RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 11-10-2019



ԳՐԱԽՈՍ

Տեղադրվել է` 2019-10-10 20:41:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 1205, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԻ ՄՈՒՉԻԿ ՏԵՍԱԿԸՙ ԸՍՏ ԱՐԾՈՒԻԻ

Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Ո՞րն է մարդու դերը Երկիր մոլորակի անխափան պտույտներն ապահովելու գործում: Արդյոք նա նպաստո՞ւմ է երկրապտույտի առողջ շարունակականությանը, թե՞ ետ է քաշում այն: Կան մարդիկ, ովքեր շարունակականությունն ապահովող նվիրյալներ են, անշուշտ, նվիրումի տարբեր աստիճաններով, եւ կանՙ ովքեր ապրում են «ինձանից հետո ջրհեղեղ» կարգախոսով կամ այդ հոգեբանությամբ:

Այսպես, պտտվում է Երկիր մոլորակը, ուր ապրում են ստեղծող եւ ավերող մարդկային տեսակներըՙ կարեւորելով յուրաքանչյուրն իր գործը, կամ մյուսի վզին փաթաթելով իր իմացած ճշմարտությունները: Այս տեսակների միջակայքում, սակայն, մարդկային մի ուրիշ, հայավարի շնչառություն եւս կա, որը նկատվում է հատուկ անուն ունեցող մարդկանց մի առանձին տեսակի մոտ, եւ այդ տեսակի անունն էՙ Մուչիկ: Իսկ, եթե անուն ունի, ուրեմն, կենսագրությունՙ եւս: Ահավասիկՙ

Անուն Ազգանուն - Մուչիկ Հայաստանցի

Ծննդավայր - Հայկական բարձրավանդակ

Բնակավայր - Այլաստան

Ծննդյան ժամանակը - Հայ ժողովրդի ծագում

Մասնագիտությունը - Վարպետ

Աշխատանքի բնույթը եւ առարկան - Ամեն ինչ

Ահա հենց այս տեսակինՙ հայ ժողովրդի բոլոր ժամանակների մուչիկներին է նվիրված Արծուիի (Արծվի Բախչինյան) «Այլաստանցի Մուչիկ Հայաստանցին» վեպը, որի էջերում անընդհատ ալիքվում է հերոսիՙ մուչիկությանը բնորոշ հակասական բեւեռներ ունեցող իրավիճակներում ունեցած միեւնույն տրամադրությունը. նա «ուրախ է, որ գնում է Հայաստան, ուրախ է, որ գնում է Հայաստանից», սակայն, այս միեւնույն գալու եւ գնալու ընթացքում ունեցած միեւնույն տրամադրության պատճառը, նրան սնունդ տվող հիմքը դեռեւս լրջորեն ոչ միայն բացահայտված չէ, այլեւ վերհանված չէ հայ գրականության կողմից:

«Ավելի լավ ա Հայաստանը հեռվից սիրեմ, իմը հոգեւոր Հայաստանն ա... թե չէ ամեն անգամ գալիս եմ, ներվայնանում եմ ու գնում,- ասաց մտքում Մուչիկը ինքնաթիռ բարձրանալով ու անդրադարձավ, որ ամեն անգամ էս նույն բանն է մտածում, բայց որոշ ժամանակ անց, միեւնույն է, գալիս է իր չհոգեւոր Հայաստանը, լիցքավորվում արեւով, վառ գույներով, օրգանական սնունդով, թարմացող հուշերով, նոր տպավորություններով ու (ավաղ) նոր տհաճություններով: Ու միշտ նույն զգացողություններըՙ ուրախ է, որ գնում է Հայաստան, ուրախ է, որ գնում է Հայաստանից...: ...Բայց էս հայրենիք կոչվածը միշտ հետդ է, ուր էլ գնաս, ինչ լեզվով էլ խոսես, ինչ ազգի կնոջ հետ ապրես, հետդ է, հետդ է, հետդ է, արյանդ գնդիկներում, ուղեղիդ ծալքերում, կոպերիդ ետեւում, մաշկիդ ծակոտիներում, արցունքապարկերիդ մեջ, քուն ու արթուն երազներումդ...»: Ահա տարաբնույթ իրավիճակներում անգամ մուչիկության տրամադրվածության ընդհանուր պատկերը, որը հոգեւոր Հայաստանը ներսում կրելու, հետն ունենալու իրողությունն է:

Հազարավոր տարիներ շարունակ ապրել է հայի մուչիկ տեսակըՙ հարմարվելով ժամանակների բարքերին, կրելով Հայաստանի ու աշխարհ-այլաստանի նկատմամբ այլ չափումներ ունեցող զգացումներ:

