ՈՐՏԵ՞Ղ Է ԶԱՎԵՇՏԸ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը, ով նախկինում, երբ ծանրամարտիկ էր, ավելի թեթեւ բաներ էր բարձրացնում, քան Վրաստանում ՀՀ դեսպանի անելիքներն են, փետրվարի 26-ին վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վրաստանի հանձնախմբի 2015-ի գործունեության ամփոփման տարեկան ժողովի նիստին, որտեղ եւ ելույթ է ունեցել: Խոսելով Ցեղասպանության մասին, դեսպան Վարդանյանն ասել է բառացիորեն հետեւյալը. «Ես ցեղասպանություն ընդհանրապես հասկացությունը դա ընդունում եմ շատ էսպես ասած զավեշտալի...»: Ապա, նույն ելույթում դեսպան Վարդանյանն ասել է. «Տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ այցելում են Ծիծեռնակաբերդ եւ ծաղիկ դնում մեր, այսպես ասած, անմեղ զոհերի հիշատակի համար»: Հասկանալի է, որ հայ մարդու, այն էլ ՀՀ դեսպանի նման խոսքերը անարձագանք չէին մնալու եւ ինչ-որ առումով հասկանալի է այդ արձագանքի սրությունը նաեւ: Սակայն, զավեշտը ոչ թե այն է, որ Յուրի Վարդանյանի կարծիքով Ցեղասպանությունը էսպես ասածՙ զավեշտալի բան է, այլ այնտեղ է, որ Յուրի Վարդանյանը չգիտի, թե զավեշտն ինչ է, այդ բառի բացատրությունը չգիտի, բառը գիտի, իմաստը չի հասկանում: Գուցե դեսպանն այդ բառն օգտագործել է վշտալիի՞ փոխարեն: Բայց խնդիրն անգամ դա չէ, այլ այն, որՙ մենք դիվանագիտական կորպուսում նշանակումները ընդունում ենք շատՙ էսպես ասած զավեշտալի...իսկ սրա մեջ Վարդանյանը մեղավոր չէ: |