«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՋԱՎԱԽՔՅԱՆ ՍՓՅՈՒՌՔ» ՀԿ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ-ԿՈՉԸ «Ռուսաստանի Ջավախքյան Սփյուռք» հասարակական կազմակերպության վարչություն Արդեն մեկ շաբաթ է, որ ամբողջ հայության ուշադրությունը սեւեռվել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Մենքՙ «Ռուսաստանի Ջավախքյան Սփյուռք» հասարակական կազմակերպությունը, կոչ ենք անում ինչպես ՀՀ իշխանություններին, այնպես էլ «Սասնա Ծռեր» խմբին, ինչքան հնարավոր է շուտ անցնել բանակցություններիՙ խուսափելով իրադրության սրումից եւ արյունահեղությունից: Մենք հարգում ու խոնարհվում ենք Պավլիկի ու նրա ընկերների առջեւ, քանի որ նրանք ժամանակին կռվել են մեզ համար: Այսօր երկիրը բաժանված է երկու մասի: Մեր ամենամեծ ձեռքբերումն այն է, որ Հայաստանում բարձրացավ հայրենասեր, ուժեղ, հպարտ ու խելացի սերունդ: Այս սերունդը պաշտպանեց Արցախի սահմանները քառօրյա պատերազմի ժամանակ: Եվ ինչպես Մոնթեն է ասել. «Սերունդը պետք է դաստիարակել գաղափարներով, այլ ոչ թե բռնարարքներով: Ստեղծված իրավիճակը պետք է հաղթահարել ինտելեկտի, արդարության եւ զգոնության միջոցով: Այսօր պետք է հաղթի խոհեմությունը: Ստեղծված իրավիճակին պետք է լուծում տրվի միմիայն խաղաղ ճանապարհով: Թշնամիներ չկան իրար դեմ կանգնածՙ բոլորս էլ հայեր ենք: Այս պահին պահանջում ենք, խնդրում, հորդորում երկրի իշխանություններին հանգուցալուծում գտնել առանց բռնության եւ մարդկային կորուստների: Հանգուցալուծել պետականությանը չվնասող զիջումներով: |