ՕԴԵՆՔԸՐՔԸՙ ԲԱՂԴԻԿՅԱՆԻ ԴԵՐՈՒՄ Հ. Ծ. «Բարքլի նյուզ» լրատվամիջոցի տեղեկություններով, դերասան Բոբ Օդենքըրքը ներկայացնելու է Բարքլիի Կալիֆոռնիա համալսարանի լրագրության բաժնի նախկին դեկան եւ «Վաշինգտոն փոստ» թերթի մրցանակակիր վետերան խմբագիրներից Բեն Բաղդիկյանին «Փոստը» (The Post) վերնագրով նոր գեղարվեստական ֆիլմում, որը պատմելու է 1970-ականներին մեծ աղմուկ հանած «Պենտագոնյան թղթածրարների» հրապարակման գաղտնի մանրամասնությունների մասին: 4000 էջից բաղկացած կառավարական որոշումներ եւ 3000 էջի սահմաններում պատմական վերլուծություններ պարունակող այդ թղթածրարները բացահայտում են Մ. Նահանգների նպատակները Վիետնամի պատերազմի ժամանակահատվածում: Այդ պատերազմում 60 հազար ամերիկացի զինվոր սպանվեց, եւ 150 հազարն էլ վիրավորվեց: 1955-ից 1975-ը ավելի քան երեք միլիոն ամերիկացիներ ծառայել են Վիետնամում: Բաղդիկյանը իր ծանոթներից Դանիել Էլսբերգից ստանալով այդ թղթածրարներըՙ մեծ ջանքեր է գործադրել, որ «Վաշինգտոն փոստը» հրապարակի դրանց մի մասը 1971-ին, հակառակ այդ ժամանակվա Նիքսոնի վարչակազմի խոչընդոտներին եւ սպառնալիքներին: Էլսբերգին մեղադրել էին գաղտնի փաստաթղթերը գողանալու մեջ, բայց մեղադրանքները հանվել էին 1973-ին, իսկ փաստաթղթերը այժմ առցանց հասանելի են բոլորին: 2010-ին «Բանկրոֆթ գրադարանի» բանավոր պատմության կենտրոնի հրապարակած կենսագրական զեկույցում Բաղդիկյանը իր արարքը նմանեցնում է վերջին շրջանի վիքիլիքսյան բացահայտումներին: Այդ ժամանակ նա ասել էր խմբագրությանը, որ «եթե չհրապարակենք, խրախուսելու ենք կառավարությանը, որ նորանոր սխալներ գործի եւ գաղտնի պահի»: Օդենքըրքը հիացել է Բաղդիկյանի հետեւողականության եւ լրագրությանը նվիրվածության մասին կարդալով: Բեն Բաղդիկյանը վախճանվեց 2015-ին: Ֆիլմը յուրահատուկ մեծարանք է նրա գործունեությանը: |