RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#006, 2016-02-19 > #007, 2016-02-26 > #008, 2016-03-04 > #009, 2016-03-11 > #010, 2016-03-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 04-03-2016



ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2016-03-03 23:42:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1949, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ԽԻՍՏ «ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ» ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Արծվիկ Մինասյանը ցույցի է դուրս գալու կառավարության շենքի առջեւ, թե՞ ՍԴ է դիմելու

ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության համաձայնագիրը պետք չէ դասել արտառոց երեւույթների շարքը: Կուսակցությունները ի վերջո պայքարում են իշխանության համար եւ այդ իշխանությունը դիտարկում որպես միջոց իրենց քաղաքական նպատակների եւ ծրագրերի իրականացման համար: Մեծ հաշվով այդքան էլ էական չէ, թե նրանք իշխանության կգան միայնակ, թե՞ այլ քաղաքական ուժի հետ: Համաշխարհային քաղաքական կյանքը լի է ստեղծվող եւ փլուզվող կոալիցիաներով: Հայաստանում նույնպես անցած տարիներին ունեցել ենք նման օրինակներ: Փաստացի, խորհրդարանում ներկայացված բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, այս կամ այն կերպ, ինչ-որ ժամանակահատվածում եղել են իշխանություն: Դարձյալ դատապարտելի ոչինչ չկա: Սակայն ասել, թե անհասկանալի կամ անտրամաբանական երեւույթներ չեն լինում նման կոալիցիաներում կամ համագործակցության շրջանակներում, անշուշտ չի կարելի: Դրանցից մեկը էկոնոմիկայի նախարարի պաշտոնում դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի նշանակումն էր եւ նրա հայտարարությունը դրանից հետո:

Երբ խոսքը վերաբերում է համագործակցությանը, իշխանության համար համատեղ պատասխանատվությանը, ապա ենթադրելի է, որ կառավարության ծրագրերն էլ դառնում են համատեղ ծրագրեր: Այդ դեպքում առնվազն անհասկանալի է մի մարդու նշանակումը նախարարական պաշտոնին, որը կառավարության նախաձեռնած կարեւոր բարեփոխումներից մեկի տապալողն է: Կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ Արծվիկ Մինասյանի միտինգային խրոխտ կեցվածքը ոչ հեռավոր անցյալում գուցե եւ բնական էր ընդդիմադիր պատգամավորի համար: Սակայն որքանո՞վ է բնական դրա դեմ հանդես եկող անձին կառավարության կազմում ընդգրկելն այն պարագայում, երբ այդ համակարգը թեկուզ եւ մասնակիրորեն սկսել է գործել եւ հանդիսանում է կառավարության ծրագրերից մեկը: Գուցե ՀՅԴ-ն այսպիսով ուզում էր ցույց տալ իր «սկզբունքայնությո՞ւնը» այս հարցի վերաբերյալ, առաջարկելով Արծվիկ Մինասյանի թեկնածությունը, որի պոպուլիստական գործունեությունը հասցրել էր որոշակի զանգվածի վրա ազդեցություն ունենալ: Այսինքն, դաշնակցությունը դարձյալ մի կողմից «սկզբունքային» է, մյուս կողմիցՙ կառավարության կազմում: Այդ դեպքում ՀՀԿ-ն ինչո՞ւ էր համաձայնվել նրա թեկնածությանը: Կամ գուցե ՀՀԿ-ի հետ ՀՅԴ-ն իր թեկնածուներին չի՞ համաձայնեցնում ընդհանրապես: Այլապես, մարդը հանդես է գալիս իշխանության առաջարկած եւ իրականացվող ծրագրի դեմ, բայց դառնում է իշխանության մաս:

Արծվիկ Մինասյանի հայտարարությունը այն մասին, թե շարունակելու է դեմ լինել կուտակային կենսաթոշակային համակարգին, արդեն զավեշտի շարքին կարելի դասել: Այսինքն, ի՞նչ է անելու նա հիմա կառավարությունումՙ պահանջելո՞ւ է կասեցնել այդ համակարգի ներդրումը: Ինչպե՞ս է դա անելուՙ գուցե դարձյալ ցույցի է դուրս գալու կառավարության շենքի առջեւ: Այն կառավարության, որի անդամ է ինքը: Այսինքն, ինքն իր դե՞մ է ցույց անելու: Հետաքրքրական կլինի իհարկե ու նաեւ բավականին զվարճալի: Կամ գուցե ա՞յլ տարբերակ ընտրի նորանշանակ էկոնոմիկայի նախարարը: Դարձյալ դիմի Սահամանդրական դատարանՙ պահանջելով կասեցնել ՍԴ փոփոխություններով կիրառվող կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը: Այդ դեպքում ո՞ւմ է ներկայացնելու նա Սահմանադրական դատարանումՙ կառավարությա՞նը: Նորից ծիծաղելի կլինի: Կամ եթե ՍԴ որոշման պահանջների իրականացումից հետո, նախկին ընդդիմադիր պատգամավորը նորից դեմ է կուտակային համակարգին, ապա այդ դեպքում ի՞նչ գործ ունի այն իրագործող կառավարությունում: Հրաժարակա՞ն է տալու: Այդ դեպքում ինչո՞ւ նախարար դարձավ եւ վերջապես ո՞ւր մնաց համատեղ պատասխանատվությունը կառավարության ծրագրերի ու գործունեության համար:

Հիշեցնենք, որ ավելի քան 20 տարի առաջ, երբ այն ժամանակ վարչապետ Խոսրով Հարությունյանն իր անհամաձայնությունը հայտնեց այն ժամանակվա նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տնտեսական ծրագրին, վերջինիս պահանջով անմիջապես հրաժարական տվեց: Սակայն սա դժվար թե էկոնոմիկայի նորանշանակ նախարարը կիրառելի համարի: Ի վերջո, այդքան միտինգներ, բոցաշունչ ելույթներ, եւ երբ այդ ամենի արդյունքում իրականություն է դարձել իշխանության գալու երազը, հանկարծ հրաժարական տա՞լ: Արծվիկ Մինասյանին թերեւս ավելի սրտամոտ եւ կիրառելի կլինի ժամանակին ամենաամբոխահաճո քաղաքական գործչիՙ Արթուր Բաղդասարյանի օրինակը: ՀԴՄ-ների տեղադրման դեմ եւ փաստորեն առեւտրի ոլորտում ստվերային ահռելի շրջանառության պահպանման օգտին հանդես եկող այդ անձը, հասնելով բաղձալի իշխանության, շարունակում էր նույն ոգով ճամարտակել` միաժամանակ լինելով այն իշխանության կազմում, որը փորձում էր կարգավորել փաստաթղթաշրջանառությունը առեւտրում: Ի դեպ, իրար հաջորդող կառավարություններից ոչ մեկին մինչ այժմ դա չի հաջողվելՙ նաեւ նրա նման գործիչների պատճառով: Նախկինում Արթուր Բաղդասարյանն անգերազանցելի էր ամբոխավարության առումով, բայց հիմա ժամանակները փոխվել են եւ նրա նմանները շատ են, իսկ ոմանք էլ արդեն կրկնում են նրա անցած ճանապարհը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 04-03-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