«ԻՄ ԽԱՉԸ». ՓԱՍՏԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑՙ ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՖԻԼՄ Նաիր ՅԱՆ 9 տարվա համառ աշխատանքից հետո վերջապես էկրան բարձրացավ օպերատոր, արցախյան պատերազմի վավերագրող Շավարշ Վարդանյանի «Իմ խաչը» խաղարկային լիամետրաժ ֆիլմը: Ստեղծագործական խումբը բազմաթիվ դժվարությունների է հանդիպել, այդ թվումՙ ֆինանսական, մինչեւ կարողացել է իրականացնել ֆիլմի գաղափարը: Բեմադրող ռեժիսոր Շավարշ Վարդանյանը դեռ 1988 թվականից է մասնակցել արցախյան պատերազմին: Նա ամենաթեժ կետերում է եղել, 5 տեսախցիկ «զոհել», բայց նկարահանել է մարտական գործողությունները, հերոս հրամանատարներին, անձնուրաց ազատամարտիկներին, Արցախի ազատագրված քաղաքներն ու գյուղերը: Առաջին հայացքից սառնասրտորեն, իրականումՙ մեծ կսկիծով նա նկարել է նաեւ, թե ինչպես են կռվի դաշտում ընկնում մեր տղաները, վիրավորվում, դաշտային հոսպիտալներում վիրահատվում: 1200 ժամ նկարահանված նյութ ունի Շավարշ Վարդանյանըՙ արցախյան պատերազմի վավերագրություն, որը պատմական արժեք է: Այդ նյութի հիման վրա փաստագրական 6 ֆիլմ է պատրաստել, բայց գեղարվեստական ֆիլմ նկարելու գաղափարը տասնամյակներ շարունակ նրան հանգիստ չի տվել: Չէ՞որ պատերազմի ամենաթեժ տարիներին նրա շուրջը մարդկային պատմություններ են պտտվել, ինքն էլ մասնակիցն ու ականատեսն է եղել այդ պատմությունների: Պատերազմն իր դաժանությամբ ու անողոքությամբ խեղել է մարդկային ճակատագրեր ու անդառնալի հետքեր թողել: Իսկ ինքն անպայման ցանկացել է իր ճանաչած մարդկանց հիշատակը հավերժացնել խաղարկային ֆիլմով, նաեւ արժեւորել ողջ մնացածների ավանդն ու անցած ճանապարհը: Մեր ժողովրդի համար կան թեմաներ, որոնք շատ փխրուն են, խիստ ազգային: Միշտ կրկնել ենքՙ լավ կլինի, եթե ամեն ոք չհանդգնի դրանց ձեռք տալ: Ցեղասպանություն, երկրաշարժ, արցախյան պատերազմ. երբ լսում ենք, որ ինչ-որ ներկայացում կամ առավել եւս ֆիլմ է պատրաստվում այս թեմաների վերաբերյալ, անբացատրելի կերպով լարվում ենք: Տեսնես գոնե այս անգամ մեր ազգի համար այնքան ցավոտ ու ճակատագրական այս թեմաների հաջողված մատուցում ու մեկնաբանություն կտեսնե՞նքՙ մտածում ենք: Արդեն 30 տարի երազում ենք, որ ցեղասպանությունը, արցախյան պատերազմն ու երկրաշարժը ներկայացվեն մեծակտավ, արժանապատիվ, ազգային հավաքական գաղափարի մատուցմամբ: Իհարկե, երբեմն-երբեմն հաջողված փորձեր եղել են, բայց երկար կյանք չեն ունեցել, համազգային ցավն ու սպասումները չեն մարմնավորել, մոնումենտալ խորհրդանիշ չեն դարձել: Շավարշ Վարդանյանը հոլիվուդյան ռեժիսոր չէ. նա 1990-ականների արցախյան պատերազմում իր մասնագիտական պարտքն է կատարել, ընդ որումՙ նրան ոչ ոք չի պարտադրել տեսախցիկը վերցնել ու կյանքը վտանգելովՙ ռումբերի պայթյուն, թնդանոթենրի կրակահերթ, հանձնված կամ ազատագրված գյուղեր նկարել: Ինչպես ազատամարտիկներն էին հոգու եւ արյան կանչով անձնազոհաբար մեկնում ռազմի դաշտ, այնպես էլ օպերատորներն էին մասնագիտական պարտքից առավելՙ հաստատակամության