RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2016-07-01 > #026, 2016-07-08 > #027, 2016-07-15 > #028, 2016-07-22 > #029, 2016-07-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 15-07-2016



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2016-07-15 00:22:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 3383, Տպվել է` 51, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԻԱՎՈՐՈՂՆ ԱԶԳԱՆՈՒՆՆ Է

ՄԵՐԻ ԻՍԱՅԱՆ

«Աբրահամյաններ». այս խորագիրն է կրում Հայաստանի ազգային պատկերասրահում բացված 15 արվեստագետների աշխատանքների ցուցադրությունը: Կարդալով խորագիրըՙ առաջին պատկերացումն այն է, որ ցուցահանդեսում ներկայացված են նույն գերդաստանի մարդկանց աշխատանքները, այնինչ նրանց միավորողը միայն ազգանունն է: Մինչ այս նման նախաձեռնություն չէր եղել: Մտահղացումը «Հայ նկարիչների կենտրոն»-ի տնօրեն Խաչիկ Աբրահամյանինն է, ըստ որի, եթե ցանկությունը մեծ է, ապա հետաքրքրական ինչ-որ բան անպայման կստեղծվի: Ցուցահանդեսը բացվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Աշխատանքների հեղինակները երեք սերնդի ներկայացուցիչներ են: Ցուցահանդեսը բազմաժանր է. ներկայացված է գրաֆիկա, գեղանկար, դեկորատիվ-կիրառական արվեստ, քանդակագործություն: Երիտասարդ քանդակագործ Գեղամ Աբրահամյանի խոսքերով` ցուցահանդեսին մասնակցելու առաջարկը սիրով ընդունել է. «Ներկայացված քանդակները նոր չեն, հատուկ այս ցուցահանդեսի համար արված աշխատանք չունեմ: Քանդակներ կան, որոնք տարիների աշխատանք են պահանջում, քանդակագործությունն ընդհանուր գործընթաց է եւ գործն ավարտին հասցնելու հստակ սահմանված ժամանակ չունի: Ամեն քանդակ իր պատմությունն ունի, բոլորն էլ հոգեհարազատ են»,-ասաց քանդակագործը: Գեղամ Աբրահամյանի աշխատանքները ցուցադրվել են նաեւ եվրոպական երկրներում եւ արժանացել բարձր գնահատականի: Առաջիկայում սպասվում է աշխատանքների ցուցադրություն ԱՄՆ-ում:

Տպագրվել է նաեւ պատկերագիրք, որում սեղմ ներկայացված են ցուցահանդեսի մասնակիցների աշխատանքները:

Ըստ ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի ՙ արվեստը կոնցեպցիա, միտք, իմաստ պետք է ունենա, ինչը, իր խոսքերով, այս ցուցահանդեսում ինքը չտեսավ:

«Աբրահամյաններ» ցուցահանդեսում ներկայացված է հայկական կերպարվեստի մի քանի շրջափուլ, որն ընդգրկում է 20-21-րդ դարերի նկարչության զարգացումը:

«Ինձ համար ստեղծագործելու հիմքը եւ ոգեշնչման աղբյուրը կինն ու բնությունն են»,-մեզ հետ զրույցում նշեց նկարիչ Խաչիկ Աբրահամյանը :

Ցուցադրված նկարների մեծ մասը աչքի են ընկնում հարուստ գունային երանգներով: «Երբ թեման արդեն գլխումդ պտտվում է, գույներն էլ ակամայից ընտրվում են: Ոչ անհատական ցուցահանդեսներում ամենադժվարը նկարչի համար ցուցադրվող նկարների ընտրություն կատարելն է, քանի որ չգիտեսՙ քո աշխատանքի կողքին ինչպիսի աշխատանք է կախվելու, եւ այդ պարագայում նկարը կարող է «շահել» կամ «տուժել»:

Նկարների ստեղծման շարժառիթներ, միանշանակ, լինում են, օրինակ, երկրաշարժից հետո 2 տարի ոչինչ չեմ նկարել, միայն մատիտով գծագրել եմ, որոնք ոչ մի կոնկրետության չեն ենթարկվել. չգիտեմՙ մտքերս ուր են գնացել, դրանք կտավի չեմ վերածել: Կան նկարներ, որոնք այնքան հոգեհարազատ են, որ անգամ վաճառքից հետ եմ բերել, ունեմ նաեւ աշխատանքներ, որոնք չեմ ցուցադրում»,- ասաց նկարիչ Սարգիս Աբրահամյանը :

Նկարիչ Դավիթ Աբրահամյանն էլ, ով բնության մեծ սիրահար է, մեզ հետ խոսելիս նշեց, որ նախատեսում է շուտով իր անհատական ցուցահանդեսը ներկայացնել: «Ունեմ նատյուրմորտներ, կոմպոզիցիոն աշխատանքներ, բայց ինձ ավելի հոգեհարազատ է բնանկարը»,- հավելեց նկարիչը:

«Հայ նկարիչների կենտրոն»-ի տնօրեն Խ. Աբրահամյանն իր շնորհակալությունը հայտնեց ՀՀ մշակույթի նախարարությանը, Ազգային պատկերասրահին եւ բոլոր հյուրերին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 15-07-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