ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ Լրագրության ոսկե կանոնին հավատարիմ Սկիզբը թիվ 6-ում Հավաստի աղբյուր լինելը լրատվամիջոցի ամենակարեւոր պարտականությունն է: Դրա մագնիսը «Ազգ»-ում բացառված է թուլանա, քանի կա Հակոբ Ավետիքյանիՙ միջազգային լուրջ մեդիայի օվկիանից մեր երկիր հոսող գետը նետած ամուր խարիսխը: Հենց այդ հոսքովՙ քանի լրագրող «Ազգի» ափ հասավ տեսնելով, որ գետի ջրերում ոչ այնքան առատ քարերը, որքան լողացող աղբն ու մաղձ- մամուռն են խանգարում թեւեր շարժել: Աղբըՙ բամբասանքն ու պատվերը հենց սկզբից զտվել են մեր ջրերում: Մեզ սովորեցրել էինՙ նախ ստուգել տեղեկատվությունը, ու չբավարվել մեկ աղբյուրով, իսկ կասկածի դեպքումՙ վերնագրում մի գլխարկ էր ավելանումՙ հարցման նշանը: Դա մերՙ ոչ այնքան վախն էր, որքան մահկանացուին հատուկՙ սխալվելու հավանականության իրավունքը: Մեր ընթերցողներից շատերն էին խոստովանում, որ «Ազգ»- ը անսպասելի թեմա էր բացում, որի մասին երբեւէ չէին էլ մտածել, իսկ ընթերցելուց հետո նվազագույնը երկխոսելու պահանջ էր ծնվում: Մեր գրածն իհարկե «աստղային» չէր, «Շավիղից» լրագրության մայրուղի հասածներիս, բարեբախտաբար, Սերգեյ Հարությունյանը վաղուց էր ախտահանել, իսկ «Ազգ»- ում, պարզվեց, Համլետ Գասպարյանի ֆորտեն ու ֆորտիսիմոն, Հակոբ Ավետիքյանի պիանոն ու պիանիսիմոն լավ էլ հակավիրուսային թերապիա են: Թեպետ, վկա եք դուք, տաղանդավոր մարդիկ երբեք չեն պակասել մեր թերթի էջերից, իսկ անկեղծ ասածՙ Արիս Ղազինյանի հերթական բանաստեղծության ծնունդը մեզ ավելի էր համոզում, թե Նոբելյանը մի օր, եթե ոչ անպայման «Ազգի» հասցեով, ապա Արիսին հանդիպելու առիթ կփնտրի: Նրա գլուխն ինչպես է հիշողության դարակներով ծանրաբեռն այդ մեգաուղեղը պահում, զարմանալու բան է: Աշխարհագրության ֆակուլտետն ավարտած Արիսին մեկ ուրիշ աշխարհագրագետՙ թերթի հնաբնակներից Արմեն Բաղդասարյանն էր մեր խմբագրություն բերել: Բարեբախտաբար իրար նման չէին, մեկըՙ բանաստեղծ էր, մյուսըՙ չորս հստակ ձեւակերպված նախադասության մեջ էլ կարող էր ամենակարեւորը հաղորդել, գրում էր բացառիկ գեղեցիկ տառեր «նկարելով», հումորով էր, ու Արիսի հետ համոզել էր տալիս, որ միայն բանասերները չեն, որ գիրք են կարդացել ու նախադասությունը ճիշտ են կետադրում: Սրա մասին վկայում էր նաեւ Լեւոն Հախվերդյանի շաբաթական քննությունը: Նա մեր թերթի հեղինակ, ընթերցող լինելուց բացի, հայոց լեզվի սանիտար էրՙ կարմիր գրիչով, ծխախոտի տուփի վրա գրված, առանձնացնում էր բոլորիս սխալներն ու վրիպակները, ինքըՙ մի քիչ տաքարյուն, մի քիչ հումորով, իսկ մենքՙ ճիշտ քննվողի նմանՙ աղեստամոքսային պրկված ներսի մեջ կուլ էինք տալիս դառը դեղահաբը, ու հաջորդ օրվա համարում ներում հայցում ընթերցողներից: Խմբագրությունում ումից գովեստ էինք սպասում, չէինք լսում: Մեր խմբագրի գովեստը մեր նյութը տպագրելն էր արդեն: Բայց «Ազգ»-ում վարժվել էինքՙ գովեստ չխնայել, երբ մեզանից մեկն առաջինն էր լուրը բերում, երբ բացառիկ հարցազրույց էր մյուսը վարում, երբ հաջորդ օրը բոլոր թերթերի մեջ մեր թերթը պարզերեսՙ սեփական դեմքը, գույնն ու ձայնն ուներ: Հաճախ մեր 8 էջերը իրարամերժ կարծիքներով գունեղ կոլաժ էին, երբեմնՙ տպավորությունից ծնված վայրկենական վերաբերմունք, պարտադիր անկեղծ էին, ու իհարկե, ինչպես ամեն օր շեշտում էր Համլետ Գասպարյանըՙ «լրագրության ոսկե կանոնին հավատարիմ»ՙ մի գերկարեւոր նպատակովՙ ուզում էինք, որ մեր անկախ օրաթերթի յուրաքանչյուր ընթերցող իր սեփական կարծիքը ձեւավորեր: Սա նախեւառաջ կուսակցական Հակոբ Ավետիքյանի համոզմունքն էր, որի երազներիՙ վառ գունաբաժանմամբ «Ազգ»-ն այդպես էլ գաղափարականից պոլիգրաֆիական ներկա ժամանակ չունեցավ, իսկ սեւ-սպիտակ տպվող թերթի էջերում կետադրական բոլոր նշաններից հետո, բառերի արանքում ազատ տարածության գոյությունը օգնում էր սեւ-սպիտակի չտրոհել աշխարհը: Երբ մի շրջան երեւի հենց այդ երկգույն ակնոցով բաժանվեց քաղաքական դաշտը սեւուսպիտակի, «Երկիր» օրաթերթն արգելափակվեց, «Ազգ»- ում չհիշեցին էլ, որ խաղաղ արշալույսներին տարակարծությունների բաժանարար գիծը երբեմն խրամատ է փորել, կուսակցականը չգիտեմ, բայց մասնագիտական ղեկավարությունը որոշեց, որ մենք շնչելու ենք, նրանք արտաշնչելուՙ մերՙ դեռեւս անկաշկանդ 8 էջանոց տարածության մեջ: Թթվածնի պակաս մենք էլ ունեցանք, բայց դրա մասինՙ ավելի ուշ, երբ պատումիս մեջ հարմար տեղը գտնեմ: Ոչ մեր սենյակներում լռություն կգտնեիր, ոչ էլ առավել եւսՙ թերթի էջերում: Երբ լրագրողների մեր սենյակից աղմուկի դեցիբիլը հատում էր թույլատրելիի սահմանը, գլխավոր խմբագիրը, որ լույս ժամերին սովորաբար միշտ հյուրեր էր ունենում, մեկ էլ հայտնվում էր մեր սրահում: «Ի՞նչ կա Սյուքո», դիմում էր Սուքիաս Թորոսյանինՙ տեսնելով, որ Toto- ն հոնորարը ըմպելի եւ ուտելի հանրային բարիք է դարձրել, իսկ մենքՙ մի կողմից նյութ ենք սղագրում, մյուս կողմիցՙ ծամումՙ հումորն իհարկե չարհամարհելով: Ուրախ էինք ու գոհՙ պատառն իրար հետ կիսելով, իրար հետ մեր երկրի պատմությունը նոր էջից գրելու արտոնությունը ստացած, դրա երջանկությամբ: Գրում