ու համարձակության գերլարումով ինքնակամ կանգնել մարտական գործողությունների կիզակետումՙ քաջ գիտակցելով, որ ինչպես զինվորի, այնպես էլ իրենց կյանքն ապահովագրված չէ. մի կույր գնդակ իրենց էլ է դարանակալել: Պատերազմի փորձությունները, ամեն վայրկյան բեկվելու պատրաստ մարդկային ճակատագրերը, մարտի դաշտում առավել քան որեւէ այլ տեղ մերկացված մարդկային հոգիները հյուսել են ֆիլմի գաղափարը: «Իմ խաչը» յուրաքանչյուրիս խաչն է, Արցախը պահելը ամեն հայի ճակատագիրն ու ինքնակամ դատավճիռն է: Ֆիլմի հեղինակներին հաջողվել է այս գաղափարը շեշտադրել ու նաեւ ապացուցել, որ անգամ օտարազգի երիտասարդի համար, որը դեպքերի բերումով է հայտնվում պատերազմի դաշտում, Արցախն արյան գնով պաշտպանելը, Արցախի համար թեկուզ չնչին ներդրում անելը դառնում է իր խաչը: Ֆիլմի պրոդյուսեր Վալերի Սահարյանը մտադիր է այս ֆիլմը ներկայացնել միջազգային փառատոների, բայց դժվար չէ պատկերացնել, թե ինչ պատնեշների է հանդիպելու: Հայերի պատմական հայրենիքը նվաճել փորձող ադրբեջանցիների գազանային էությունը մերկաբար ներկայացված է ֆիլմում: Նրանք ներխուժում են խաղաղ բնակավայրեր ու վայրագություններ կատարում, այրում, մորթում ու թալանում: Սոնայի ամուսինն ազտամարտիկ է. ադրբեջանցիները ներխուժում են տուն, Սոնայի աչքի առաջ սպանում նրա երկու զավակներին: Սոնան երդվում է վրեժխնդիր լինել. հեզ ու մեղմ կինը մեկ վայրկյանում դառնում է քարսիրտ ռազմիկ, ադրբեջանցիների ահն ու սարսափը, որի գլխի համար թշնամին 10 հազար դոլար է խոստանում: Փողի համար Սոնայի հետքերով սկսում են գնալ ուկրաինուհի վարձկան դիպուկահարները: Այս հանգամանքը եւս կարող է ազգամիջյան դժգոհության առիթ դառնալ: Բայց ֆիլմի հեղինակները ներկայացրել են ճշմարտությունն ու պատմական փաստերը: Իրական դեպքերի վրա հիմնած «Իմ խաչը» ֆիլմը պատմում է առաջին կին հրամանատարի մարտական կյանքի մասին: Ընտանիքը կորցնելուց հետո Սոնան զինվորագրվում է Արցախի ազատագրմանն ու մինչեւ պատերազմի ավարտը մնում ռազմի դաշտում: Նրա կյանք ակամայից մուտք է գործում ֆրանսիացի բժիշկ Ժակը, որը հակամարտության գոտի էր եկել միջազգային «Կարմիր խաչի» կողմից: Ժակը սկզբում հայտնվում է Ադրբեջանում, փորձում իր մեքենայով Արցախ տեղափոխել Սումգայիթի ջարդերից փրկված մի հայ կնոջ ու նրա դստերը: Այստեղ մենք հանդիպում ենք ֆիլմի ադրբեջանցի միակ դրական կերպարին. նա էր մորն ու աղջկան թաքցրել իր տանը, որպեսզի իր ազգակիցների ձեռքը չընկնեն: Բայց ադրբեջանցիները Ժակին ու նրա ուղեւորներին բռնում են, եւ ֆրանսիացին հենց այդտեղ է հասկանում, որ հայտնվել է իրական պատերազմի կիզակետում. նրա աչքի առաջ մորն ու աղջկան սպաանում են, իսկ իրեն գերեվարում ու Ֆրանսիայի քաղաքացու իր փաստաթղթերը պատռում: Ֆիլմում կա նաեւ չխոստովանված սեր. Ժակին հաջողվում է ջերմացնել Սոնայիՙ ցավից քարացած սիրտը: Ժակին մարմնավորել է ֆրանսահայ դերասան Երո Մուրյանը, Սոնայինՙ վերջին 15 տարում Հայաստանում նկարահանված ֆիլմերի մեծ մասում գլխավոր հերոսուհիների մարմնավորած Նարինե