի, այլեւ հարեւան ազգերիՙ խաղարկային ֆիլմերին տալով ազգագրական, վավերագրական արժեք: Եվ իսկապես, գեղարվեստական կինոնկարիՙ Բեկնազարյանի «Պեպոյի» շնորհիվ է անմահացել Թիֆլիսի երբեմնի մեծագույն եկեղեցական կառույցըՙ հայոց Վանքը, որը ֆիլմի նկարահանումից մի քանի տարի անց պիտի հիմնահատակ կործանվեր չարահռչակ Բերիայի հրամանով... Այդուհանդերձ, անցյալի շունչն ու հոգին դժվար գտանելի են ժամանակակից կյանք պատկերող մեր հին ֆիլմերում: Թե՛ կինոարտադրությունն էր նվազ, թե՛ արդիական թեմայի արծարծումներն էին քիչ: 1930-40-ականների քանի՞ խաղարկային ֆիլմում կտեսնենք, դիցուք, տվյալ ժամանակաշրջանի երեւանցու կամ գյումրեցու առօրյան, նիստուկացը, կենցաղը... Հետագա ժամանակաընթացքում հայ խաղարկային կինոն արդեն անհամեմատ համարձակ կերպով մուտք գործեց շարքային հայ մարդու տանիքի ներքո, կարողացավ պատկերել նրան իր հարազատ միջավայրերումՙ լիներ գյուղ թե քաղաք, տուն թե աշխատավայր, այնպես որ այսօր խորհրդահայ կինոժառանգությունը մեզ հնարավորություն տալիս է տեսողաբար-լսողաբար, բավական առարկայորեն զգալ եւ հասկանալ հետագա երեք տասնամյակների հայաստանյան իրականությունը... Նույնը, ցավոք, չենք կարող ասել սփյուռքահայ իրականության մասին: Առհասարակ, «սփյուռքահայ կինո» երեւույթը թվում է գրեթե վերացական մի հասկացություն: Ժամանակին սփյուռքահայ մի հեղինակՙ Մկրտիչ Մալխասյանը, իր «Հայ ազգային վերակերտումի առաջարկներ. մշակոյթ» գրքույկում նկատել էր. «Իսկ անտեղի պիտի ըլլար խօսի՜լն անգամ հայկական ֆիլմարուեստի մը մասինՙ Սփիւռքի մէջ»: Իրականում հայ Սփյուռքն իր կազմավորման վաղ շրջանից իսկ փորձեր է կատարել ազգային կինո ստեղծելու, մինչեւ անգամՙ ինստիտուցիոնալ մոտեցմամբ (դեռեւս 1919 թվականին ԱՄՆ-ում հայերը հիմնել են «Արմենիա ֆիլմ» անունով կինոստուդիա), իսկ տարբեր ժամանակներում Սփյուռքում կյանքի են կոչվել հայալեզու հայապատում շարժանկարներ, բայց, ցավոք, դրանք գրեթե բոլորն էլ, որպես օրենք, սիրողական մակարդակի, ցածրարվեստ գործեր են, հնդկական մելոդրամաների վատ ընդօրինակումներ, որոնք դիտելովՙ դարձյալ գրեթե անհնար է պատկերացում կազմել սփյուռքահայ մարդու, նրա արժեքների, հույզերի, ցավերի եւ ուրախությունների մասին: Կան, իհարկե, որոշ բացառություններ, հատկապեսՙ վերջին տասնամյակներում ստեղծված երկու-երեք աշխատանք (կրկինՙ ոչ բավարար մակարդակով), սակայն իր հայացքն առավելապես անցյալին հառած սփյուռքահայ կինոբեմադրիչի համար ասես մտահոգություն չի եղել ներկայի գեղարվեստական մարմնավորումը: Եթե առաջ սփյուռքահայ շարժանկարի չգոյություններից մեկի պատճառը տեխնիկական էր (կինոն արտադրություն էր, կինոնկարահանումը պահանջում էր ինստիտուցիոնալ մոտեցում), ապա այդ հարցն այժմ, կարելի է