ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ՍՈՑՓԱԹԵԹԻ ՀԱՆԳՍՏԻ ԲԱՂԱԴՐԻՉԸ ԿԼԻՆԻ ԲՅՈՒՋԵ 2017-ՈՒՄ» Ա. Մ. Սոցփաթեթի հանգստի կազմակերպման վերաբերյալ Վերահսկիչ պալատի ուսումնասիրության արդյունքը երեկ կառավարության նիստին ներկայացրեց պալատի նախագահ Իշխան Զաքարյանը , տեղեկացնելով, որ ընտրանքային կարգով ուսումնասիրվել են Ծաղկաձորի, Դիլիջանի, Ջերմուկի, Աղվերանի, Արզնիի, Արտավազի եւ Հանքավանի հյուրանոցները եւ հայտնաբերվել են շուրջ 300 մլն դրամի տարբեր խախտումներ: Խախտումներից առաջինն այն է, որ որոշ զբոսաշրջային օպերատորներ լիարժեք չեն կատարել հյուրանոցների հանդեպ իրենց ունեցած պայմանագրային պարտավորությունները, պետական բյուջեից ստացված գումարները ծախսել են այլ նպատակներով, ինչի պատճառով կուտակվել են վերոհիշյալ պարտքերը: Երկրորդըՙ ամրագրման հավաստագրերը տրված են եղել սոցիալական փաթեթի շահառուների անունով, սակայն հաճախ սոցիալական փաթեթից փաստացի օգտվել են շահառու չհանդիսացող քաղաքացիներ: Երրորդՙ մի խումբ զբոսաշրջային օպերատորներ թույլ են տվել սոցիալական փաթեթի գումարների ապօրինի կանխիկացման դեպքեր: Չորրորդՙ որոշ զբոսաշրջային օպերատորներ սոցիալական փաթեթի ծառայություններ են մատուցում, սակայն ընդգրկված չեն եղել սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ: Հինգերորդՙ սոցիալական փաթեթի գումարները պետբյուջեից փոխանցվել են բանկերում բացված հաշիվներին, սակայն մի շարք բանկերի կողմից զբոսաշրջային օպերատորներին փոխանցումներ չեն կատարվել եւ Վերահսկիչ պալատի աշխատակիցներին տեղեկություն չի տրամադրվելՙ հղում անելով բանկային գաղտնիքին: Ելնելով այս պատճառներից, Վերահսկիչ պալատն առաջարկել է կառավարությանը ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջները շրջանցելու, ինչպես նաեւ սոցիալական փաթեթի գումարների անօրինական կանխիկացման դեպքերը բացառելու համար լրամշակել սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչին վերաբերող դրույթները: Ամփոփելով թեման, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ 2017-2019 թթ. միջնաժամկետ ծրագրերում սոցփաթեթի բաղադրիչի կասեցումը բխում էր հենց այս ստուգման արդյունքից: Միաժամանակ, վարչապետը նշեց, որ սոցիալական փաթեթը 2016թ. համար գործում է, պետբյուջեով նախատեսված ծախսերն իրականացվում են, իսկ 2017 թ. պետբյուջեի նախագծում սոցիալական փաթեթի այդ բաղադրիչը ընդգրկվելու է: |