ԹԱՏՐՈՆԻ ՍԻՐՈՎ ՈՒ ՏԱԳՆԱՊՆԵՐՈՎ ԱՊՐԱԾ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ Հայ թատերագիտությունը մեծ կորուստ կրեց: Հոկտեմբերի 1-ին 93 տարեկանում երկրային կյանքն ավարտեց անվանի թատերագետ Վարսիկ Գրիգորյանը . կյանք, որն ապրեց հայ թատրոնի հանդեպ անսահման սիրով ու հայ մշակույթի ապագայի հետ կապված տագնապներով, ազնիվ մտորումներով: Նրա բեղուն գրչին տարիներ ի վեր ծանոթ են եղել նաեւ «Ազգ» թերթի ընթերցողներըՙ յուրաքանչյուրն իր համար բացահայտելով մեր մեծերին, հայ եւ համաշխարհային դրամատուրգիան: Նա գնացՙ սերունդներին թողնելով հարգանքի արժանի ժառանգություն: Հեռուստատեսային թատրոնի տարեգիրը Նա ծնվել էր 1926 թվականինՙ Արարատի մարզի Նորագեղ բնակավայրում (այժմՙ Այնթապ): Անվանի դերասան Զարե Տեր-Կարապետյանի կինը, դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանի մայրը: Վարսիկ Գրիգորյանը 1942 -ին ընդունվել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ: 1944-1949 թթ. սովորել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտական բաժնում: 1953-1963թթ. վարել է ժողովրդական ստեղծագործական տան թատերական բաժինը: 1957 -ից մասնակիցը լինելով թատրոնի աշխատանքներինՙ պեղել-հավաքել է եթեր գնացած ու կորսված ներկայացումները, ժամանակագրել եւ վերականգնել երկացանկը (800-ից ավելի), ստեղծել հեռուստատեսային թատրոնի տարեգրությունըՙ դրա հիման վրա հեղինակելով «Հեռուստաթատրոնի 40-ամյա ուղին» երկհատոր կոթողային աշխատությունը (2004, 2007): 1965-1981 թվականներին աշխատել է Հեռուստատեսության գրական-դրամատիկական հաղորդումների խմբագրությունումՙ որպես խմբագիր: Նա ծանրակշիռ ավանդ ունի նաեւ փափազյանագիտության եւ շեքսպիրագիտության մեջ: Հեղինակել է այնպիսի երեւելի գրքեր, ինչպիսիք են «Մարուսյա Թամրազյան» (Ե., 1976), «Թաթուլ Դիլաքյան» (Ե., 1978),« Զավեն Տատինցյան» (Ե., 1981), «Հեռուստատեսային թատրոնի գործիչները» (Ե., 1986), «Առաջին հայ դերասանուհիները» (Ե., 1994), «Ֆարիդը» (զոհված ազատամարտիկ Հ. Սրապյանի համահեղինակությամբ, Ե., 1997), «Փափազը, մեր Շեքսպիրը, մեր կռիվը»(Ե., 2002), «Մետաքսյա» (ալբոմ-ժողովածու, Ե., 2002), «Հայկական հեռուստատեսային թատրոնի պատմություն» (առաջին գիրք, Ե., 2004), «Հայկական հեռուստատեսային թատրոնի պատմություն» (երկրորդ գիրք, Ե., 2007), «Մամիկոն Մանուկյան» մենագրություն, (Երեւան, 2007): Իսկ 2010-ին հեղինակել է «Վիլյամ Սարոյանը հայ թատրոնում» (հայերեն, անգլերեն, ռուսերեն) մենագրությունը: Վարսիկ Գրիգորյանի գրչին են պատկանում նաեւ տեղական ու ռուսական մամուլում հրապարակված 1600-ից ավելի հոդվածներ, որոնցում նա արծարծել է հայ բեմարվեստի ու թատերգության պատմության ու տեսության հարցերը: Նրա հերթական գիրքը հոդվածների ու ակնարկների ստվարածավալ ժողովածու էրՙ «... Թատրոնի սիրուց ու տագնապներից», որի առաջին հատորը լույս տեսավ 2016-ին: Այդ գիրքը նրա հոգու արձագանքն է մեր անցյալի եւ այսօրվա մշակութային կյանքին: Առջեւում բազում ծրագրեր ուներ... Վարսիկ Գրիգորյանիՙ հայ թատերագիտության մեջ ունեցած ավանդը կոչումներն ու պարգեւները չէ, որ պետք է ընդգծեն: Բավական է միայն թերթել գրքերը, հոդվածները, «Ազգ» թերթի հին ու նոր համարները: Նրա վերջին հոդվածըՙ «Արժանավորներից ամենահամեստը. Մելինե Համամջյան» վերնագրով, լույս է տեսել «Ազգ»ի 2019 հուլիսի 26-ի համարում: Նրա կյանքը հայ թատրոնին ու արվեստին նվիրված պայծառ հետագիծ է: Վարսիկ Գրիգորյանի թողած մեծ վաստակը ներկայացնելու համար ես դիմել եմ Հայկական հեռուստատեսության մեջ ծանրակշիռ ավանդ ունեցող անհատականությանՙ Հայաստանի կուլտուրայի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, «Հեռուստաթատրոնում» բազմաթիվ երեւելի