«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՌԱՆԳԵԼՈՒ ԴԱՍԵՐԸ»` Լ.Ա-Ի ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ Հ.Ծ. Լոս Անջելեսի «Հանդուրժողականության թանգարանում» փետրվարի 7-ին տեղի է ունեցել գիտական սիմպոզիում, որին մասնակցել են մտավորականներ եւ հասարակական ծառայությունների ներկայացուցիչներ: Համաձայն «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի տեղեկությանՙ «Ժառանգելով Ցեղասպանությունը: Դասեր Հոլոքոսթի եւ Հայոց ցեղասպանությունը վերապրողների շրջանում տրավմայի միջսերնդային փոխանցումից» խորագրով գիտաժողովը կազմակերպել են Հարավային Կալիֆոռնիա համալսարանի (ՀԿՀ) Էդուարդ Ռոյբալ ինստիտուտը, Լոս Անջելեսի «Հրեական ընտանիքի ծառայություններ», «Հյուսիսային Ամերիկայի հրեական դաշնության» կազմակերպությունները եւ Հանդուրժողականության թանգարանը: Ցեղասպանության տրավման ժառանգելու իրենց անհատական փորձառության մասին ելույթ են ունեցել Հարավային Կալիֆոռնիա համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների բաժնի տնօրեն Սալբի Ղազարյանը եւ Հոլոքոսթը վերապրած Լիա Ֆրանկը: Բացման խոսքով հանդես է եկել ՀԿՀ-ի Համովիչ կենտրոնի փոխդեկան Չարլզ Կապլանը , որին հաջորդել են հոգեբան դոկտ. Նաթան Քելերմանի եւ հոգեբույժ դոկտ. Անդրեյ Նովակի ելույթները: Թերապեւտ Քրիստի Չարխուտյանը խոսել է ցեղասպանությունը ժառանգած հետնորդների մոտ կլինիկական միջամտությունների մասին: Վերջում տեղի է ունեցել քննարկում «Ձայներ խրամատներից» ընդհանուր խորագրի ներքո, որին մասնակցել են Քալի Քլեյնը , դոկտ. Սելինա Մանգասարյանը , Շեյլա Մուրը եւ դոկտ. Չարլզ Փիլավյանը : |