ԱՏԵԼԻ ԿԱՏՈՒՆԵՐԸ Հ. ԱՖՅԱՆ Ո՞րն էր իսկական հայ ժողովուրդը. ա՞յն, որ ապրիլի հատկապես առաջին օրերին միահամուռ կերպով եւ հենվելով բացառապես պետական-պաշտոնական աղբյուրների վրա, մի բռունցք դարձած ադրբեջանական տանկ ու անօդաչու սարք էր խոցո՞ւմ, սահմանում կանգնած տղերքին մղելով հերոսության, թե՞ այն, որ այս օրերին Էրեբունու ՊՊԾ-ի տարածքից, իսկ ավելի հաճախ այդ տարածքից շատ հեռու ոտքի է կանգնել, որպեսզի ջարդելու ու փշրելու գնով հաղթանակ տոնի, այս անգամ, սակայն, ոչ Ադրբեջանի նկատմամբ, մերո՛նց նկատմամբ: Որտե՞ղ էինք մենք ավելի անկեղծ եւ ե՞րբ. ապրիլի՞ն, թե՞ հուլիսին: Իմ կարծիքով ե՛ւ ապրիլին, ե՛ւ հուլիսին, եւ իմ կարծիքով ապրիլին մենք ոչ թե հայրենասեր էինք, այլ ագրեսիվ, ճիշտ այնպես, ինչպես հիմաՙ հուլիսին: Միայն թիրախն է տարբեր, մինչ մենք նույնն ենք: Ապրիլին մենք շունչը կտրվելով առաջին գիծ էինք նետվում, որ տղերքի կողքին լինեինք, որ միասին հաղթենք եւ անպայման Բաքվում հաղթենք, այսօր մենք կրկին շունչներս կտրվելով Էրեբունի ՊՊԾ ենք գնում, որպեսզի տղերքի կողքին լինենք, որ միասին հաղթենք եւ անպայման Բաղրամյան 26-ում հաղթենք: Ապրիլին մենք ադրբեջանցիներին էինք ատում, հիմա կրկին ատում ենք, բայց իրար, ու խնդիրն այն չէ, որ մենք ատում ենք ադրբեջանցիներին (սա խնդիր էՙ մեծ հաշվով, բայց այդ մասին չէ խոսակցությունը), խնդիրն այն է, որ մենք մեզ ատում ենք նույն ուժգնությամբ, ինչ ադրբեջանցիներին: Եւ ուրեմն ե՛ւ ապրիլին, ե՛ւ հուլիսին մենք տեսանք իրական հայ ժողովուրդը, կամ այն, ինչ մնացել է այդ ժողովրդից, իսկ մնացել է ագրեսիվություն, ամեն գնով հակառակ կողմին ջարդելու ցանկություն, ոչ մի զիջում թշնամուն, ես ճի՛շտ եմ, ճիշտը ե՛ս եմ... Հոգեբանները ատելությունը, երբ այն կրում է խրոնիկ բնույթ, համարում են հիվանդություն, կապ չունի ատողը ով է կամ ատելության սուբյեկտն ով է (ինչ է): Եթե մեկն օրինակ ատում է կատուներին (ինչպես ես, ի դեպ), ապա նա հոգեբանական օգնության կարիք ունի, ընդ որում այնպիսի հոգեբանի, որն իր տանը կատու է պահում, ցանկալի էՙ մեկից ավել: Սա մեկի դեպքում, իսկ մի ամբողջ ազգի՞: Լավ, ենթադրենք ադրբեջանցիներին ատելը մեզ օգնում է միասնականություն խաղալ, հենց խաղալ, օգնում է շատ բաների վրա գոնե որոշ ժամանակով ուշադրություն չդարձնել, բաներ, որոնք թշվառացնում են առանց այդ էլ թշվառ մեր կյանքը, բայց ո՞ւր ենք գնում իրար ատելով, ընդ որումՙ մեքենայով, որ արագ հասնենք տեղ: Եթե բոլորիս համար էլ հասկանալի է, որ հայ-ադրբեջանական փոխադարձ, հենց փոխադարձ ատելությունը ինչ-որ մի օր արյան է բերելու, ապա մի՞թե պարզ չէ եւ ինչո՞ւ պարզ չէ, որ միմյանց հանդեպ ատելությունն էլ ինչ-որ մի օր արյան է բերելու: Ատելությունն այդպիսի բան է. լավն այն է, որ հավերժ չէ, վատն այն է, որ պայթում էՙ արյան հսկայական շիթերով: Տակն ենք մնալու այդ շիթերի, դուրս չենք կարողանալու գալ, չմեջբերեք, խնդրում եմ, մեր հինավուրց պատմության ամենաարյունալի էջերը, զուգահեռներ չտանենք դրանց եւ մեր օրերի միջեւ: Չասեք, որ եթե առաջ հաղթահարել ենք, հիմա ի՞նչ է եղել որ... Բանն այն է, որ հիմա ուրիշ է, գիտե՞ք ինչու, մի շատ պարզ պատճառով. հիմա մենք ենք ապրում, այսինքն ատելության պայթման պահը պատմության գրքերում չենք կարդալու, տեսնելու ենքՙ անձամբ եւ չենք դիմանալու, դարերով դիմանալը էլի դարեր դիմանալ չի նշանակում, դարերով դիմանալը դիմանալուց հոգնել է նշանակում: Նստեք, ճիշտ է տրանսպորտում ձեզ տեղ չեն տա, որպեսզի նստեք, բայց դա չի նշանակում, որ դուք պետք է ատենք բոլոր նրանց, ովքեր նստած են, եւ ձեզ տեղ չեն տալիս: Ի վերջո նստելու մեջ էլ լավ բան չկա, մանավանդ, երբ մի 15 տարով ես նստում դիմացինին ատելու համար, ոչ այդ մեղադրանքով, բայց դրա համար: Նստեք ձեր տանը, ձեր ընտանիքի անդամների հետ, չնայած շոգ է, բայց կարող եք թեյ խմել, ասում են այն հագեցնում է ծարավը, անգամ եթե այն արյան ծարավ է: Զրուցեք նրանց հետ, եթե երեխաներ ունեքՙ հատկապես նրանց հետ, աշխատեք այդ զրույցների ժամանակ շատ բառեր օգտագործել, որպեսզի նրանք շատ բառեր սովորեն-իմանան, քանի որ երբ մարդը շատ բառեր չի իմանում, իր նեղվածությունը բառերով չի արտահայտում, խոսելիս էլ կարդալով է խոսում, այն էլ միայն իրավապահ մարմինների ղեկավարների հետ: Վերջիններս, եթե զգում էլ են, որ մարդը շատ բառ չգիտի, չեն ասում, չեն համարձակվում ասել, ժողովուրդը կասի, կհամարձակվի: Այնպես որ շատ բառ իմանալը անհրաժեշտ է ոչ միայն նեղվածությունը բառերով արտահայտելու համար, այլեւ ժողովրդի հետ խոսելու համար, դա կարողանալու համար: Ես հասկանում եմ, որ երեխաներին թեյի սեղանի շուրջ բառեր սովորեցնելը հետաձգում է հեղափոխությունը, բայց նաեւ հասկանում եմ, որ դա հաստատ է դարձնում այն: Երեխաներն արագ են մեծանում, երկիրն էլ դանդաղ է կառուցվում: Դրա համար պետք է որ ծնողները չատեն, իսկ երեխաներն էլ շատ բառ սովորեն: Այնուամենայնիվ կատուներին ես ատում եմ, չնայած մոտ 2 տարեկան աղջիկս երեկ նոր բառ սովորեցՙ «կաճապուրի» (խաչապուրի): |