ներկայացումներ բեմադրած, երկարամյա մանկավարժ Հերբերտ Գասպարյանին : Մենք դեռ հնարավորություն կունենանք Հերբերտ Գասպարյանի աչքերով տեսնելու Վարսիկ Գրիգորյան-հրաշալի թատերագետին, տաղանդավոր ու ինքնատիպ մարդուն եւ զարմանալ, թե այս բոլոր գծերն ինչպես էին ներդաշնակվում մեկ անձի մեջ: Նրա մասին հուշերը, հետաքրքրական պատմությունները շատ են, որոնք կներկայացնենք հետագայում: Իսկ այժմ լսենք Հերբերտ Գասպարյանի գնահատանքի խոսքը. «Վարսիկ Գրիգորյանը «Հեռուստաթատրոնի» համար արեց աներեւակայելին» - Արդեն մեկ տարի աշխատում էի Հայաստանի հեռուստատեսության ստուդիայի Գրական-դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագրությունում: Բոլորը վառ անհատականություններ էին: Եվ ահա այդ փայլուն փաղանգին 1965 թվականին եկավ միանալու նաեւ Վարսիկ Գրիգորյանը: Նա աշխատում էր ինքնամոռացՙ մեկ առ մեկ գրելով ստեղծվող հեռուստաներկայացումների մասին: Հենց նա է, որ բարձր գնահատելով մեր հեռուստաներկայացումները, հայ թատերագիտության մեջ ամրագրեց «Երանելի երկուշաբթիներ» արտահայտությունը: Ինչո՞ւ էր այդպես: Յուրաքանչյուր երկուշաբթի օրը կենդանի եթերով հեռարձակվում էին հեռուստաներկայացումներ: Դրանք լավագույն գործերն էինՙ թե՛ հայ, թե՛ համաշխարհային դրամատուրգիայի: Դերասանները կարող էին «Հեռուստաթատրոնում» կենդանի եթերով խաղալ միայն երկուշաբթի օրերինՙ իրենց հանգստյան օրը: Եվ հեռուստադիտողներն այդ օրվան սպասում էին սրտի թրթիռով ու մեծ սիրով: Հզոր խմբագրություն էր «Հեռուստաթատրոնը». մենք ստանում էինք Խորհրդային Միության մեջ տպագրվող առավել արդիաշունչ գործերը: Դրանք թարգմանում էին Մարիկա Բերոյանը եւ ուրիշներ: Իսկ Վարսիկ Գրիգորյանը գրում էր ստեղծված բեմադրությունների մասին: Նրա շնորհիվ է, որ այսօր ունենք հայկական հեռուստատեսային թատրոնի ողջ տարեգրությունը,-փաստում է Հերբերտ Գասպարյանը : Եվ ահա «Հեռուստատեսային թատրոնի գործիչները» փայլուն աշխատության մեջ Վարսիկ Գրիգորյանը ներկայացրել է Մարատ Մարինոսյանի, Կիմ Արզումանյանի, Օլգա Մելիք-Վրթանեսյանի, Կառլեն Վարժապետյանի, Հերբերտ Գասպարյանի, Հրաչյա Աշուղյանի, Անտոն Աղայանցի բեմադրություններն ու ստեղծագործական կյանքը: Նա անդրադարձավ նաեւ օպերատորների եւ նկարիչների ստեղծագործական աշխատանքին, ինչը նրա գիտական մտքի լայն ընդգրկման ու աշխարհընկալման առհավատչյան է: - Այդ աշխատության մեջ Վարսիկ Գրիգորյանն անդրադարձել է գրեթե բոլոր հեռուստաներկայացումներին,-ասում է Հերբերտ Գասպարյանը:- Նրա հաջորդ կոթողային աշխատությունը «Հայկական հեռուստատեսային թատրոնի պատմություն» երկհատորյակն էր, որում լավագույնս դրսեւորվեց Վարսիկ Գրիգորյանի ֆենոմենը: Նա պեղել է ժամանակին կենդանի եթերում ցուցադրված ու անէացած հեռուստաներկայացումներըՙ մոտ 800 նմուշ, որոնք մտել են հեռուստատեսային հաղորդումների «Ոսկե ֆոնդի» մեջ: Վարսիկ Գրիգորյանի շնորհիվ դրանք այլեւս մոռացված գանձեր չեն: Նա «Հեռուստաթատրոնի» համար արեց աներեւակայելին: Նա կանգնած էր հայկական հեռուստատեսության ակունքներումՙ ե՛ւ որպես թատերագետ, ե՛ւ որպես Գեղեցիկը, Վեհն ու Ազնիվը նկատող ու գնահատող բացառիկ անհատականություն: Նրա կորուստը համազգային է : ...Վարսիկ Գրիգորյանի ամուսինըՙ անվանի դերասան Զարե Տեր-Կարապետյանը կյանքից հեռացել էր դեռ 1996 թվականի հոկտեմբերի 23-ին: Իսկ այս օրերին մենք հրաժեշտ տվեցինք նաեւ Վարսիկ Գրիգորյանինՙ արդի հայ թատերագիտության հսկային: Եվ չենք կարող չհիշատակել նրանց դստերՙ դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանի դիմագրքի հուզիչ գրառումը. «...Միացաք իրար: Գիտեմ, իմ մեջքին ամուր կանգնած եք, ուր էլ որ լինեք: Իմ ճամփան լուսավորելու եք: Ես ձեր թողած սերմերը կկրեմ իմ մեջ, չկասկածեք»: |