ԱԶԳԻ 25-ԱՄՅԱ «ԱԶԳ»-Ը ՍԱՄՎԵԼ ՄԵԼՔՈՆՅԱՆ Ազգ. ամեն ինչ ասված է, ամեն ինչ ներառում է իր մեջ,- ասում է գրականագետ ու «Ազգ»-ի երկար տարիների հեղինակ պրոֆեսոր Վազգեն Գաբրիելյանը: «Ազգ»-ը քսանհինգ տարեկան է. ավելի մեծ, քան մեր անկախությունը,- նկատում է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: ԱԺ նախագահի ուղերձը կարդում է խորհրդական, «Ազգ»ի նախկին տնօրեն Հրայր Զորյանը. դարձյալ շնորհավորանք ու շնորհակալություն: Խմբագիր Հակոբ Ավետիքյանը սեւեռուն հայացքով նայում էՙ երեւի ներքուստ հպարտանալով: Հոբելյար թերթին նվիրված միջոցառումը կազմակերպվել էր Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի նախաձեռնությամբ: Դասախոսական կազմը երկրորդ շարքում է նստում. առաջինում Ազգ-այիններն ու Ազգ-ականներն են: Բացման խոսքը տրվում է դեկան Նաղաշ Մարտիրոսյանին: Կանգնում է ամբիոնի առաջ ու նախատում հաղորդավարինՙ ինչո՞ւ առաջինը իրեն կանչեցին, երբ մեծ թվով հյուրեր կան, ապա անվանանշում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանին, ամերիկահայ «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանին, Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանին ու այլոց: Հ. Ավետիքյանի alma mater-ում անակնկալ ունենՙ ԵՊՀ ոսկե հուշամեդալ: Սփյուռքի նախարարը կարեւորում է թերթի գործունեությունը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման մեջ, ապա խմբագրին հանձնում «Հակոբ Մեղապարտ» շքանշանը. Անուններն օրինաչափորեն նույնն են,- կատակում է նախարարը: Խոսում են Դավիթ Պետրոսյանը, Երվանդ Տեր-Խաչատրյանը, Հարութ Սասունյանը, ուսանողները կարդում են տարբեր հոդվածներից հատվածներ, ողջ հանդիսությունը վարում են Անուշն ու Սամվելը: Ժուռնալիստների միության նախագահը ձեռնունայն է եկել. շքանշան չկա, որ Ավետիքյանն իրենց կողմից ստացած չլինի: Աստղիկ Գեւորգյանի գլխում կատակ-միտք ծնվեց. պետք է նոր մեդալ մտածել: «Ազգ»-ի անցած ճանապարհն ընդօրինակելի է եւ ուսուցանող: Պարոն Ավետիքյանը գովասանքի մեկ այլ առիթ է գտել. Ուրախալի է, որ համալսարանի ուսանողները կուրսային եւ դիպլոմային աշխատանքների, գիտական ուսումնասիրությունների թեմա են դարձնում «ԱԶԳ»-ը: Դրանք պետք է հավաքենք, խմբագրենք եւ տպագրենք առանձին գրքով: Վերջին ակորդը կոլեկտիվ լուսանկարն է: Հաջորդ հանդիպումըՙ «ԱԶԳ»-ի 50-ամյակին: |