ՎԵՐԱՓՈԽՎՈՂ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԲԱՑԱՀԱՅՏՎԻ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ Հ. ՉԱՔՐՅԱՆ Պաշտոնի բարձրացման է արժանացել սպանության պատասխանատուն Ինչպես հայտնի է, անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ստամբուլի հայաշատ Ֆերիքոյ եւ Սամաթիա թաղամասերում հարձակման թիրախ էին դարձել տարեց հայ կանայք: Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղը այդ հարձակումները որակել էր ռասիստական, դատապարտելով անգործության համար հարձակումները 3 ամիս շարունակ ողջամտորեն շրջանցող իրավապահ մարմիններին: Հարձակվողները բնակարանում միայնակ ապրող տարեց հայ կանանց երկուսին դաժան ծեծի ենթարկելուց, դաշունահարելուց հետո, կոկորդը կտրելով սպանել են, երկուսի աչքը կուրացրել, մեկին էլ այն աստիճանի են հասցրել, որ 2 շաբաթ պառկի հիվանդանոցի վերակենդանացման բաժնում: Ստամբուլի հայ համայնքը դեռեւս չէր հաղթահարել հայ կանանց դեմ իրագործված հարձակումների ցնցումը, ապրիլի վերջերին մարդասպան թուրք հրոսակը նոր հարձակումներ է իրականացնում, այս անգամՙ խմբակային: Հարձակման թիրախ են դառնում Ստամբուլի ասիական հատվածի արվարձաններից Աթաշեհիրի «Նոր հույս» քրիստոնեական եկեղեցին, Մարմարա ծովի Իշխանաց կղզիներից Բուրգազի հունական եկեղեցին: Հատկանշական է, որ այս հարձակումներն էլ նույն ողջամտությամբ շրջանցում են թուրքական լրատվամիջոցները, «Ակօս»-ն է միայն արձագանքում: Ստամբուլի հայաշատ թաղամասերում տարեց հայ կանանց կոկորդը դաշույնով կտրելն ու դաժան ծեծի ենթարկելով կուրացնելը, իսկ արվարձաններում եկեղեցիների վրա 15-18 տարեկան պատանի հրոսակների ձեռնարկած հարձակումները Եվրոմիությանն անդամակցելու հաշվարկով վերափոխվող Թուրքիայի իրական պատկերն են, որքան էլ աղաղակող այս փաստերն անընդունելի լինեն Հայաստանում թուրք-ադրբեջանական քարոզչություն ծավալող պնակալեզ հայատյաց տականքներին: Ի դեպ, այլատյացության պարագայում Թուրքիայի խնդիրը սոսկ քրիստոնյա հայերը, հույները, ասորիները չեն: Թուրք հրոսակն այդ նույն ատելությամբ վերաբերվում է նաեւ ալավիներին, այն պատճառով, որ վերջիններս դավանանքով սուննի չեն, էլ չենք խոսում քրդերի մասին: Ստամբուլի հայաշատ թաղամասերում հայ կանանց, իսկ արվարձաններում քրիստոնեական եկեղեցիների վրա հարձակումները կանխելու թերեւս ամենաարդյունավետ միջոցը Հրանտ Դինքի սպանության բուն կազմակերպիչների բացահայտումն էր: Սակայն բացահայտվեցին միայն Օգյուն Սամասթ կոչեցյալ մարդասպանին սպանության գործում աջակցողները, որոնցից Յասին Հայալն է, որ Սամասթի հետ ազատազրկման է դատապարտվել: Հակառակ դրան, Տրապիզոնի հետախուզական վարչության իրազեկիչ Էրհան Թունջելը բազմաթիվ այլ ամբաստանյալների հետ ազատ է արձակվել: Եթե Դինքի սպանությունը լիարժեք բացահայտվեր, գուցե հնարավոր լիներ կանխել ժամկետային զինծառայող Սեւակ Շահինի զորամասում 2011-ի ապրիլի 24-ին իրականացված սպանությունը: Սակայն սա Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողականության յուրատեսակ արձագանքն է, հետեւաբար սպանությունը պետականորեն կազմակերպվածություն է ենթադրում: Իսկ այդ կարգի սպանությունները, որպես կանոն, չեն բացահայտվում, ինչպես Հրանտ Դինքի պարագայում էր: Բացահայտումները դեռ մի կողմ, սպանության պատասխանատուների պաշտոնն են բարձրացնում Թուրքիայում: Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է Էնգին Դինչին: Այս արարածը Տրապիզոնի հետախուզական վարչությունում բաժնի վարիչի կարգավիճակով առաջինն էր ծանուցում ստացել Դինքի դեմ կազմակերպվող սպանության մասին: Նրա պաշտոնի բարձրացմանը ապրիլի 30-ի համարում «Ցնցող նշանակում» վերնագրով անդրադարձել է Odatv.com կայքէջը: Ահա թե ինչ է գրել. «Ինչպես «Հյուրիեթն» է տեղեկացնում, նշանակումը կատարվել է երեկ երեկոյան, այսպիսով Էնգին Դինչը դարձել է Տրապիզոնի անվտանգության գերատեսչության հետախուզական վարչության պետը: Հետախուզության նոր ղեկավարը մեր հասարակությանը հայտնի դեմք է: Հրանտ Դինքի դեմ ձեռնարկվող սպանության մասին առաջին ծանուցումը ինքն էր ստացել: Նա էր, որ սպանությունը ծրագրելու մեջ մեղադրվող Էրհան Թունջելին դարձրել էր իրազեկիչ: Դինքի սպանության առնչությամբ Դինչը բացատրություն է տվել Թուրքիայի ազգային մեծ ժողովի մարդու իրավունքների հանձնաժողովին: Նա ասել է, որ նախապատրաստվող սպանության ծանուցումն ստանալուն պես իրազեկել է Ստամբուլի հետախուզական վարչությանը, միաժամանակ հատուկ խոսակցություն է ունեցել Թունջելի հետ, որպեսզի վերջինս սպանությունից հետ կանգնելու հարցում համոզի Յասին Հայալին»: |