Գրիգորյանը : Եթե ֆիլմը դիտարկենք կինոգիտական տեսանկյունիցՙ մեր իմացած ու մերը դարձած արցախյան թեմայից դուրս, որոնելով կինոարվեստի, գեղագիտության արտահայտչամիջոցներ ու չափորոշիչներ, ապա պետք է անկեղծ լինել ու ասել, որ կերպարներն այնպիսին են, ինչպիսին կարող են լինել կյանքում: Մինչդեռ նրանք եթե հավակնում էին էկրան բարձրանալ ու բարձրացել են, պետք է ֆիլմային «ձեւ ու բովանդակություն» ստանային: Կինոարվեստի լեզուն, հոգեւոր միջուկը, կերպարի ու թեմայի էկրանային դրսեւորումները պետք է դուրս լինեն դեպքերի ճշգրիտ նկարագրությունից ու փաստագրությունից: Թերեւս այստեղ մեծ դեր է խաղացել բեմադրող ռեժիսոր Շավարշ Վարդանյանի բուն մասնագիտությունը. նա օպերատոր է, արցախյան պատերազմը վավերագրած օպերատոր: Շավարշ Վարդանյանի կերպարը եւս ֆիլմում կա: Նա դարձյալ տեսախցիկը ձեռքին մարտական գործողություններն է նկարահանում, հետո անհավասար կռվի ժամանակ բոլորը զոհվում են, ինքը հրաշքով փրկվում է ու հայտնվում հոսպիտալում: Այսպիսով, օպերատորն անընդհատ հանդիպում է ֆիլմի մյուս հերոսներին ու տեղեկանում, թե ինչ է կատարվել նրանց հետ. շատ բան իր աչքով է տեսնում: Ու շատ անգամ նա առանց տեսախցիկի է: Այստեղ է, որ պարզ է դառնում, թե էլ ինչ պատճառով է Շավարշ Վարդանյանն անպայման ցանկացել այս պատմությունը գեղարվեստական ֆիլմ դարձնել. որովհետեւ տեսախցիկն ամեն ինչ չէ, որ նկարահանել-վավերացրել է: Ամենահուզական պահերը, մարդկանց հոգիներում կատարվող ամենաջերմ ու ամենացավոտ շրջադարձերը նա սեփական աչքերով է տեսել, ոչ թե տեսախցիկի օբյեկտիվից: Ու դրա համար էլ ցանկացել է կինովավերագրությունից դուրս մեկ այլ վավերագրություն ստեղծել, որ 30 տարի առաջ իրենից բացի, ուրիշ ոչ ոք չէր տեսել: Հիմա արդեն մենք էլ տեսանք: Եթե հաշվի առնենք, որ «Իմ խաչը» վավերգրող-օպերատոր Շավարշ Վարդանյանի առաջին խաղարկային լիամետրաժ ֆիլմն է, որտեղ նա հանդես է գալիս որպես բեմադրող ռեժիսոր, ապա նրա աշխատանքը ոչնչով չի զիջում մինչ այսօր արցախյան թեմաներով նկարահանված մյուս ֆիլմերին, որոնց ռեժիսորները հենց մասնագիտությամբ են ռեժիսոր եւ խաղարկային ֆիլմեր նկարելու փորձ են ունեցել: Ֆիլմի կերպարներն ընդհանուր առմամբ եւ առանձին-առանձին կարող էին ավելի ուժեղանալ, հոգեբանորեն ավելի տպավորիչ ու համոզիչ լինել: Նրանք աճելու եւ զարգանալու, ավելի ընդգրկուն ու խորքային լինելու տեղ ունեին: Թերեւս խնդիրը նաեւ սցենարի մեջ է: «Իմ խաչը» Շավարշ Վարդանյանի պատմությունն է, նրա ընկալածն ու ապրածը, որից կինոդիտողն էլ իր բաժինը տարավ: Օգտագործվել էին նաեւ փաստավավերագրական կադրեր, որոնք հատկապես ֆիլմի ավարտն ազդեցիկ ու հուզիչ էին դարձրել: Յուրաքանչյուր հայ պետք է դիտի «Իմ խաչը», որպեսզի մեր ոչ հեռավոր անցյալի էջերը մեկ անգամ եւս ամրագրվեն, որպեսզի հերոսները չմոռացվեն, որպեսզի ազգային պայքարի ոգին մեր ներսում մշտարթուն լինի: Ֆիլմը դարձյալ անհատական պատմություն է ու երեւի թե ի սկզբանե էլ չէր հավակնել արցախյան պատերազմի մասին մոնումենտալ էկրանավորում դառնալ: |