RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#006, 2016-02-19 > #007, 2016-02-26 > #008, 2016-03-04 > #009, 2016-03-11 > #010, 2016-03-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 04-03-2016



Տեղադրվել է` 2016-03-03 23:42:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 2019, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԵՎՐՈՊԱՆ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՀԱՐԳԵԼ ՄԻԱՅՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ՞ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Բեռլինում կայացած «Կայունությունը եւ անվտանգությունը Հարավային Կովկասում. գերմանա- ադրբեջանական համագործակցության հեռանկարները» թեմայով սիմպոզիումի ժամանակ գերմանացի քաղաքական գործիչները խոսել են ղարաբաղյան խնդրի լուծման մեջ ԵԱՀԿ նախագահող երկրիՙ Գերմանիայի առավել ակտիվ դերակատարման մասին: Մարտի 2-ին ադրբեջանական «Ազերթաջը»ՙ անդրադառնալով չորրորդ անգամ կազմակերպված հիշյալ սիմպոզիումին, իրազեկում է, թե մոտ 200 հյուրեր են ներկա եղել «Խոջալուի կոտորածների 24-ամյակը հիշատակող միջոցառմանը», նրանց թվումՙ Բունդեսթագի պատգամավորներ, կառավարության ներկայացուցիչներ, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ, ինչպես նաեւ Բեռլինում Ադրբեջանի դեսպան Փարվիզ Շահբազովը, եւ քննարկել են Հարավային Կովկասում արդի վիճակը: «Մի սարսափելի ողբերգություն», Խոջալուին անդրադառնալով նկատել է Բունդեսթագի ՔԴՄ-ՔՍՄ խմբակցության փոխնախագահ Ֆրանց Յոզեֆ Յունգը եւ գովաբանել մասնավորապես գերմանա- ադրբեջանական կառավարական եւ միջխորհրդարանական աշխույժ հարաբերությունները: Վիճահարույց քննարկում է ծավալվել ԵԱՀԿ Մինսկի խմբիՙ Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանն ի նպաստՙ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդական դերակատարման վերաբերյալ, գրում է «Ազերթաջի» Բեռլինի թղթակիցը: Վուգար Սեիդովը հաղորդում է, թե պետնախարար Բրաուկզիիփեն բոլոր կողմերին կոչ է արել Մինսկի խմբի շրջանակներում կառուցողական աշխատանք տանելՙ նպաստելու միջազգային իրավունքի տեսակետից ընդունելի լուծում գտնելուն, եւ վստահեցրել, թե Գերմանիան ձգտելու է ուժեղացնել խաղաղությանը սատարող գործընթացը: Բունդեսթագի պատգամավոր, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի գերմանական պատվիրակության անդամ Յոհաննես Կահրսը (ՍԴԿ) կարեւորել է այն անհրաժեշտ քայլերը, որոնցով ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում կիրականացվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը: Այդ բանաձեւերն ամրապնդում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պահանջում գրավյալ տարածքների ազատագրում, ինչպես նաեւՙ հնարավոր դարձնում տեղահանվածների վերադարձը: Բունդեսթագի պատգամավոր, ԵԽԽՎ- ում գերմանական պատվիրակության ղեկավար Աքսել Ֆիշերը (ՔԴՄ) ընդգծել է, թե ԵԽ խորհրդարանական վեհաժողովը ջանում է սատարել հակամարտող կողմերի միջեւ կայուն վստահության ստեղծմանը: Ըստ ադրբեջանական պետական լրատվամիջոցի գերմաներեն տարածած հոդվածի, բանախոսները դրական են գնահատել «ԼՂ հակամարտության բեռն ուսած» Ադրբեջանի զարգացումը, ինչպես նաեւ Եվրոպայի հետ կառուցողական համագործակցությունը: Բունդեսթագի «Ձախերի» խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Անդրե Հահնը զգուշացրել էՙ «Եվրոպան պարտավոր է հարգել Ադրբեջանի ինքնուրույն ուղին եւ նույն սխալները չանի, ինչ թույլ տվեց Ուկրաինայի հանդեպ»: Մեկ ուրիշ պատգամավորՙ Մարկ Հաուպտմաննը (ՔԴՄ) գնահատել է Ադրբեջանինՙ լավ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ունեցած հաջողությունների համար, իսկ կրոնական ազատությունների եւ հանդուրժողականության հարցումՙ անվանել օրինակելի: Գերմանիա

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 04-03-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