RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#069, 2013-04-30 > #070, 2013-05-01 > #071, 2013-05-02 > #072, 2013-05-03 > #073, 2013-05-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #71, 02-05-2013



ՊՈԼՍԱՀԱՅ ՄԱՄՈՒԼ

Տեղադրվել է` 2013-05-01 23:35:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 2058, Տպվել է` 73, Ուղարկվել է էլ.փոստով` 70

ՌԱԶՄԻԿ ՓԱՆՈՍՅԱՆԻ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԱՅՑԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մ. ԲԱԴԱԼՅԱՆ

«Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության հայկական բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը, որը մարտ-ապրիլին իր առաջին շրջայցն էր կատարում սփյուռքահայ համայնքներ, այդ թվում եղավ նաեւ Հայաստանում, ապրիլի կեսերին այցելել է Պոլիս եւ տեղի հայ համայնքի հետ ունեցած տարբեր հանդիպումների տպավորությունները մեկնելուց առաջ հայտնել «Ժամանակ» օրաթերթի խմբագրատանը: Ընդհանուր դրական տպավորություններ Ռ. Փանոսյանը ստացել է Պոլսո հայոց պատրիարքարանից եւ Ս. Փրկիչ ազգային հիվանդանոցից, այցելել է առողջապահական այդ համալիրի տարածքում գտնվող Գյուլբենկյան գերդաստանի անդամների շիրիմին, հարգանքի տուրք մատուցել:

Իր այցելության կարճ ժամկետում նա հասցրել է այցելել մեկ դպրոց, խոստանալով հաջորդ այցին, ամենայն հավանականությամբ առաջիկա աշնանը, լրացնել այդ բացը: Պոլսահայ համայնքի բնականոն կյանքի ակտիվ ռիթմի համար կարեւոր է նկատել հայերենով ամենօրյա մամուլի գոյությունը: Միաժամանակ մտահոգություն է հայտնել վարժարանների գործունեության ընդհանուր վիճակի առիթովՙ մայրենի լեզվին վերաբերող. ոչ վաղ անցյալում եթե արեւմտահայերենը Պոլսի, Լիբանանի, Հալեպի ամենօրյա գործածական լեզուն էր, ապա հետզհետե դադարում էր այդպիսին լինելուց, մանավանդ ներկայիս հալեպահայության տագնապը ավելի խորացնում է երեւույթը: Լեզվական այս ճգնաժամի դեմ պայքարելու անհրաժեշտությունը իր կողմից դիտվել է առաջնային:

Ռազմիկ Փանոսյանը համայնքային կյանքին առնչվող երեւույթներից բացի, ծանոթացել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ տարվող աշխատանքներին. տարբեր կազմակերպությունների եւ անհատների հետ ունեցած հանդիպումներն անցել են հուսադրող մթնոլորտում: Նա ասել է, որ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկությունը Թուրքիայում աշխատանքներ կտանի ի նպաստ եւ հաջակցություն հայ-թուրքական երկխոսության ծրագրերի: Խորապես տպավորվել էՙ մասնակցելով Ստամբուլում Ապրիլի 24-ի ոգեկոչման արարողություններին:

Իր դիտարկումներով սփյուռքի մեր համայնքները պոլսահայ իրականությանը քիչ են ծանոթ. «Իրականութեան մէջ սփիւռքը պէտք է անմիջականօրէն տեղեակ ըլլայ պոլսահայ կեանքին, առարկայականօրէն: Պէտք է լաւ հետեւիլ համայնքի յարաբերութիւններուն պետութեան հետ, թէ՛ դրական եւ թէ՛ ժխտական երեսակներուն: Համայնքը այսօր ունի իր մէջ պակասաւոր ձայներ: Ծանօթացման առումով լուրջ դեր կը վիճակի մամուլին: Իսկ այդ որակաւոր ձայները, որոնք կը հնչեն յառաջապահ շրջանակներու կողմէ, յատկանշական են նաեւ հայ-թուրքական երկխոսութեան տեսակետէ», ասել է նա:

Ստամբուլից հետո Ռազմիկ Փանոսյանը մեկնել է Մ. Նահանգներՙ եզրափակելով իր առաջին շրջագայությունը, եւ ստացած տպավորություններն ամփոփելուց հետո, ինչպես գրում է «Ժամանակ» օրաթերթը, ամռանը կմշակվի ծրագիրՙ համապատասխան բյուջեով, որից հետո կհաջորդեն նոր շրջանի գործնական կարգադրությունները: Պոլսին վերաբերող աշխատանքները կտարվեն երկու ուղղություններովՙ թուրքահայ համայնքի հիմնահարցերի եւ հայ-թուրքական երկխոսության: «Չեմ հաւատար, որ մենք պէտք է ըլլանք թելադրողի դերակատարութեան մէջ: Մենք միշտ պատրաստակամ պիտի ըլլանք մեր մշակելիք ծրագիրերէն բխած առաջարկութիւններուն շուրջ քննարկումներ ծաւալելու, մեր աշխատանքը առողջ հիմքի մը վրայ յառաջ տանելու առաջադրութեամբ», ասել է Ռազմիկ Փանոսյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #71, 02-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