ասել, գրեթե գոյություն չունի: Թվայնացման դարաշրջանում կինոժապավենով չնկարահանելն այլեւս խոչընդոտ չէ, պարտադիր պայման չէ նաեւ մեծ կինոստուդիայի առկայությունը: Կադրերի՞ հարց. այս մեկը երբե՛ք չենք ունեցել: Հարյուր տարուց ավելի է, ինչ աշխարհի տասնյակ երկրների կինեմատոգրաֆում աշխատել ու աշխատում են հազարավոր հայեր ու հայազգիներ, որոնք միայն հաճույքով կմասնակցեն ազգային թեմայով շարժանկարի ստեղծմանը: Դեռեւս 1964 թվականին մեծանուն կինոբեմադրիչ Ռուբեն Մամուլյանը հայտարարել է, թե կցանկանար նկարահանել հայկական թեմայով մի ֆիլմ, որի սցենարիստը կարող է լինել Վիլյամ Սարոյանը, կոմպոզիտորըՙ Արամ Խաչատրյանը, ձեւավորող նկարիչըՙ Մարտիրոս Սարյանը, գլխավոր դերերը կկատարեն Շառլ Ազնավուրը եւ հոլիվուդյան աստղ Ակիմ Թամիրովը: Հիրավի, հզոր մի աստղաբույլ, որի համագործակցությունը կարող էր իրականություն դարձնել արվեստի հետաքրքրական մի գործՙ միաժամանակ աշխարհին եւս մեկ անգամ ցույց տալով հային... Սակայն, ավաղ, հայ Սփյուռքիՙ պարբերաբար հսկայական նվիրատվություններ ստացող մշակութային միությունները եւ անհատ մեծահարուստներն ի զորու չէին գիտակցելու նման մի գաղափարի կարեւորությունը, ամեն կերպ կառչելու դրանից եւ ֆինանսավորելու գոնե մեկ նման նախագիծ: Ահա եւ հանգեցինք կինո ստեղծելու մյուս կարեւոր գործոնինՙ նյութականին: Դարձյալ հիշենք սփյուռքահայ երախտավոր թատերական գործիչ Պերճ Ֆազլյանի խոսքերը. «Սփիւռքահայ ղեկավարութիւնը դրամական նպաստները կեդրոնացուց ամէն ինչի վրայ, երբեմն արդարացուցիչ, իսկ երբեմն անտեղի, նոյնիսկ կառուցեց եկեղեցւոյ ոսկեպատ գմբէթներ, բայց արուեստի ու մանաւանդ բեմի զարգացման համար միշտ կրկնեց «պիւտճէի հարցը...» (Պերճ Ֆազլյան, «Վրաններ պողոտաներու վրայ (յուշագրութիւն)», Անթիլիաս, 2004, էջ 169): Բայց հանգիստ թողնենք անցյալը: Այսօրվաՙ կինոնկարահանման համար առավել դյուրին պայմաններում եւ հայազգի կինոգործիչների դարձյալ մեծ թվի առկայությամբ տարեցտարի փոփոխվող հայ Սփյուռքը շարունակում է մեծ մասամբ մնալ կինոտեսադաշտից դուրս: Այդպես էլ գեղարվեստական կինոմեկնաբանության չեն արժանացել շարքային սփյուռքահայը, Մերձավոր Արեւելքի խոնարհ հայ աշխատավորը, Պոլսո Հայ կղզու բնակիչը, այնճարցի գյուղացին, Կիպրոսի Մելգոնյան դպրոցն ու իր սանը, իր թաղամասը պաշտպանող հալեպահայն ու բեյրութահայը... Վիլյամ Սարոյանի կողմից «կինեմատոգրաֆիկ» որակված բեյրության Բուրջ Համուդը կամ Մերձավոր Արեւելքի հայկական մեկ այլ միջավայր տակավին չեն դարձել ֆիլմի նյութ, իսկ կենդանի, շնչող, բաբախող արեւմտահայերեն լեզուն իր ողջ ճոխությամբ ու հարազատությամբ դեռեւս չի հնչում կինոէկրանին: Սփյուռքահայ նորագույն սերունդների ներկայացուցիչներ ինձ քանիցս խնդրել են տրամադրել