էինք, ու չէին ջնջում մեր գրածը, ժանյակ չկար մեր պատումի փեշից կախված, ոչ էլ գովասանագրի տեքստով հոդված գրելն էր խրախուսվում, ոչ բաժակաճառ կար, ոչ փառաբանություն, ոչ հայհոյանք , ոչ էլ մանավանդ անեծք, գրում էինք անմեղության կանխավարկածի մասին չմոռանալով, գրում էինքՙ հավատալով, թե մեր գրածը անլույս մեր երկրի ընթերցողը մոմի լույսով կարդալուց հետո պիտի մտածիՙ ինչպես իմ երկրում ստեղծեմ իմ բաժին լույսը: Ղարաբաղյան պատերազմի տարիներին քանի ժամ էլ հոսանք տային, տուն կար, էլ ճրագ չուներՙ որդեկորույս ազգ ու երկիր «Ազգի», «Երկիրի» էջերում հաղթանակ էր փնտրում: Միլիմետր առ միլիմետր հայրենիք էինք ազատագրում կամ տանուլ տալիս նաեւ մենքՙ վավերագրողներս, երբ ԼՂ մեր թղթակից Վահրամ Աղաջանյանը, հազար անգամ անջատված- միացված հեռախոսազանգով իր լուրը պիտի թելադրեր, ու մենք մեր հոդվածը կիսատ թողած, միտքներսՙ մեր կիսատ տողին, սիրտներսՙ Ղարաբաղի զանգին, սպասում, մատիտ-գրիչով սղագրում էինք հաղթանակի ու կորստի մասին պատմող նրա զուսպ տողերը: Ղարաբաղում «Ազգի» ոչ ֆաքսը, ոչ էլ հեռապատճենը կար 90- ականներին, Երեւանում էլ չկար, ու մեր խմբագրությունը երբեմն վերածվում էր փոստային ծառայության: Կամՙ սրճարան- թեյարանի: Ով գալիս, հյուրասիրում էինք ու շոյվում, երբ ասում էինՙ ախ, ինչ լավ է ձեզ մոտ: Արթուր Բախտամյանը, մինչ իր ռադիոխմբագրություն հասնելը, մի անգամ գոնե ներկա էր ստանում մեր սենյակում: Արծվի Բախչինյանը ճշտապահ նյութ էր բերում, Տիգրան Լիլոյանըՙ վերջին «ժարիտ անող» լուրերը, «Նոյյան տապանի» լրագրողների համար մեր թերթը միշտ ազատ տարածք ուներ, հետո Տիգրան Նաղդալյանն էր հայտնվումՙ «Փաստի» իր լրահոսից առաջ, հետո «Արմենպրեսս»- ից նրանք, ում նյութը տեղ չէր գտել իրենց լրահոսում, հետո «Ազատություն» ռադիոկայանիցՙ մեր ընկերները, ու նրանքՙ առատաձեռն, հոգեւոր հաց իրենց հոդվածների հետ մի բան դնում էին մեր չդատարկվող սուփրասեղանին: Լիբերալ, պահպանողական մեր թերթը Հայաստանի ժողովրդավարացման ասֆալտն էր փռում: Շերտ առ շերտ, էջ առ էջՙ որակյալ լրագրությամբ: Երբ խմբագրության տպիչի միջից դուրս էր գալիս թերթի սրբագրված տարբերակը, միշտ ականջս հիշեցնում էր Հակոբ Ավետիքյանի սովորական խոսքըՙ օրաթերթըՙ թիթեռնիկ, մի օրվա կյանքի թեւերն արդեն թափ են առնում: Այսօրվա թրթուրըՙ թիթեռը դարձնում էր երեկվա ժամանակագրություն, որ մեր ամենօրյա ջանքն էր ու վաղը գրվելիք Հայաստանի պատմության հաստափոր գրքի անհրաժեշտ էջը: Մեր ընթերցողը հավատում էր մեզ: (շարունակելի) Գերմանիա |