ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ ՀԱՐԳԵԼ ԵՆ ԴԱՏԱՎՈՐ ՍԿԱԼԻԱՅԻ ՀԻՇԱՏԱԿԸ Հ.Ծ. Անտոնին Սկալիան Մ. Նահանգների Գերագույն դատարանի առաջին դատավորն էր, որ Հայաստան էր այցելել իր պաշտոնավարության ժամանակՙ 1995ի հուլիսինՙ մասնակցելու USAID-ի ֆինանսավորմամբ անցկացվող դատավորների, փաստաբանների եւ իրավաբանական դաշտի մասնագետների համաժողովին: Նրան ուղեկցում էին Արման Արաբյանը, Մարվին Բաքստերը, Պոլ Միշելը, Տիգրան Թեւրիզյանը եւ Էրիկ Բրուգինկը: Նա շատ էր տպավորվել իր այդ այցով եւ Հայաստանում դատաիրավական դաշտում կատարվող աշխատանքներով: Սկալիան ծնվել էր Տերնտոնում (Նյու Ջերսի) եւ հաճախել Հարվարդի համալսարանը: Նա Գերագույն դատարանի դատավոր էր նշանակվել 1986-ին նախագահ Ռոնալդ Ռեյգանի հրամանով: Այս տարվա փետրվարի 14-ին վախճանվեց 79 տարեկանում: Ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, Ամերիկայի հայկական համագումարում հարգել են նրա հիշատակը եւ հիշել նրա կատարած աշխատանքները: «Իրավական դաշտում նա լայն սրտով ու մտածողությամբ ապրող մի հսկա էր, որի նմանը չկար», ասել է այդ առթիվ Կալիֆոռնիայի Գերագույն դատարանի նախկին դատավոր Արման Արաբյանը: |