RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#006, 2016-02-19 > #007, 2016-02-26 > #008, 2016-03-04 > #009, 2016-03-11 > #010, 2016-03-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 04-03-2016



ԻՐԱՎԻՃԱԿ

Տեղադրվել է` 2016-03-03 23:42:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1772, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ ԵՐԵՍ ԵՆ ԹԵՔՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ

Պ. Ք.

Մարտի 1-ին ԱՄՆ պետդեպարտամենտը հայրենակիցներին նախազգուշացրեց Թուրքիա մեկնելու վտանգավորության մասին: Ավելինՙ Թուրքիայի առողջարանային քաղաքներ մեկնելը դադարեցրել էին Ռուսաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ այլ երկրների զբոսաշրջիկները: Թուրքական զբոսաշրջության ոլորտը միլիարդավոր դոլարներ է կորցնում: Շատերը տագնապահար սպասում են 2016 թ. ամռանը, որը կարող է վատթարագույնը դառնալ երկրի պատմության մեջ:

Պետդեպարտամենտը ամերիկացիներին կոչ է արել Թուրքիա ուղեւորվելուց զերծ մնալ ահաբեկությունների, ինչպես նաեւ միջազգային եւ տեղական խմբավորումների սպառնալիքների պատճառով: Վերջին ամիսներին համանման պատճառներով Թուրքիա մեկնելուց հրաժարվել էին գերմանացիները (2015 թ. այդ երկիր այցելածների մեջ առաջիններըՙ 5,58 մլն մարդ), ռուսաստանցիները (երկրորդ տեղՙ 3,7 մլն) եւ բրիտանացիները (2,51 մլն): Ճանապարհորդների զանգվածային արտահոսքը սկսվել էր հունվար-փետրվարինՙ Ստամբուլի (12.01) եւ Անկարայի (17.02) ահաբեկություններից հետո:

Ռուսաստանցիներ

Թուրքիայում հանգստանալուց առաջինը հրաժարվեցին ռուսաստանցիները: Ռուս-թուրքական հարաբերություններում ծագած ճգնաժամից առավելագույն վնաս կրեց Անթալիան: Հունվարին այդ առողջարանային քաղաք այցելած ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվեց 5,3 անգամ, իսկ փետրվարին Անթալիա այցելեց ընդամենը 55 ռուսաստանցի: ՌԻԱ գործակալությունը մեջբերում է այդ բնակավայրի քաղաքային խորհրդի զբոսաշրջության աշխատանքային խորհրդի նախագահ Ռեջեփ Յավուզի այն խոսքերը, որ դա «հսկայական կորուստ է», եւ որ «ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը փաստորեն կրճատվել է 100 տոկոսով»:

Ռուս-թուրքական հարաբերությունները վատացան 2015 թ. նոյեմբերի 24-ին ռուսական «Սու-24» օդանավի ոչնչացումից հետո: Արդեն նոյեմբերի 28-ից արգելվեց դեպի թուրքական առողջավայրեր ուղեգրերի վաճառքը եւ չարտերային չվերթերի կազմակերպումը: «Ռոստուրիզմը» ինքնուրույնաբար Թուրքիա մեկնողներին նախազգուշացնում է, որ առկա է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինների պատանդը դառնալու վտանգ:

Թուրքիայի զբոսաշրջության նախարարության տվյալներով, 2016 թ. հունվարին Թուրքիա այցելած ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը անցյալ տարվա հունվարի համեմատությամբ կրճատվել է 56,7 տոկոսով: Անթալիայի առեւտրի պալատը հաշվարկել է, որ ռուս-թուրքական հարաբերությունների ճգնաժամի պատճառով տարածաշրջանի տնտեսությունը կարող է կորցնել 8-9 մլրդ դոլար:

Գերմանացիներ եւ բրիտանացիներ

Թուրքիան միշտ ժողովրդականություն է վայելել գերմանացիների շրջանում: Սակայն հունվարի 12-ի ստամբուլյան ահաբեկությունից (զոհվեց 11 գերմանացի) հետո իրավիճակը փոխվեց:

