RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2018-03-09 > #010, 2018-03-16 > #011, 2018-03-23 > #012, 2018-03-30 > #013, 2018-04-06

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 23-03-2018



ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղադրվել է` 2018-03-22 22:41:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 2630, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼՌՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍՈՒՄ

Սեդա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ-ԱՆԱՆՅԱՆ, Լոնդոն

Վերջերս հայրենի մամուլը կարեւոր լրատվություն հրապարակեց հայ մշակույթի անվանի գործիչների ապագայում բացվելիք թանգարանների մասին: Անշուշտ ուրախալի է լսել մեր ազգի երախտավորների հանդեպ գնահատանքի նման նախաձեռնությունը մեր անկախ երկրում, երբ նախկինում նման որոշումները գալիս էին միայն հյուսիսից:

Ուրախալի է նաեւ նրանով, որ այդ թանգարանները իբրեւ մշակույթի կենտրոններ որոշ առումով դաստիարակիչ-իմացական միջոց են մատաղ սերնդի համար, ինչպես նաեւ օտար այցելուներին մատչելի-տեսանելի կերպով ծանոթացնելու մեր հոգեւոր արժեքներին ու դրանց գնահատմանը:

Թերեւս ավելորդ է ասել, թե հպարտության ինչպիսի զգացում է ունենում ամեն մի հայ այցելելով ամեն անգամ մեր մեծերիՙ Թումանյանի, Սարյանի. Քոչարի, Իսահակյանի, Արամ Խաչատրյանի, Փարաջանովի եւ Կոմիտասի թանգարանները:

Սակայն զարմանք ու ցավ պատճառեց ամենքիս, թե ինչո՞ւ վերջերս փակվեց Մեծն Թամանյանի թանգարանը:

Ինչպես գիտենք, այդ թանգարանը մեծ ուշացումով բացվեց 2001-ին, ճարտարապետի մահվանից 65 տարի հետո միայն: Կարելի է ասել, թեեւ ուշացումով, ուղղվեց այդ սխալըՙ ի հաճույս համայն հայության:

Պիտի ասել, որ այցելուների թիվը պակաս չէր այդ թանգարան, որտեղից նրանք հեռանում էին խորապես տպավորվածՙ իրազեկ դառնալով Թամանյանի անցած դժվարին ու մաքառուն կյանքին, միաժամանակ հպարտՙ նրա թողած քաղաքաշինության անկրկնելի ժառանգությամբ:

Բայց արի ու տես, որ երկար չտեւեց այս բարեբախտությունը: Ինչպես ասացինքՙ թանգարանը փակվեց 2016-ին, գործելով ընդամենը 15 տարի, շինության ճակատին թողնելով միայն «Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի թանգարան» փորագրությունը:

Այս աննախադեպ բոթը զարմանք ու հիասթափություն պատճառեց մարդկանց, ոմանք ասացին, թե նո՛ր, ավելի հարմարավետ շենք է տրամադրվելու թանգարանին, մյուսները թեՙ պետությունը միջոցներ չուներ...

Բնականաբար հարց. Ինչո՞ւ այդ միջոցները սպառվեցին հատկապես բացառիկ այդ երախտավարի համար, երբ նույն ժամանակ նախատեսվում է բացել ուրիշ 4-5 նորերը: Գուցե այն պատճառով, որ ժամանակին մեծ հանճարը ի՞նքն է համեստորեն մերժել այդ շնորհը...

Քանի որ խոսքս այստեղ հասավ, կուզենայի ընթերցողի ուշադրությանը ներկայացնել խնդրին առնչվող մի դիպված, որին ներկա եմ եղել տարիներ առաջ...

***

1977-ին Հայկական Հանրագիտարանում պատրաստվում էին առաջիկա չորրորդ հատորի նյութերը, որտեղ տեղադրվելու էր նաեւ «Թամանյան Ալեքսանդր Հովհաննեսի» հոդվածը: Այդ հոդվածը պատվիրված էր ճանաչված ճարտարապետ-թամանյանագետ երջանկահիշատակ Լեւոն Զորյանին:

Ասեմ, որ Հանրագիտարանի հեղինակային հոդվածները մեզ ներկայացնում էին անվանի մտավորականներն իրենք անձամբ: Հիշում եմ, երբ Լեւոն Զորյանը խմբագրություն եկավ, բերելով հոդվածը, բոլորսՙ բաժնի վարիչ Վիշտ Հակոբջանյանը, Սարո Սարուխանյանը եւ ես, հարգանքով դիմավորեցինք նրան, իսկ ճարտարապետ Արան, Զորյանից հոդվածը իսկույն վերցնելով առանձնացավ մի անկյունում: Սակայն մի քանի րոպե անց նա վերադարձավ հոդվածը ձեռքին ու սկսեց բարձրաձայն ու ոգեւորված կարդալ: Մենք համակ ուշադրությամբ լսում էինք նրան, գոհունակությամբ նայելով հեղինակին:

Հրաժեշտից առաջ Զորյանը մեզ հետաքրքրական մանրամասներ պատմեց Թամանյանի կյանքից, անդրադառնալով 30-ական թվականներին, երբ մեր Երկիրը գտնվում էր քաղաքական-տնտեսական դժվարին ու ծանր պայմաններում, ճիշտ նույն ժամանակ, երբ Մեծ Ճարտարապետը իրացնում էր Օպերայի շենքի (որ «Ժող Տուն» էր կոչվում) մոնումենտալ նախագիծը: Նա անդրադարձավ այն փաստին, որ այդ տարիներին կառավարությունը որոշում էր կայացրել, ի հատույց Թամանյանի ազգանվեր ծառայության, առանձնատուն կառուցել նրա համար, որից ճարտարապետը մեծահոգաբար հրաժարվում է, ասելով, որ ավելի ճիշտ է այդ միջոցները տրամադրել «Ժող Տան» կառուցմանը:

***

Վերստին դառնալով բազում տասնամյակներ հետո վերջապես բացված թանգարանին, ինչպե՞ս բացատրել նրա անակնկալ փակումը, երբ նախատեսվում է բացել նոր թանգարաններ ու հյուրանոցներ...

Ցավով եմ գրում այս տողերը, մտածելով եւ հուսալով, որ թերեւս իրավասու այրերից մեկը կարդալով դրանք, կարող է ասել.

Սա ո՞վ է, որ կարծիք է հայտնում:

Ես էլ կպատասխանեմ, որ հայ եմ, պարզ քաղաքացի, հպարտ մեր ազգային արժեքներով ու նրանց պահպանմամբ, ու դա բոլորիս պարտքն է:

Ավարտելով խոսքս, շատ կուզենայի զղջալ վերոհիշյալ մտքերիս համար: Հավանաբար երկրի ղեկավարները. մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետն ու քաղաքապետը մտահոգ են ու պատվախնդիր կգտնվեն այս կարեւոր խնդրի հրատապ լուծման հարցում, որին մենք մնում են սպասող...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 23-03-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