Վեպի հերոսն այդ չափումներն օդից չի վերցրել: Եթե չխոսենք հայոց պատմությունից ավանդված փաստերի ու զգացումների մասին, նա ինքն իր համար, ասես, քանդել ու կրկին հավաքել է իր շուրջը եղած շուրջ կեսդարյա հայկականությունը: Աշխարհագրական տարբեր բնակավայրերի, գաղափարների, կենցաղավարական այլազանությունների ամեն տեսակ պահանջներին դիմագրաված եւ իրենց հախուռն ապրելակերպերով հանդերձ տարբեր ընտանիքների միավորումը մեկ ընդհանուր հասկացությանՙ հարազատական, բարեկամական, խնամիական կապերը պինդ պահելու հասկացության շուրջը... Ահա թե ընտանեկան ինչ միջավայրում է ծնվել ու մեծացել վեպի հերոս Թաթուլը, մինչեւ մուչիկ տեսակի մարդկանց շարքերն անցնելն ու հենց Մուչիկ անունն ստանալը: Մինչ այդ, աշխույժ ու ընկալունակ տղայի առջեւ երեւանյան հայ իրականությունն էր իր կենցաղով, կրթությամբ, մտածողությամբ, «ախպարական», «կինտո-կեկելական» պահվածքներով, հայոց լեզվի հնարավորությունները ծիծաղաշարժ ներկայացնելու մեջ իր առավելագույն հմտություններով եւ այն ամենով, ինչով շնչում էր խորհրդային «ոսկե իրականությունը»: Ամեն ինչի ակտիվ ընկալումը, սակայն, հերոսին չի տանում իրականությունը ծանր ու թեթեւ անողի լրջագույն դերակատարմանըՙ այլ կյանքն ընդունելով հենց այնպես, ինչպիսին այն կա, նա վերցնում է ճամպրուկն ու գնում մուչիկների հետքով: «Այլաստաններում» ապրելու Մուչիկի ձգտումներին հակադրվում են միայն Հայաստանում, միայն հարազատների, ծնողների կողքին ապրելու գաղափարակիրները: Նա երբեմն փորձում է ինքնաարդարացումներով պաշտպանվել («Մենք կոսմոպոլիտ ազգ ենք, մենք ուր էլ լինենք, ընդունում ենք տեղականը որպես մեր սեփականը...»), երբեմն էլՙ մակերեսային ճշմարտություններով ապրողի հոգեբանությամբ խորհուրդ է տալիս, թեՙ թեթեւ ապրեք: Թեթեւ ապրելու իմաստը, սակայն, Մուչիկը տեսնում է ոչ թե մարդկային որակներն անտեսելու, խիղճը կորցնելու, պատվի խնդիրը մոռանալու մեջ, այլՙ իրականության անկյունները չսրելու, ծայրահեղության չհասնելու մեջ: Օրինակՙ այս տեսակը կարող է ականջի պոչով լսել հարազատների թախանձանքները, թեՙ էլի գնում ես, մնա մի օր էլ... բայց եւ կարող է այսպիսի կյանքով ապրել «...աշխատանքի անցավ Պոզնանից դուրս գտնվող «Ոսկե աքաղաղ» սպանդանոցում, որտեղ հավեր էին մորթումՙ իրենց ամուսիններով ու երեխաներով հանդերձ: Նման գործը շատ էլ սրտովը չէր, բայց դե ինչ արած, օտարության մեջ է, պիտի կարողանա գլուխը պահել: Մինչեւ ժամը հինգը Մուչիկը հավեղեն էր մորթում, իսկ երեկոյան զբաղվում էր նկարչությամբ, որ ձեռքը հետ չվարժվի: ...էլի կաշխատեր, եթե երրորդ տարվա վերջին ամեն գիշեր իրեն չսկսեր այցի գալ նույն մղձավանջըՙ ինքը գլխապատառ, լեղապատառ եւ այլ պատառներով փախչում է իր ետեւից ընկած հավերի, աքլորների, ճտերի մի հսկա վաշտի, թե գումարտակի առջեւից: Աշխատանքից դուրս գալուն պես այդ կրկնվող երազն էլ դադարեց, բայց Մուչիկն այլեւս կյանքում բերանը հավի կամ նրա հարազատների միս չդրեց»:

Այստեղ մարդկային ներաշխարհային խոր, բարոյական արժեքների ու որակների ներկայություն է, ոչ թեՙ ազգային բարձրագոչ կամ նեղ անձնական, ձեռքբերովի ճշմարտությունների անկյունների սրում, ինչով լի էր հերոսի ճանաչած իրականությունը:

