ՅՈՒՐԱ ՍԱՀԱԿՅԱՆԸ` ՎԱՐԴԳԵՍ ԱՐԾՐՈՒՆՈՒ ԱՌԱՋԱՐԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 2014 թվականի փետրվարի 28-ին «Ազգը» հրապարակել էր ռուսաստանցի հայտնի գործարար Վարդգես Արծրունու առաջարկը, որը վերաբերում էր Հայաստանի չգործող արտադրական ձեռնակությունները աստիճանաբար աշխատեցնելու հնարավորություններին: Ավելի կոնկրետ` Արծրունին ելք էր համարում չգործող ձեռնարկությունները հետ գնելն եւ վաճառելը գրագետ ու բանիմաց գործարարների, ովքեր ի վիճակի են ոտքի կանգնեցնել եւ գործարկել այդ ձեռնարկությունները: Հրապարակումը, որը կոչվում էր «Վարդգես Արծրունի. «Ես գիտեմ Հայաստանը ծանր վիճակից դուրս բերելու եւ շենացնելու գաղտնիքը», շատ մեծ արձագանք էր գտել: Վերջերս «Ազգ» էր այցելել Արթիկի գուլպայի ֆաբրիկայի նախկին տնօրեն, իսկ 1992 թվականից այդ ձեռնարկության սեփականատեր Յուրա Սահակյանը, որը մեզ հետ զրույցում նշեց, որ իրեն զգացել է Վարդգես Արծրունու բարձրացրած պրոբլեմի հասցեատերերից մեկը: Սակայն ճանաչելով Արծրունուն անձամբ, նրա գործարար ունակություններն իմանալով` իր կողմից ընդառաջ առաջարկ է անում Արծրունուն եւ բոլոր այն սփյուռքահայ գործարարներին, որոնք կուզենային Հայաստանում ներդրում անել եւ արտադրություն զարգացնել: Առաջարկի էությունն այն է, որ ինքը հինգ տարով անհատույց տրամադրում է ձեռնարկությունն իր ենթակառուցվածքներով եւ հարակից տարածքներով, որպեսզի որեւէ ներդրող այդտեղ արտադրություն զարգացնի` հինգ տարի անց միայն գործարար համաձայնության մասին խոսակցությունը տեղափոխելով: Արթիկի գուլպայի ֆաբրիկայի շենքը կառուցվել է անցած դարի յոթանասունական թվականներն, երբ ֆաբրիկայի տնօրենը Յ. Սահակյանն էր: 1978 թվականից նոր շենքով որպես առանձին ֆաբրիկա սկսել է աշխատել`10 միլիոն զույգ գուլպեղեն նախագծային հզորությամբ, 1000 աշխատողով: Սեփականաշնորհումից (1992 թվական) մի փոքր առաջ այն տեխնիկապես վերազինվել է, սակայն պարզվել է` տեխնիկական լուրջ թերություններ ունեցող սարքավորումներով է եղել վերազինումը, դրանք հանվել էին շրջանառությունից եւ պետք է փոխարինվեին: Սարքավորումները պատճառ դարձան, որ ֆաբրիկան կանգնի: Հաջորդեց Խորհրդային Միության փլուզումը, սարքավորումների փոխարինումը գրվեց սառույցին, այդ վիճակում էլ ձեռնարկությունը սեփականշնորհվեց: Մեքենաները այդպես էլ չհաջողվեց փոխել, դրանցով մրցունակ արտադրանք հնարավոր չէր թողարկել: Այն ժամամակից Յ. Սահակյանը ապարդյուն ներդրող է որոնում.«Ձեր թերթի հրապարակմամբ ռեալ մարդու տեսա, որ ուզում է ներդրում անել, անհանգստացած է Հաայաստանի վիճակից, կոնկրետ առաջարկություն է անում` դա ինձ ոգեւորեց: Վարդգես Բագրատիչին ճանաչում եմ, եւ նրա գործարար հզորությանը տեղյակ եմ: Խելացի բան է ասում, առաջարկում է ժամանակին ջրի գնով սեփականաշնորհած-այժմ չաշխատող ձեռնակությունները (ես չէի ասի, թե ջրի գնով եմ գնել) հետ գնել սեփականատերերից եւ վերավաճառել այնպիսի մարդկանց, ովքեր կարող են ներդրում անել: Իսկ ես ասում եմ` ինչո՞ւ վաճառել, գնել` ավելորդ ծախսեր կատարել: Ես ողջ այս արտադրական համալիրը դնում եմ, այն շատ լավ է պահպանված, շենքային բոլոր հարմարությունները, վերելակներն ու սանհանգույցները կան-գործում են: Երեք հարկանի շենք է`13 հազար քմ արտադրական մակերես, բոլոր ենթակառուցվածքները լավ վիճակում, գազաֆիկացված, ջուրը կա, եթակայանները կան, տրանսֆորմատորային ենթակայանները նույնպես, ներսի ամեն ինչն իր տեղում է, 1,7 հա տարածքի վրա է: Չկան միայն տեխնոլոգիական սարքավորումները: Այդ ամբողջը կարող եմ տրամադրել` հինգ տարի անվճար, առանց որեւէ հատուցում պահանջելու: Արթիկում էժան աշխատուժ եւս կա: Ներդրողը պիտի նորոգի հարկերը, վճարի գույքահարկը եւ արտադրություն դնի` ներդրող եմ ուզում: Հինգ տարի հետո նոր կարելի է բանակցել` ինչն` ինչպես, հանատեղ աշխատե՞նք, կամ միգուցե ներդրողն ինքը ողջը կգնի, կամ մի այլ համաձայնության կգանք»: Այստեղ մեր պատմությունը կարող էինք ավարտել, սպասելով, որ Յուրա Սահակյանի առաջարկը արձագանք կգտնի, ու միգուցե այս արտադրական ձեռնարկությունը գտնի իր ներդրողին: Սակայն հետագա զրույցն էլ ավելի հետաքրքրական թվաց: Այն պատմություն է այն մասին, թե ինչպես կարելի է առանց ծանոթ-բարեկամի ու վերին աջակցության գործ դնել Հայաստանում ու ձախողել, քանի որ հաճախակի փոխվող օրենքներն ու որոշումները պարզապես հնարավորություն չեն տալիս մանր բիզնեսին կայանալու: Աջ ու ձախ ձեռքերի կապը կամ ավելի շուտ` անկապությունը Յուրա Սահակյանը, չկարողանալով նախկին գիգանտ ձեռնարկությունն աշխատեցնել, այնուամենայնիվ, չի հանձնվել: Մեծ ներդրումներով ֆաբրիկայի տարածքում երկու ծառայություն է հիմնել` տրանսպորտային միջոցների տեխզննման կայան եւ գազաբալոնների վկայագրման լաբորատորիա, մտածելով, որ գուցե ստացված շահույթով պահի ֆաբրիկայի արտադրատարածքի պիտանի կարգավիճակը, գույքահարկը մուծի: Սակայն այսօր ձեռնունայն է` այդ ծառայությունները, հագեցած սարքավորումներով, նորոգված ու բոլոր հարմարություններով, չեն աշխատում: Պատճառը մեր կառավարության` իրար հակասող, արագ փոփոխվող որոշումներն են.«Կառավարության որոշումները հիմք ընդունելով` փորձեցինք տրանսպորտային միջոցների տեխնիկական զննման ծառայություն կազմակերպել: Տեխզննումը, հատկապես ավտոմեքենաներում տեղադրված գազաբալոնների վիճակը ես կասեի այսօր ազգային անվտանգության խնդիր է: Մենք զրոյից կառուցել ենք գազաբալոնների վկայագրման լաբորատորիա, հավատարմագրել, բայց կառավարության որոշումը չի աշխատում` հսկողությունից դուրս մնալու պատճառով: Խոշոր ներդրումներ ենք արել: Փաստորեն` կառավարության որոշումը դատարկ թուղթ է, չի աշխատում, ու անհասկանալի է, թե ինչո՞ւ է հսկողությունից դուրս մնում գազաբալոնների վկայագրման խնդիրը»: Նախկինում, երբ տեխնիկական զննման կայաններն աշխատում էին, դրանց միջոցով հնարավոր էր հսկողության տակ պահել գազաբալոնները, որովհետեւ ստուգվող փաստաթղթերից մեկը գազաբալոնների վիճակի մասին տեղեկանքն էր: Հիմա տեխզննման կայանները կանգնեցին, չնայած ըստ համապատասխան օրենքի եւ կառավարության որոշման` երկրում շահագործվող բոլոր տրանսպորտային միջոցները տարին մեկ անգամ պարտադիր տեխզննում պետք է անցնեն. «Որոշման համաձայն ազատականացվեց տրանսպորտային միջոցների տեխզննությունը, մենք էլ կառուցեցինք կայան, հետո նոր որոշում եղավ, որ տեխզննման կտրոնը հիմա տալիս են բանկերը: Պատճառաբանեցին` կոռուպցիոն ռիսկ են վերացնում: Իբր կայանները տրանսպորտային միջոցների սեփականատերերից ավել փող էին վերցնում: Շատ լավ, թող կտրոնը բանկից վերցնեն, բայց գան մեզ մոտ` տեխզննում անցնեն: Այսինքն` ի՞նչ, կոռուպցիոն ռիսկը տեղափոխվե՞ց բանկ, կարելի է ասել: Բանկում նստած ինչ-որ աղջիկ փաստորեն հասկանում է ե՛ւ գազաբալոնի համապատասխանությունից, ե՛ւ տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակից, տեխզննման կայանի կնիքն էլ պետք չի այլեւս կտրոնի վրա: Վարորդը կտրոնը վերցնում, փակցնում է տրանսպորտային միջոցի վրա եւ գնում է, իսկ անվտանգության խնդիրն այդպիսով չի լուծվում: Պետավտոտեսչությանը, որը կոչված է տրանսպորտային միջոցի շահագործման անվտանգությունն ապահովելու, միայն կտրոնի առկայությո՞ւնն է հետաքրքրում: Բայց չէ՞ որ կտրոնը հիմա պարզապես թուղթ է, քանի որ տրանսպորտային միջոցն իրականում տեխզննում չի անցնում: Ամբողջ գործունեությունը վերցնում-տալիս են բանկերին, որոնք ձեւական կտրոններ են տալիս, իսկ միլիոնավոր դոլարների հասնող հիմնական միջոցներով համալրված տեխզննման կայանները պարապուրդի են մատնված»: Այս առիթով հիշեցի օրենքի համապատասխան փոփոխության քննարկումն Ազգային ժողովում, որը համարվում էր կոռուպցիայի հաղթահարման քայլերից մեկը` վարորդի հոգսերը թեթեւացնող: Սակայն Յուրա Սահակյանը համաձայն չէր այս դիտարկման հետ. «Որ վարորդի համար հեշտացել է, դա խաբուսիկ հեշտություն է: Լուրջ վարորդը, ով իր ընտանիքը մեքենա դրած ման է գալիս, կուզենա, որ իր մեքենան սարքին վիճակում լինի»: (*) Նա միայն տեխզննման կայանի համար տեղադրել է 75 հազար դոլար արժողությամբ սարքավորումներ, որոնք հիմա դարձել են չօգտագործվող` ահա մի ներդրում, որը բոլորովին իզուր է անցել: Յ. Սահակյանը փոքր բիզնեսի դժվարին ճանապարհի մի այլ օրինակ բերեց, որն իր եղբոր ջանքերին էր վերաբերում: Մանթաշից Արթիկ խմելու ջուրը հասնում էր երկու կիլոմետր անօգուտ հոսելով: Եղբայրը` Սուրեն Սահակյանը, շատ տարիներ պայքարեց, որ իրավասուներին համոզի ու օգտագործի ջրի` անօգուտ կորչող ռեսուրսը այդ երկու կիլոմետրի վրա եւ ՀԷԿ կառուցելու թույլտվություն ստանա: Այդ թույլտվությունը ստանալու համար նա հաղթահարեց աննկարագրելի խոչընդոտներ, կորցրեց տարիներ: Նախագծով վեց ՀԷԿ պետք է կառուցվեր, հազիվ մեկն է կառուցվել, Ժամում 400 կիլովատ է արտադրում, հազիվ հասցնում են վարկերը փակել, վարկով է կառուցվել: Ներդրումն իրենից, խելքն իրենից, դրել-արտադրում է, ցանցը (ՀԷՑ ԲԲԸ-ն) ութ դրամով է գնում էլեկրաէներգիան, քառասունիննը դրամով վաճառում է:Նմանատիպ ՀԷԿ-եր շատ կան, գոնե քսան դրամով գնեն արտադրանքը, որպեսզի մարդը վերարտադրելու հնարավորություն ունենա: Բայց այդ սակագներն է հաստատել համապատասխան հանձնաժողովը: Երկրորդ-երրորդ տարին է` ՀԷԿ-ն աշխատում է, մնացած հինգ ՀԷԿ-երը չեն կարողանում կառուցել, շահույթը չի բավարարում, ներդրողի կարիք կա: Նախատեսվում է ՀԷԿ-ի շրջակայքում օժանդակ տնտեսություն կառուցել, էլի եթե ներդրող գտնվի, ամեն ինչ կարելի է անել, բայց ներդրող գտնելը շատ դժվար է: Այս օրինակներից հետո եզրակացությունները հուսալի չէին: Եթե մի հպանցիկ հայացք ես նետում` Արթիկում համարյա բոլոր նախկին ձեռնարկությունները կա՛մ չեն աշխատում, կա՛մ մասնակի են աշխատում: Տարածքային կառույցները, կառավարությունը միշտ խորհրդակցություններ են արել, խոսել տնտեսությունը, փոքր բիզնեսը զարգացնելուց, բայց դրանք մնացել են հերթապահ խոսակցություններ: Ամբիոններից բառեր շատ են հնչել` խթանել, զարգացնել եւ այլն, բայց իրականում որեւէ մեկին չի հետաքրքրել Արթիկի ձեռնարկությունների վիճակը, ոչ մեկը որեւէ ներդրողի հետաքրքրությունը չի ուղղորդել դեպի Արթիկ: Իշխանական լծակներ ունեցողներն են միայն իրենց հարցերը լուծում` որդիների, ազգականների գործն առաջ տանում: Սննդի, քարի արտադրութուն ուներ Արթիկը, հիմա համարյա ոչ մի բան չի կատարվում Արթիկում. «Էսօր ամեն ինչ կենտրոնացված է Երեւանում, հասարակ մի կնիքն ինչ է` կնիք պատվիրելու համար մարզերից պիտի հասնենք Երեւան, հերթ կանգնենք, օր կորցնենք: Նախկինում տպարաններում անում էին` հասարակ տեխնոլոգա էր, ինձ համար անհասկանալի է, որ դա էլ տվել են մեկի ձեռքը: Կամ ուզում ես` կարկանդակ թխի, լիցենզիա ստանալու համար մարզից Երեւան պետք է գաս, կանգնես մեկի դուռը, որ լիցենզիա տա: Ամեն ինչ Երեւանում է: Ներդրողներին էլ միայն գայթակղում են Երեւանով: Մինչդեռ մարզում ներդրողն ավելի էժան կծավալի իր բիզնեսը»: Յ. Սահակյանի կարծիքով` կառավարությունը նախ պետք է մեր տնտեսական ուղղվածությունը հայտարարի. ի՞նչ ճյուղեր է նպատակահարմար զարգացնելը, որո՞նք շուկա ունեն: Ռազմավարություն է պետք, տնտեսավարման ուղղություն, որ մի նշաձող լինի, մարդիկ իմանան` ինչ արտադրություն զարգացնեն, որ ճյուղը շուկայի առումով հեռանկարային է.«Թե չէ` երեք գործ դրել եմ ու վատ վիճակում եմ հայտնվել»: Ըստ գործարարի` սարսափելի բարձր ու անհաղթահարելի են վարկային տոկոսները, ոսկու գրավ են ուզում, է, գրավ լինի, դրանո՛վ արտադրություն կդնի գործարարը, էլ ինչո՞ւ է վարկ ուզում: Լիզինգային, այսինքն` հենց ծրագիրը գրավ դնելով վարկեր չկան.«Պիտի սպասենք` Երեւանը ներդրումով հագենա, մեզ էլ հերթ հասնի: Ներդրողի համար մարզում ավելի էժան ու հեշտ է ներդրում անելը, բայց Երեւանից չեն թողնում մարզ հասնի: Ներդրումային ծրագրերը հասանելի են միայն իշխանական լծակ ունեցողին»: Նկատել էինք, որ Յ. Սահակյանը մասնակցում էր Արա Աբրահամյանի` վերջերս տեղի ունեցած գործարար համաժողովին, միգուցե նրա հետաքրքրությո՞ւնը կարողանա շարժել դեպ Արթիկ. «Այո, Ա. Աբրահամյանի` հոկտեմբերին կազմակերպելիք տնտեսական ֆորումի հետ մեծ հույսեր եմ կապում, մանավանդ` ներդրողներ են մասնակցելու»: |