ԿՄԵԿՆԱՐԿԻ «ԱՐՏ-ՖԵՍՏ» ՓԱՌԱՏՈՆԸ ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Մայիսի 13-19 կմեկնարկի «Արտ-ֆեստ» առաջին հանրապետական երիտասարդական բաց փառատոնը` «Մեկ տանիքի ներքո» խորագրով: Փառատոնն ընդգրկում է արվեստի մի քանի ոլորտ միաժամանակ` թատերական արվեստ, կինոարվեստ, կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն): Փառատոնի նպատակն է աշխուժացնել մայրաքաղաք-մարզեր երիտասարդական ստեղծագործական մթնոլորտը, ընդլայնել համագործակցության շրջանակը, փորձի փոխանակման արդյունքում կատարելագործել երիտասարդ արվեստագետների մասնագիտական հմտությունները, ճշտել ստեղծագործական ձեռքբերումներն ու բացահայտել նոր անուններ: Փառատոնին 170-ից ավելի հայտատուներ են եղել, սակայն ընտրվել է շուրջ 130 մասնակից: Ստեղծագործությունների ցուցադրություններից հետո, մասնագիտական հանձնախումբը կորոշի մրցանակակիրներին եւ լավագույնը ճանաչված ստեղծագործությունները կցուցադրվեն նաեւ մարզերում: Փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանն «Ազգի» հետ զրույցում ընդգծեց, որ մեր իրականության մեջ առաջին անգամ է, որ մի փառատոն ընդգրկում է արվեստի վեց ոլորտ: Այս փառատոնի գաղափարը բոլորին ոգեւորել է: Նա ավելացրեց, որ «Արտ-ֆեստ» փառատոնին կարող են մասնակցել ստեղծագործողներ Հայաստանի տարբեր մարզերից եւ փառատոնի նպատակն է նաեւ ակտիվացնել Երեւան-մարզեր կապը, ինչպես նաեւ բացահայտել ստեղծագործող մարդկանց: «Փորձում ենք կոտրել ստեղծագործական այն անջրպետը, որը տարիներ շարունակ մարզերի եւ Երեւանի մեջ եղել է», ասաց նա: «Արտ-ֆեստն» առաջին երիտասարդական հանրապետական բաց փառատոնը հետաքրքրական բացում է խոստանում` պատրաստվելով մեծ ֆլեշմոբի, որի մասնակցելու համար պարտադիր չէ պարային կրթություն ունենալ: Նշենք, որ ֆլեշմոբը կլինի մայիսի 13 -ին, ժամը 18-ին, Հյուսիսային պողոտայում: Մասնագիտական հանձնախումբ` Ռաֆայել Քոթանջյան, Վիգեն Չալդրանյան, Դավիթ Մինասյան, Ժիրայր Դադասյան, Անետա Երզնկյան, Դավիթ Մուրադյան, Աննա Հեքեքյան, Դավիթ Գալստյան, Գարեգին Գրիգորյան, Աշոտ Համբարձումյան, Հրաչյա Ղազարյան, Ռուդոլֆ Վաթինյան, Հայկ Օրդյան, Սամվել Սեւադա, Ռուբեն Դանիելյան: Փառատոնի գեղարվեստական խորհրդատուն է Արմեն Մազմանյանը: Փառատոնին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել ԵՊՀ-ն, ՀՊՄՀ-ն, ԵԹԿՊԻ մարզային մասնաճյուղերը, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիան,Գեղեցիկ ավեստների ազգային ակադեմիան: Նշենք, որ փառատոնին կարող են մասնակցել 16-35 տարիքի ստեղծագործողներ: Բոլոր մանակիցներին կտրվեն մասնակցության դիպլոմներ, սակայն կլինեն նաեւ ոսկե, արծաթե, բրոնզե մրցանակներ: Բոլոր ցուցադրությունների մուտքն անվճար է: |