Փետրվարին գերմանացի ճանապարհորդների թիվը նվազեց 30 տոկոսով: TV1 Group խոշոր օպերատորի տվյալներով, թուրքական ծովափին 2016 թ. ամռան համար ամրագրված տեղերի թիվը կրճատվել է 40 տոկոսով: Պատճառը զբոսաշրջիկների մտահոգությունն է սեփական անվտանգության համար: TV1-ի գերմանական գրասենյակը խոստովանում է, որ ինքը թուրքականից անցել է իսպանական եւ հունական ուղղություններին:

Թուրքիայից երես է թեքել նաեւ բրիտանացի զբոսաշրջիկների մեծ մասը: «Թելեգրաֆ» թերթը նշում է, որ վերջին օրերին 400 հազար բրիտանացիներ չեղարկել են իրենց ուղեւորությունները այդ երկիր: Thomas Cook առաջատար օպերատորը ընդգծում է, որ այդ զանգվածային արտահոսքի պատճառը ահաբեկություններն են: Լոնդոնյան Elixir Holidays օպերատորը բառացիորեն մեկ շաբաթվա ընթացքում սնանկացել է հաճախորդների բացակայության պատճառով:

Բրիտանացիները Անթալիայի փոխարեն մեկնում են իսպանական Տեներիֆե կղզի (Կանարյան արշիպելագ), որը Լոնդոնից նույն հեռավորության վրա է (2900 կմ): Հարաճուն պահանջարկից օգտվելովՙ զբոսաշրջային ընկերությունները կանարյան լողափերի ուղեգրերը 79 տոկոսով ավելի թանկ են վաճառում, քան Եգեյան ծովի թուրքական առողջավայրերինը: Ամառամուտին գներն էլ ավելի բարձր են լինելու, նշում է Expert Online կայքը:

Ինչ կլինի հետո

Թուրքիան շրջանցում են նաեւ խոշոր շոգենավերը: Բազմաթիվ օպերատորներ իրենց ծրագրերից հանել են թուրքական նավահանգիստները: 2016 թվականին այնտեղ չեն մտնի մասնավորապես Norvegian Cruise Line, Oceania Cruises, AIDA Cruises, Regent Seven Seas Cruises, MSC Cruises, Crystal Cruises, Celebrity Cruises եւ Disney Cruise Line ընկերությունների նավերը: Նախնական տվյալների համաձայն, ընթացիկ տարեշրջանում հեռավոր նավարկության նավերի 90 տոկոսը շրջանցելու է Թուրքիան: Տվյալ դեպքում եւս գլխավորը անվտանգության նկատառումներն են:

«Ռոսպոտրեբնադզոր» գերատեսչությունը նույնպես անթույլատրելի է համարում ծովային շրջագայությունների ընթացքում թուրքական նավահանգիստներ մտնելը: Կարգազանց ընկերություններին սպառնում են տուգանքներ:

Թուրքիայի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները կարծում են, որ վատթարագույն ժամանակները առջեւում են: Վարչապետ Ահմեդ Դավութօղլուն փետրվարի վերջերին հայտարարեց, որ մշակվում է ճգնաժամ ապրող զբոսաշրջության ճյուղին օգնելու ծրագիր: Մասնավորապես իշխանությունները 87 մլն դոլար կհատկացնեն, որպեսզի զբոսաշրջային ընկերություններին օգնեն վերաձեւակերպելու սեփական պարտքերը:

Հետաքրքրական կլիներ իմանալ, թե այս հարցում իրենց ինչպես են դրսեւորում մեր զբոսաշրջիկները: Նորից խելապատառ գնո՞ւմ են Անթալիայի եւ թուրքական այլ հանգստավայրեր: Անցյալ ամառնամուտին հայաստանյան տուրօպերատորներից առնվազն մեկը ուղղակի սպառնալիք էր ստացել ոչ ավել եւ ոչ պակասՙ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անունից եւ ջնջել էր իր չվերթը: Սակայն դա այնքան էլ չէր ազդել մեր զբոսաշրջիկների կողմնորոշման վրա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 04-03-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