ՄԵՐ ՕՐԵՐԻ ՄԵԾ ԱՐՁԱՆԱԳՈՐԾԸ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ Տխուր լուրը գուժում է մահը Արտո Չաքմաքչյանի: Ափսոս. հազար ափսոս: Հավերժին է գնում մեր օրերի մեծ քանդակագործը: Հեռանում է անհանգիստ արվեստագետը, որ մի օր ասացՙ Հայաստանը ավելի սիրելու համար ես հեռանում եմ այստեղից: Մշտապես կրեց իր մեջ հաստատումի ու ժխտումի երկբեւեռ մի ամբողջություն, որի ներսում ապրելը բոլորովին հեշտ չեղավ: Տառապեց առավելաբար. կարճատեւ գոհունակությունը եղավ ծնունդ առած նոր գործն ավարտելուց: Տեւական լարվածությամբ տեղատվության-մակընթացության շարժումը մշտապես ուղեկցեց իրեն: Հրաժեշտ տվեց կյանքին: Հիմա իր որոնած-գտածը ապրելու է մեզ թողած իր աշխատանքների մեջ: Ապրելու է դիմաքանդակների իր շարքըՙ Կոստան Զարյանից մինչեւ Նարեկացի, Էդմոնդ Ավետյանից մինչեւ «Մայրս»: Կենդանի է մնալու իր ստեղծած Կոմիտասների փառավոր շարքը: Նաեւ այն ամբողջը, որ իր ապրած կյանքի հետքերը եղան, երբ երկնելու մոլուցքը ստիպեց իրենՙ գոյացնելու թղթին հանձնված մարմիններ տիպիկ չաքմաքչյանական, պատվանդանին կանգնած կենդանի ձեւերՙ մարդեղեն, նաեւ իրեղեն: Հավատացած եմՙ կմնան այն հնածո խեցեղենն ու այլեւայլ իրերը, որոնք հայտնաբերեց Հայաստանի տարբեր շրջաններ տարիների իր ճամփորդության ընթացքին, որոնք սիրեց ազնվորեն եւ համարեց իր սեփականը: Հիշում եմ իր դեմքի լարվածությունը, հիշում եմ ինչքան երկար տառապեց իմ դիմաքանդակը վերջնականին հասցնելու եւ վերջում իր գոհունակությունը ապրելու ճանապարհին: Անմոռանալի են Սփյուռքից Հայրենիք եկածի եւ Սովետը մերժողի իր ըմբոստության արտահայտությունները նաեւ իր մանկունակ դժգոհությունները, որ միջավայրի անհանդուրժողություն որպես պիտի ուղղվեին իրեն: Պիտի հիշեմ մի՛շտ: Հավերժի ճամբան բռնած Արտո Չաքմաքչյանի հարազատներին, մտերիմներին այս ծանր կորուստը տանելու ուժ եւ համբերություն տա Աստված: |