RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#069, 2013-04-30 > #070, 2013-05-01 > #071, 2013-05-02 > #072, 2013-05-03 > #073, 2013-05-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #71, 02-05-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-05-01 23:35:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1540, Տպվել է` 61, Ուղարկվել է էլ.փոստով` 46

ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱ, ԲԱՅՑ ...

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Գործազրկության նվազեցումը եւ աշխատավարձերի առաջանցիկ բարձրացումը պետք է զուգակցվեն

Աշխատանքի եւ աշխատավորների հերթական տոնին` մայիսի 1-ին, մեր երկրի համար առաջնահերթ լուծում պահանջողներից է աշխատանք գտնելու հարցը: Անկախության շրջանի առաջին տարիներին ԽՍՀՄ փլուզման, նոր տնտեսական համակարգին անցնելու եւ 90-ականների Հայաստանի իշխանությունների անձեռնհաս կառավարման հետեւանքով 600 հազար աշխատատեղեր փակվեցին (Համաշխարհային բանկի տվյալներով): Հիմա, ավելի քան 20 տարի անց, շատ բան է փոխվել, բայց զբաղվածության հարցը շարունակում է հրատապ մնալ: Ավելի շուտ, փոխվել է աշխատանք գտնելու հասկացությունն ինքը:

Եթե 90-ականներին «աշխատանք չկա» արտահայտությունն ամենաուղղակի իմաստն ուներ, ապա հիմա այդ եւ «աշխատանք գտնել» արտահայտությունների իմաստը էապես փոխվել է: Ի տարբերություն 90-ականների, «աշխատանք չկա» ասողներն այժմ պարզապես արդարացնում են իրենց աշխատել չցանկանալու սովորությունը: Աշխատանք կա եւ ցանկության դեպքում գտնելը դժվար չէ: Այլ հարց է, որ շատ դժվար է գտնել արժանապատիվ աշխատավարձով, պայմաններով, գործատուների կողմից խաբված չլինելու մտավախություններից զերծ եւ ըստ մասնագիտության աշխատանք:

Մյուս կողմիցՙ աշխատաշուկայում բազմաթիվ մասնագիտությունների գծով առկա են թափուր աշխատատեղեր: Խոսքը ծրագրավորողների, տնտեսագետների, հաշվապահների, դասավանդողների, մենեջերների, գործակալների, դիզայներների, վաճառողների, մատուցողների, խոհարարների, հացթուխների, սարքավորումների եւ համակարգչային օպերատորների, բուժքույրերի, գանձապահների, ավտովերանորոգողների, համակարգչային օպերատորների, էլեկտրիկների, կարողների, վարորդների, կոշկագործների, կռունկավարների, փականագործների, խառատների, հղկողների եւ բանվորական այլ մասնագիտությունների, ինչպես նաեւ մարզերում տարբեր նեղ մասնագիտացումներով բժիշկների մասին է: Համենայն դեպս, «Զբաղվածության պետական ծառայության» կողմից մշտապես շեշտվում է այս մասին:

Սրան էլ ավելացնենք պետական համակարգում նաեւ այլ մասնագետների բազմաթիվ թափուր աշխատատեղերը, որոնք չեն լրացվում դարձյալ նույն` ցածր աշխատավարձերի պատճառով:

Հայաստանում գործազրկության մակարդակը փետրվար ամսվա տվյալներով 19,7 տոկոս է կազմել, իսկ ըստ ԵՄ Հայաստանին վերաբերող զեկույցի` 18,4 տոկոս: «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տվյալներով, այս տարվա մարտի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը մեր երկրում կազմում է 71,8 հազար է, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 11,3 տոկոսով (79,9 հազ. մարդ): Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 85 տոկոսը կամ 61,1 հազար:

Ի դեպ, հետաքրքրական է այս ցուցանիշները համեմատել Եվրոմիության անդամ երկիր եւ շատ հայաստանցիների երազանք Իսպանիայի գործազրկության ցուցանիշների հետ: Համաձայն այդ երկրի պաշտոնական վիճակագրության, գործազրկության մակարդակը Իսպանիայում կազմում է 27 տոկոսՙ մոտ 8-10 տոկոսով գերազանցելով Հայաստանի գործազրկության մակարդակը: Ճիշտ է, գործազրկության համար նրանց տրամադրվող նպաստը ամսական 450 եվրո է, իսկ Հայաստանում մոտ 10 անգամ դրանից ցածր: Այդուհանդերձ, արված համեմատությամբ նկատի ունենք շեշտել, որ հատկապես հետճգնաժամային տարիներին զբաղվածության խնդիրը սրված է նաեւ զարգացած երկրներում` ԱՄՆ-ից մինչեւ Եվրոմիության երկրներ, եւ Հայաստանից մեկնել այդ երկրներում «բախտ որոնելու»` հաստատապես չարժե:

Ի՞նչ է ձեռնարկում գործազրկության հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարությունը: Կառավարության վերջին նիստերից մեկում վարչապետ Տիգրան Սարգսյանը, նկատի ունենալով մի կողմից թափուր աշխատատեղերի, մյուս կողմից` գործազրկության առկայությունը, անհրաժեշտ համարեց օպտիմալացման ծրագրեր մշակելը գոնե պետական համակարգում:

Նոր աշխատատեղեր ստեղծվելու են տնտեսական աճին զուգահեռ եւ մասնավորապես արդյունաբերության զարգացման ռազմավարության իրականացման դեպքում: Բացի դրանից, կառավարության կողմից նպատակային քայլեր են ձեռնարկում խթանելու նոր աշխատատեղերի ստեղծումը: Մասնավորապես, այդպիսի քայլ է հարկային արտոնությունների սահմանումը արտադրական գործունեության ծավալող այն ընկերություների համար, որոնք ստեղծում են նոր աշխատատեղեր: Նման քայլ մինչ այժմ չի կիրառվել: Այն պարունակում է որոշակի ռիսկ, կապված գործատուների կողմից այս հարցում չարաշահումների հնարավորությամբ: Դա բացառելու համար հարկ է հստակ պահանջներ եւ մոտեցումներ սահմանել:

Ընդհանրապես, 2012-2025 հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրով, Հայաստանի կառավարությունը պարտավորվել է այս տարի գործազրկությունը իջեցնել մինչեւ 16,6 տոկոսի, 2017-ին հասցնել 15 տոկոսի, իսկ 2025-ին` 9,8 տոկոսի:

Վերոնշյալ նպատակները իրատեսական են, բայց գործազրկության ցուցանիշների նվազեցմանը զուգահեռ, մշտապես հարկ է ուշադրության կենտրոնում պահել Հայաստանում աշխատավարձերի առաջանցիկ բարձրացման հարցը: Մեր երկիրը դեռես մնում է ամենացածր եկամուտներ եւ ամենաբարձր գներ ունեցող երկրների թվում: Այդ համամասնությամբ է բացատրվում սոցիալական մեծ բեւեռվածությունը, հետեւաբար համալիր մոտեցում է անհրաժեշտ այս հարցին լուծում տալու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #71, 02-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