RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2018-03-09 > #010, 2018-03-16 > #011, 2018-03-23 > #012, 2018-03-30 > #013, 2018-04-06

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 23-03-2018



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2018-03-22 22:41:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 2266, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՌՈՒՄԻՆԻԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ, ՈՐ ԳԻՐՔ ԵՆ ԿԱՐԴՈՒՄ»

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Թեպետ Լայպցիգում կայացած 2018- ի գրքի միջազգային տոնավաճառի մրցանակակիր վիպագիր նկատվեց բեռլինցի հեղինակ Էսթեր Կինսկին, բայց գերմանական լրատվամիջոցները հատուկ ուշադրություն նվիրեցին մեր հայրենակից Վարուժան Ոսկանյանիՙ այդ հարթակում ներկայությանն ու նրա նոր գրքին:

Լայպցիգի գրքի տոնավաճառի հյուր երկիրը ներկայացնող Ռումինիան անշուշտ առիթ էր ստեղծել դրա համար, բայց Ոսկանյանի «Շշուկների մատյանը» բազմաթիվ հիացական գրախոսականներով մնացել է գերմանական մամուլի, ընթերցողների հիշողության մատյաններում: «Գրողին մեծ ճանաչում է բերել «Շշուկների մատյան»- ը, դրա հրատարակությունից հետո Ոսկանյանը դասվում է արդի նշանավոր գրողների շարքում», վկայում է «Բայրիշե ռունդֆունկի» լրագրող Կորնելիա Ցեթչեն (Cornelia Zetzsche) գրողի հետ ծավալուն հարցազրույցում, որի միայն մի հատվածն ենք առանձնացնում «Ազգ»-ի այս համարումՙ առաջիկայում դրան անդրադառնալու պայմանով: 2005- ից Ոսկանյանը Ռումինիայի գրողների միության փոխնախագահն է: Ապրում է Բուխարեստում: Իր նորՙ «Երբ աշխարհը դեռ ամբողջական էր» գիրքը նվիրված է Ռումինիայի պատմությանը: Չաուշեսկուի դիկտատուրայի ծանր ժառանգության, Ռումինիայի ճակատագրի մասին է գիրքը: Հայոց ցեղասպանության վերապրողների թոռ Վարուժան Ոսկանյանը լույս աշխարհ է եկել 1958- ին, Կրայովայում: Տնտեսագետ մաթեմատիկոսի քաղաքական կարիերան հարուստ էՙ պատգամավորից ֆինանսների, ավելի ուշՙ տնտեսության նախարար: 1996- 2003- ին «Աջ ուժերի միություն» նեոլիբերալ կուսակցության առաջնորդն է եղել, ավելի ուշ միավորվել է «Ազգային լիբերալ կուսակցության» հետ, նշում է բավարական լրատվամիջոցը :

Գրողի դիտողականության կարեւորության մասին խոսելով Ոսկանյանն ասում է, թե իր ստեղծած գեղարվեստական գործն իրականության ծնունդ է: Առանց իրականության չկա գեղարվեստ, իրականություն գումարած խորհրդանիշ, հավասար էՙ գեղարվեստական երկ: «Ինձՙ Ռումինիայում ծնված հայիս համար հիշողությունը ներկայի մաս է, ոչ անցյալի: Ռումիններս շատ տրավմաներ ունենք, որ երբեւէ չեն բուժվելու, այդ է պատճառը, որ շարունակում ենք փրկության ուղիներ փնտրել: Ռումինիան այսօր ներքաղաքական շատ խնդիրներ ունի: Մեր սխալն այն էր, որ 90- ականներին կոմունիստներն իշխանության մնացին: Էվոլյուցիայի ռիթմը, էմանսիպացիան Ռումինիայում ավելի դանդաղ է, քան Հունգարիայում, Չեխիայում կամ Լեհաստանում: Բնակչության դժգոհության, արտագաղթի պատճառը դա է: Բացի դրանից անցումային յուրաքանչյուր փուլ որոշ մարդկանց եւ խմբերի համար շահավետ պայմաններ է ստեղծում, ինչից այն զգացումն է ծնվում, թե բախտն ու հարստությունը կոռուպցիայի արդյունք են: Միաժամանակ մենք կոռուպցիայի դեմ պայքար ենք մղում, որ դժբախտաբար նոր չարաշահումների առիթ է տալիս: Այդ պատճառով էլ հասարակությունը պառակտվում է»: «Մեր գլխում աշխարհն ամբողջական է: Իմ սերնդին շնորհված էր 6-րդ զգայարանն ունենալՙ պատերից անդին տեսնելու ունակություն: Պատերը բարձր էին, բայց այն աշխարհը, որ տեսանելի էր մեզ, հրաշալի էր: Այնտեղ էինք կամենում լինել, դրա համար էլ փշրեցինք պատերը, բայց այն հրաշք աշխարհը, որ մեր իդեալն էր, այլեւս չկար: Այդ է պատճառը, որ իմ սերնդի հույսին մելամաղձ է խառնված: Իմՙ երկրորդ համաշխարհայինից հետո ծնված սերնդի Եվրոպա բերած ուղերձն է դա, նաեւՙ գրականության մեջ: Այստեղից էլ գրքիս վերնագիրըՙ «Երբ աշխարհն ամբողջական էր»: Հերոսը տեսնում է առարկաներ, որ այլեւս գոյություն չունենՙ ծառեր, որ այժմ հատված են, տներ, որ ավերակ են: Կարծում եմՙ ռումիններին կյանքի իմաստը գտնելն է պակասում, նրանք իրենց ճակատագրով տրվածը չեն ճանաչում, չգիտենՙ ում հետեւեն: Մշակույթը մարդու հաղթանակի միակ հնարավորությունն է, որ պարտվողներին անտես չի առնում, իսկ նվաճում էՙ առանց նվաստացնելու: Եթե մեկին արվեստի մեջ հաղթես, թշնամի չի դառնա, այլՙ բարեկամ: Ռումինիան կարիք ունի քաղաքական գործիչների, որ գիրք են կարդում, որ հասկանում են իրական արժեքները, որ Եվրոպայի սիրտն են ընկալում: Իմ կերպարներն ապրում են հորիզոնական ժամանակի մեջ, որ Ռումինիայի անցումային ժամանակն է: Միաժամանակ նաեւՙ ուղղահայաց ժամանակում, ինչպես Ջեյմս Ջոյսի Լեոպոլդ Բլումը կամ Ֆելիցիան (խոսքը Ջոյսի «Ուլիս» վեպի մասին է- Ան. Հ.), ցույց տալով, թե կան հավերժական վավեր խորհրդանիշներ, եւ մարդկության մեծ լեգենդները կարող են կրկնվել յուրաքանչյուր սովորական կյանքի ընթացքում»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 23-03-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