արեւմտահայերեն ֆիլմերի ցանկ, եւ իմ ուղարկածները բավարարվել են արեւելահայ դերասանների հնչեցրած Մանարյանի «Տժվժիկով», «Կարինեով» եւ Մալյանի «Կտոր մը երկինքով»ՙ բնականաբար զանց առնելով թեեւ Սփյուռքում ստեղծված, սակայն գեղարվեստական ոչ մի քննության չբռնող զանազան «Երջանկության արցունքները» եւ «Պաղտասար աղբարները»... Ուշացել ենք նաեւ ա՛յս առումով, եւ ե՞րբ, եթե ոչ հենց այսօ՛ր պետք է մտածել նաեւ մեր ինքնության ա՛յդ դրսեւորումները կինոյում արտացոլելու մասին: Կոնկրետ առաջարկ Տարիներ շարունակ ինձ այցելող այս մտքերը վերջերս թարմացան, երբ կարդացի լիբանանահայ գրող Վաչե Ատրունու «Մեր թաղի մարդիկ» պատմվածքների ժողովածուն: Դրանցից լավագույնները, որոնք հմտորեն, մեծ աշխույժով եւ սուր գրչով տալիս են հայության մի հատվածի առտնին-կենցաղային նկարագիրըՙ հաճախ արտառոց, զավեշտական պատմությունների միջոցով, ընկալում էի որպես Ֆելինիի եւ Կուստուրիցայի թափն ու երեւակայությունն ունեցող գործեր, ասես ստեղծված հենց կինոյի համար: Ատրունու կերտած հայ հարազատ միջավայրըՙ համեմված գրողական երեւակայությամբ, վառ կերպարներով, աշխույժ գործողություններով, անսպասելի շրջադարձերով, հաճախ նաեւՙ արտակենտրոն ու գրոտեսկային վիճակներով, պրոֆեսիոնալ կերպով տեղափոխվելով էկրանՙ միանգամայն կարող են դառնալ սփյուռքահայ արվեստի մի ընդգրկուն կինոհամայնապատկեր, միաժամանակ լինելով վերՙ զուտ ազգային հետաքրքրությունից: Լավագույնըՙ որ նկարահանվի հենց Բուրջ Համուդում, գուցե հենց իրՙ հեղինակի կողմից (Ատրունին մասնագիտությամբ եւ զբաղմունքով թատրոնի վաստակաշատ բեմադրիչ է) եւ որ դա կատարվի հենց այսօ՛ր, քանի դեռ Բեյրութի այդ թաղամասը պահպանում է իր հայեցի դիմագիծը, քանի դեռ այնտեղ ավելի չեն շատացել այլազգի փախստականները... Դարձյա՞լ հիշենք նյութական միջոցների բազմաչարչար հարցը: Այսօր ե՞ւս հայ Սփյուռքը միջոցներ չունի իր կյանքը ցոլացնող գոնե մեկ մասնագիտորեն կյանքի կոչված շարժանկարի համար: Չէ՞ որ կան նման միջոցներ տնօրինող կառույցներ, արեւմտահայերենի պաշտպանման ու վերածնման մասին անընդհատ բարձրաձայնող... իսկ այդ գործը մի՞թե միայն զանազան հավաքներով ու գրքեր տպելով պիտի ապահովել: Կգտնվի՞ վերջիվերջո այն կառույցը, որը տասնամյակների այս ուշացումից հետո կգիտակցի կինոարվեստի առավելությունը ու վերջապես ձեռնամուխ կլինի Մերձավոր Արեւելքի հայությանՙ անցյալ տասնամյակների կյանքի հավաքական պատկերը տվող առնվազն մե՛կ արեւմտահայերեն կինոերկի ստեղծմանըՙ այդ լեզուն ու մշակույթը կրող դերասանների մասնակցությամբ: Ինչպես արդեն նշվեց, դեռ շա՛տ վաղուց պետք էր դա իրականացված լիներ... ու եթե նման գործ չարվի այսօրՙ վաղը դարձյալ ստիպված կլինենք խոստովանել, որ հերթական անգամ ուշացել ենք... |