Մուչիկ, վերջապես, ո՞վ ես դու... ո՞րն է քո ապրելու առանձնահատկությունը, ինչո՞վ է պայմանավորված եւ որքանով է անհրաժեշտ քո տեսակի գոյությունը:

Հեղինակը վեպում չեզոք դիրք է գրավում: Նա այս տեսակի ոչ թե քննադատը կամ գաղափարակիրն է, այլ ներկայացնողը: Նա խոսում է հայի տեսակի մասին, որի գոյության առավելագույն նրբություններն զգացել է սեփական մաշկի վրա: Հենց ինքն էլ պեղել է նրան, հարազատավարի դուրս քաշել բոլոր ժամանակների միջից, թույլ տվել, որ մտնի իր սեփական ժամանակի, իր ապրած օրերի մեջ եւ դրսեւորվի առանց թաքնվելու, գլուխը բարձր կանգնելու մյուսՙ ստեղծող եւ ավերող տեսակների կողքին, որովհետեւ նա ոչ գաղջ է, ոչ լպրծուն, ոչ պարսավելի, ոչՙ ինչ-որ կիսատ-պռատություն, այլ հայի լիարյուն տեսակ էՙ շատ պարզորոշ յուրահատկություններով, այսինքնՙ Երկիր մոլորակի պտույտի մեջ հայի պտույտի վկա տեսակ:

Մուչիկՙ այսինքն հայի տեսակ, «որ ինչքան էլ իրեն կոսմոպոլիտ համարի, ինքը, ուզի-չուզի, պատկանում է աշխարհագրական-պատմական-հուզական մի համալիր իրականության»: Այս հետեւությանը Մուչիկը հանգեց, հատկապես, երբ «ֆրանսիացի մի արվեստաբան նկատեց, որ, թեեւ Մուչիկի կտավներում իշխում է վարդագույնը, բայց նա, այդուհանդերձ, վարդագույն հայացքով չի նայում աշխարհին»: Իսկապես, Մուչիկՙ հայկականության վկայություն: Ինչպե՞ս կարող էր նա վարդագույն ակնոց կրել օտարի «նեգրը լինելու» պայմաններում.

«- Ամոթ ձեզ,- քթի տակ փնթփնթաց Վիտոլդն իր անտանելի ժանգոտ ձայնով,- իմ շնորհիվ եկաք այստեղ, իսկ հիմա... Հատկապես քեզ, անշնորհակալ հայ, Վասիլին գոնե իմ ազգականն է, իսկ դու եկել ես, այս երկրի հացն ես ուտում...

- Ես այս երկրի հացը ուտում եմ իմ վաստակած քրտինքով, հասկացա՞ր, անշնորհակալ լեհ,- ընտիր լեհերենով շարեց Մուչիկը:- Ամոթն էլ քեզ, որ մեզ նեգրավարի շահագործում էիր, ես առանց քեզ էլ իմ գլխի ճարը կտեսնեմ»:

Մուչիկ, այսինքնՙ զգայուն լար, որը շատ տարբեր է Հայաստանում «դիվան քշող դիվանագետներից», պատեհապաշտներից, տեսակՙ որը աստվածային արարչագործությամբ պսակված լինելու փառավոր փաստից տեղը չի գտնում, ու անընդհատ, թեկուզ երեւակայությունների միջոցով գնում է արարումների ետեւից: Մուչիկՙ մարդ, որը չի կարող ապրել առանց արարման շնչառության, ու կրկին ինքնաթիռ է բարձրանում, բռնում այլաստանների ճանապարհը:

Վեպը մի խնդիր ունիՙ գտնել, ճանաչել ճշմարիտ, զտարյուն մուչիկներին, չշփոթել այլաստաններում այլ առումներով «թափ առնելու» գնացած թափառաշրջիկների հետ:

Արծուիի վեպը մի շատ կարեւոր բան առանձնացնում է հային վերագրվող թափառաշրջիկության հոգեբանության տիրույթում: Վեպն ընթերցելովՙ հանգում ես այն համոզումին, որ հայի թափառաշրջիկությունը կարող է լինել նաեւ մի մղում, որն ավելի շատ ոչ թե առաջնորդվում է «որտեղ հաց, այնտեղ կաց»-ով, այլ սեփական ազգային պատկանելությունը արարչագործ անսահմանության, հավերժության մեջ ընկալելու անմնացորդ հիմքով հենց նույն պատկանելության մասին վկայելու մղումով: Ուստի, Մուչիկ, նշանակում է Հայի վկա, որը միշտ վերադառնում է տուն, Հայաստան:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