ՄԱՐԻԱ Վ.Ա. ՇԻՄԲՈՐՍԿԱ Պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ Մարիա Վիսլավա Աննա Շիմբորսկան (Wislawa Szymborska) (1923-2012) լեհ բանաստեղծուհի է, էսսեիստ եւ թարգմանիչ, որն 1996-ին արժանացել է գրականության գծով Նոբելյան մրցանակի, իրՙ թվով ոչ շատ ստեղծագործությունների համար, որոնք «մարդկային իրականության պատմական եւ կենսաբանական կոնտեքստն են երեւան հանում հեգնական երանգներով եւ առանձնահատուկ ճշգրտությամբ»: Համաշխարհային հռչակ է ձեռք բերել այդ մրցանակի շնորհիվ: Նրա գործերը թարգմանվել են մի շարք եվրոպական լեզուների, ինչպես նաեւ արաբերենի, եբրայերենի, ճապոներենի եւ չինարենի: Շիմբորսկան ծնվել է 1923 թվի հուլիսի 2-ին Պրովենտում (Լեհաստան), որն այժմ Կոռնիկի մաս է կազմում: Հայրը լեհ հայրենասեր եւ բարեգործ կոմս Վլադիսլավ Զամոյսկու գործերի կառավարիչն էր: 1924-ին Զամոյսկու մահից հետո, Շիմբորսկայի ընտանիքը տեղափոխվել է նախ Տորուն, եւ ապա 1931-ինՙ Կրակով, որտեղ Մարիա Վիսլավան ապրել եւ ստեղծագործել է մինչեւ իր մահըՙ 88 տարեկանում, 2012-ի փետրվարի 1-ին: Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին նա շարունակել է իր ուսումը ընդհատակյա դասընթացներում սովորելով: 1943-ից աշխատել է լեհական երկաթգծում եւ որպես բանվորական հարկադիր աշխատանք կատարողի չի տեղափոխվել Գերմանիա: Այդ ժամանակ էլ սկսել է նկարազարդումներ անել անգլերեն ուսումնական գրքերի համար, եւ պատմվածքներ ու բանաստեղծություններ գրել: 1945-ից սկսել է ուսումնասիրել լեհ գրականությունը, իսկ հետո Յագելլոնի համալսարանում (Կրակովում) սովորել է հասարակագիտություն (սոցիոլոգիա): 1945-ին իր առաջին բանաստեղծությունը «Որոնելով բառերը» խորագրի ներքո տպագրվել է «Dziennik Polski» օրաթերթում: 1948-ին ֆինանսական ծանր կացության հետեւանքում թողել է ուսումը եւ ամուսնացել բանաստեղծ Ադամ Վլոդեկի հետ: Ամուսնալուծվել է 1954-ին: Ամուսնության տարիներին աշխատակցել է կրթական երկշաբաթյա մի հանդեսի որպես քարտուղարուհի եւ նկարազարդող: 1949-ին գրաքննությունը իր առաջին գրքի հրատարակումը չի թույլատրել «սոցիալիստական պահանջներին չհամապատասխանելու» պատճառաբանությամբ: Չնայած Լեհաստանի «Միացյալ բանվորական» կուսակցության անդամությունից չի հրաժարվել, սակայն հետզհետե հեռացել է սոցիալիստական գաղափարախոսությունից եւ կապեր հաստատել այլախոհների հետ: 1957-ից համագործակցել է Փարիզում հրատարակվող վտարանդի լեհական «Kultura» ազդեցիկ հանդեսին: 1953-ից «Գրական կյանք» (Zycie Literackie) գրախոսական ամսագրի աշխատակազմում է եղել եւ 1968-ից գրախոսականների իր սյունակն է ունեցել մի այլ ամսագրում: 1981-83 թվերին խմբագրել է կրակովյան «Բարձրաձայն» (NaGlos) ամսաթերթը: Այդ թվերից էլ ուժեղացրել է ընդդիմադիրի իր գործունեությունը: Լեհերենի է թագրմանել ֆրանսիական գրականության նմուշներ, հատկապես Ագրիպա Դ՛Ոբինյեի գործերն ու բարոկկո ոճի բանաստեղծություններ: Իր մահվանից մեկ տարի անց հիմնվել է Վիսլավա Շիմբորսկայի անվան մրցանակը հավերժացնելու համար իր գրական ժառանգությունը: Արժանացել է մի շարք մրցանակների եւ մեդալների: Հրատարակված գործերից են «Այդ պատճառով էլ մենք ողջ ենք», «Հարցրու ինքդ քեզ», «Կանչելով Էթիին», «Ոչ պարտադիր ընթերցանություն», «Վերջն ու սկիզբը», «Այստեղ», «Մարդիկ կամրջի վրա» հատորները: Բանաստեղծություններից մի քանիսը երգի են վերածվել: Մի քանիսն էլ օգտագործվել են ֆիլմերում: Բացի Նոբելյանից, արժանացել է Գյոթեի (1991), Հերդերի (1995) եւ լեհական Պեն ակումբի մրցանակներին: Ստորեւՙ մի նմուշ նրա բանաստեղծություններից, Վարուժան Ավետիքյանի թարգմանությամբ: ՎԵՐՋԸ ԵՎ ՍԿԻԶԲԸ Յուրաքանչյուր պատերազմից հետո ինչ-որ մեկը պետք է մաքրտի: Ի վերջո գործերը իրենք իրենց չեն կարգավորվում: Ինչ-որ մեկը պետք է աղբը հրի փողոցի ծայրը, որ դիակներով լի կառքերն անցնեն: Ինչ-որ մեկը պետք է աղտոտվի տիղմի ու մոխրի, բազկաթոռի զսպանակների, փշրված ապակու եւ արյունոտ գորգերի մեջ: Ինչ-որ մեկը պետք է քարշ տա հենագերանը` մի պատ կանգնեցնելու համար: Ինչ-որ մեկը պետք է ապակին դնի պատուհանի մեջ, տեղադրի մի դուռ: Ֆոտոգենիկ չէ հաստատ, եւ տարիների աշխատանք է: Բոլոր տեսախցիկները լքել ու գնացել են այլ պատերազմի համար: Մեզ անհրաժեշտ են վերադարձնել կամուրջները եւ նոր երկաթուղային կայարաններ: Թեւքերն են պատառոտվելու վերեւ քշտվելուց: Ինչ որ մեկը ավելը ձեռքին, դեռ հիշում է թե ինչն ինչոց էր: Ինչ որ մեկը լսում ու տմտմբացնում է չգլխատված գլխով: Սակայն մոտակայքում արդեն ոմանք սկսում են ցրվել համարելով տաղտկալի: Թփերի միջից երբեմն ինչ-որ մեկն ի հայտ է բերում ժանգոտված փաստարկներ ու դրանք տանում դեպի աղբակույտը: Նրանք, ովքեր գիտեին, թե ինչ էր կատարվում այստեղ պետք է տեղ տան նրանց, ովքեր գիտեն քիչ: Եվ քչից էլ քիչ: Եվ ի վերջո քիչՙ որքան ոչինչ: Խոտերի մեջ, որը գերաճած է պատճառներից ու արդյունքներից, ինչ-որ մեկը պետք է պառկած լինի խոտի շյուղը բերանին` հայացքը սեւեռած ամպերին: Թրգմ. ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՔՅԱՆ |