RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2016-07-15 > #028, 2016-07-22 > #029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 29-07-2016



ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՐԿԱԾՆԵՐ

Տեղադրվել է` 2016-07-28 23:44:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 9561, Տպվել է` 752, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔՐԻՍՏՈՍԻ ՊԱՏԿԵՐՈՎ ԹԱՇԿԻՆԱԿԸ ԿԱՄ ԴԱՍՏԱՌԱԿ

ՎԱՀԱՆ ՔՈՉԱՐ

Սկիզբը` նախորդ համարում եւ վերջ

Վատիկանի թանգարանում կա արծաթե մի նմանատիպ տապանակ, որի եզրերին չկա պատմական որեւէ իրադարձության դրվագում, իսկ դեմքի բացվածքը ուղղակի հիշեցնում է ներկայումս Ճենովայի Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցում գտնվող արծաթե տապանակի մեջ գտնվող դիմանկարի ուրվագիծը: Այս երկու տապանակի վրայի եղած դեմքի ուրվագծերը, ինչպես նաեւ հետագայում ստեղծված Հիսուս Քրիստոսի դիմանկարների հիմքում ընկած է Աբգար թագավորին ուղարկված անձեռակերտ վարշամակի վրա պատկերված անձեռակերտ դիմանկարը: Երբ Աբգար թագավորի սուրհանդակ, բանբեր Անանը փորձել է նկարել Հիսուսին եւ նրանից ճառագող հզոր լույսը խանգարել եւ չի թողել գծագրելու, Հիսուս լվացվել է եւ իր թաց դեմքին հպել դաստառակը, որի վրա եւ առաջացել է իր անձեռակերտ դիմանկարը: Այն կոչում են նաեւ «թաց մորուք», քանի որ ծնոտի երկու կողմի մազերը լվացվելուց հետո միավորվել են եւ սրվել կենտրոնում: Քրիստոսի պատկերագրության մեջ սա բավականին ակնառու երեւում է, այսինքնՙ սրված մորուքը, որը իր գծանկարով համընկնում է Վատիկանում եւ Ճենովայում գտնվող պահպանակների ուրվագծերի հետ: Բայց Վատիկանում գտնվող պահպանակի մեջ բառիս բուն իմաստով ոչինչ չի երեւում, ինչի համար Մարտին Լյութերը այն խաբեություն անվանելով հեռացել է:

Հարց է առաջանումՙ պահպանվե՞լ է արդյոք անձեռակերտ վարշամակը, եւ եթե այն գոյություն ունի, որտե՞ղ է գտնվում:

2010 թվին լույս տեսած գերմանացի լրագրող Պաուլ Բադդեյի «Աստվածային Պատկեր. Քողը Մանոպելլոյից» գիրքը աշխարհին ներկայացրեց Մանոպելլոյի եկեղեցու գլխավոր խորանում ցուցադրվող արծաթե տապանակի մեջ գտնվող Հիսուս Քրիստոսի իրական պատկերը: Գրքի հիման վրա նկարահանված փաստավավերագրական ֆիլմում ներկայացվում է Փրկչի աստվածային անձեռակերտ դիմանկարի հայտնագործության պատմությունըՙ արված հայր Հենրիխ Պֆաֆերի եւ Պաուլ Բադդեի կողմից:

Աստվածային Պատկերը կամ Քողը Մանոպելլոյից պահվել է Վատիկանի Սուրբ Պետրոսի բազիլիկայում: Հիսուսի իրական կերպարը, որը 1527 թվականի Հռոմի ավերածություններից ու կողոպուտից փրկելու նպատակով, Կլեմենտ պապի կարգադրությամբ, ապաստան է գտել լեռնային Աբրուցո շրջանում գտնվող Մանոպելլո գյուղակում: Քրիստոնյա աշխարհի համար այս անգին մասունքը մինչ օրս էլ գտնվում է այստեղ եւ ցուցադրվում: Նախքան իր այս հանգրվանը գտնելը, այն եղել է Սուրբ Պետրոսի բազիլիկայում մշտական ցուցադրված, եւ վաղ քրիստոնեության ժամանակաշրջանում հանդիսացել է նաեւ նյութական զգալի հասույթի աղբյուր: Բազում հավատացյալներ են եկել տեսնելու Աստծու որդուՙ Հիսուս Քրիստոսի իրական կերպարը: Թափանցիկ, թանկարժեք վիսոն մետաքսաթել գործվածքի վրա պարզորոշ երեւում է Փրկչի դիմանկարը, որը իր չափերով 21x17.5-ի վրա ավելի շատ համապատասխանում է թաշկինակի: Դրոշմված դիմապատկերը պոզիտիվ է եւ այն ներկայացվում է որպես Հիսուսի խաչելության ճանապարհին մի կնոջ կողմից տրված գլխաշոր, որպեսզի Հիսուսը սրբի դեմքը: Դրանից հետո գլխաշորի վրա հայտնվել է իր դիմապատկերը, որը մեզ է հասել որպես «Վերոնիկայի քող կամ գլխաշոր» անվամբ: Այս անունով հիշատակվող անձ Աստվածաշնչում գոյություն չունի: Անունը առաջացել է լատիներեն vera icona բառերի միաձուլումիցՙ դառնալով Վերոնիկա: Իսկ լատինական բառերի ստուգաբանությունը նշանակում է «vera» «իրական» եւ «icona» «կերպար»: Խոսքը Հիսուսի իրական կերպարի մասին է, որը ինչպես արդեն նշել ենք, թանկարժեք գործվածքի վրա է պատկերվել: Ներկայիս կտորը ավելի շատ թաշկինակի քան գլխաշորի չափսեր ունեցող վիսոն մետաքսաթել գործվածք է, որը ստացվում է Միջերկրական ծովում բնակվող մեծ միդիայի մազաթելերից եւ հանդիսանում է արքայական հագուստի կամ հոգեւոր դասի հանդերձանքի բաղկացուցիչ մի մաս: Հավանականությունը շատ քիչ է, որ խաչելության ճանապարհին ամբոխի մեջ գտնվել է մեկը, ով Փրկչին, դեմքը սրբելու համար, այդ արժեքավոր գործվածքով գլխաշոր է առաջարկել:

Առանձնապես հետաքրքրական է այն մեկնությունը, որտեղ ասվում է, թե այս կտորը դրված է եղել գերեզմանում Հիսուսի դեմքի վրա: Ծացկոցը, որում գտնվել է մարմինը, ոտքերից դեպի վեր ուղությամբ մեջքի կողմից շրջված, փակելով գլուխը, իջնում է դեպի ոտքերը մեկ կտորով եւ, որի վրա տեսնում ենք դեմքըՙ խոշտանգումներից ցավի արտահայտությամբ, փշե պսակից եւ մտրակի հարվածներից արյան հետքերով, աչքերը փակ, բերանը փակ տղամարդու նեգատիվ դիմանկար: Իսկ թափանցիկ թանկարժեք կտորը, որը դրված է եղել ծացկոցի վրայից դեմքին, իբր նեգատիվ ծածկոցից տպվել է պոզիտիվ: Թաշկինակի վրա երեւացող դեմքը արյունաշաղախ ու կտտանքներից այլայլված դիմապատկեր չէ, ինչպիսին մենք տեսնում ենք ծածկոցի նեգատիվ դիմանկարում: Թաշկինակի վրա տեսնում ենք աչքերը բաց, կիսաբաց շրթներով կենդանի մարդու դիմանկար: Ներկայացվող վարկածում թաշկինակը դրված է եղել Հիսուսի անշունչ դեմքին եւ այն առաջացել է նրա համբարձվելուց առաջ, թողնելով ուղերձ մարդկությանը իր կենդանի էության մասին:

Որպես «Հարության աներեւակայելի մասունք» ահա այսպես են ներկայացնում Պաուլ Բադդեն եւ իր համախոհները գտածոն, եւ ոչ մի ակնարկ անգամ չկա, որ սա կարող է նաեւ Աբգար թագավորին ուղղված դաստառակը լինել:

Կարելի է համաձայնվել այս կամ այն դրույթի հետ կամ չընդունել եղած մեկնաբանություններից եւ ոչ մեկը, եւ այսուհանդերձ հարցը անպատասխան է մնումՙ ե՞րբ եւ ի՞նչպես հայտնվեց դեմքի վրա այդ թանկարժեք կտորով թաշկինակը եւ ինչպե՞ս երեւակվեց պատկերը վուշե եւ վիսոնե բաց գույնի գործվածքների վրա, մեկը նեգատիվՙ մահացած մարդու դիմանակարով, մյուսը պոզիտիվՙ կենդանի մարդու դիմանկարով:

Կան բազմաթիվ հետազոտությունների եւ ուսումնասիրությունների արդյունքներ, հաստատող անձեռակերտ պատկերի իսկությունը: Համեմատվել ու հաստատվել է նույնությունը ներկայիս շրջանակի չափերի եւ Վատիկանի թանգարանում ցուցադրվող այն շրջանակի, որում ըստ ավանդության գտնվել է թաշկինակը մինչեւ Մանոպելլոյում զետեղվելը:

Մանոպելլոյի եկեղեցում ցուցադրվող դիմանկարը թափանցիկ վիսոն մետաքսաթել գործվածքի վրա է, որի իսկությունը հաստատվել է կտորը ճանաչող մասնագետի կողմից, այն գտնվում է երկու հախճապակիների միջեւ, արծաթե շրջանակում, եւ դիմանկարը երկու կողմից էլ կարելի է տեսնել: Միջերկրական ծովում ապրող միդիաների մազաթելերից ստացվող մետաքսաթելը անվանվում է նաեւ ծովային մետաքս: Այն թափանցիկ է եւ չի ներկվում:

Մետաքսաթել այս կերպասը մատնացույց է անում Թադեոս առաքյալի կողմից Եդեսիայում իրեն հետնորդ եպիսկոպոս կարգած Ադդե անունով մետաքսագործին: Մետաքսագործ մականունը, որը հիշատակվում է պատմության էջերում, ուղղակի կապված է նրա գործունեության հետ, առավել եւս հազվագյուտ մետաքսաթելով աշխատելու պարագայում: Զուգադիպությո՞ւն է արդյոք մետաքսե թաշկինակը եւ մետաքսագործ վարպետ Ադդեի հանգամանքը: Հազվագյուտ մետաքսաթելով աշխատող եւ թանկարժեք թաշկինակը պատրաստողը հենց Ադդեն պետք է եղած լինի ով, ոչ միայն իր անհողդող հավատքի, այլեւ իր այդ շնորհի համար ձեռնադրվել է եպիսկոպոս: Իսկ ինչպե՞ս թաշկինակը հայտնվեց Երուսաղեմում Հիսուսի ձեռքում, որի վրա պատկերվեց իր դիմանկարը: Հավանաբար Աբգար թագավորի ուղարկած թուղթը ի նշան հարգանքի, մեծարման, հավատքի առ Աստծո Որդի Հիսուսը, փաթաթված է եղել թանկարժեք մետաքսաթել կտորով, ինչպես այսօր նամակը ուղարկվում է փոստային ծրարի մեջ ամփոփված: Իսկ իր ներկայիս պահպանված չափերից ելնելով, եթե այն իր իրական է, կարելի է ենթադրել, որ նրանով կապված է եղել կլորված թուղթը: Իսկ ավելի հավանական է, որ թաշկինակը եղել է նամակի հետ մատուցվածՙ արքային վայել նվերների հետ: Որպես վերջինիս հավաստում բերենք նամակի վերջին տողերը. «Նաեւ լսեցի, թե հրեաները քեզանից դժգոհում են եւ ուզում են քեզ չարչարել, բայց ես մի փոքր ու գեղեցիկ քաղաք ունեմ, որ երկուսիս էլ բավական է»: Ինչպես մոգերըՙ ովքեր եկան տեսնելու ու երկրպագելու մանուկ Հիսուսին բերելով իրենց հետ նվերՙ ոսկի, խունկ, զմուրս, այնպես էլ իր քաղաքը նվիրաբերող թագավորըՙ խնդրագիր թուղթը ուղարկած պետք է լինի հավուր պատշաճի նվերներով ու ընծաներով:

Աշխարհում առաջինըՙ 301 թվին քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած ժողովուրդ, նաեւ միակը, ով մնաց հաստատուն իր հավատի մեջ առ այսօր, որ Հիսուս Քրիստոս Աստծո որդին է ու Աստված, չմասնակցելով 451 թվականին Քաղքեդոնի տիեզերական խորհրդաժողովին, նաեւ չընդունելով նրա կայացրած որոշումները, Հայ առաքելական եկեղեցին մեկուսացավ: Եվ իր մոտ պահվող չորս մասունքները, որոնցից մեկն էլ «Անձեռակերտ Դաստառակ»-ն էր, մնացյալ քրիստոնյա աշխարհը մատնեց մոռացության:

Աբգար թագավորի Անձեռակերտ Դաստառակի գոյության մասին է վկայում նաեւ հետեւյալ փաստը, որ 787 թվականին կայացած յոթերորդ Տիեզերական խորհուրդի որոշման համաձայն սրբանկարներում, որպես Տիրոջ դիմանկարի միակ հավաստի բնագիր, ընդունվել է Անձեռակերտ Դաստառակի իրական պատկերը: Հիսուսի դիմանկարը, որը աշխարհն այսօր ճանաչում է, որպես Նրա իրական կերպար, դա հենց Աբգար թագավորի Անձեռակերտ Դաստառակի վրա Տիրոջ թողած միակ իրական պատկերն է:

Մեզ է հասել Վարագա վանքի Սուրբ Գեւորգ ժամատան որմնանկարը, ուր պատկերված է հասակով մեկ կանգնած թիկնեղ Հայոց Աբգար V թագավորը, ում անվանել են նաեւ «Ավագ այր», երկու ձեռքով պահած անձեռակերտ դաստառակը Հիսուսի իրական պատկերով: Դիմանկարըՙ գլխի շարժումով, աչքերի հայացքով, ճակատի լայնությամբ ուղղակի Մանոպպելլոյում գտնվող անձեռակերտ դիմանկարն է: Նկարիչը քաջատեղյակ է եղել անձեռակերտ դաստառակի դիմանկարին, ինչը կարող է հավաստել յուրաքանչյուր արվեստաբան: Ինչպես է պատկերագրությունը հասել նկարչինՙ պարզ չէ, բայց որ դա հենց դաստառակի վրայի դիմանկարն է վերարտադրվածՙ անժխտելի է: դիմանկարը ուղղակի Մանապելլոյում ցուցադրվող թաշկինակի վրայ դրոշմված դեմքն է:

Արեւմուտքից դեպի արեւելք տարածվող քրիստոնեությունը, կերպարվեստի բոլոր միջոցներով ներկայացնելով իր պատմությունը, Հիսուս Քրիստոսի դիմանկարի համար հիմք է ընդունել Աբգար թագավորին հասած դաստառակի վրայի անձեռակերտ դիմանկարը: Գոյություն ունի «Անձեռակերտ Դաստառակ»-ը պատկերող բազմաթիվ արվեստի նմուշներ կատարված այնպիսի նկարիչների կողմից, ինչպիսիք ենՙ Դյուրերը, Էլ Գրեկոն, Մեմլինգը, Գոցցոլին, Ռուբլյովը, Ուշակովը, Բալերինին, Ռերիխը:

Աբգար թագավորի «Անձեռակերտ Դաստառակ»-ի վրա, Փրկչի կողմից թողած իր իրական պատկերը, այսօր ներկայացվում է Մանոպելլոյի եկեղեցում: Ժամանակի ծալքերում պահ մտած քրիստոնյա աշխարհի համար այս անգին մասունքը կրկին հայտնվեց ի լուր աշխարհի:

Նկար 1. Հիսուսի անձեռակերտ պատկերը հայտնաբերված Մանոպելլոյի եկեղեցում: Այն ամփոփված է արծաթե շրջանակում երկու հախճապակիների միջեւ եւ ի ցույց դրված եկեղեցու խորանում: Թափանցիկ ծովային մետաքսի վրա առաջացած պատկերը հնարավոր է երկու կողմից էլ տեսնել:

Նկար 2. Վարագա վանքի Ս. Գեւորգ ժամատան որմնանկարներից: Հայոց Աբգար V թագավորը, որի ձեռքերում գտնվող դաստառակի վրա տեսնում ենք Հիսուսի անձեռակերտ պատկերը:

Լուսանկարըՙ Թիերիների, արված 1969 թ.:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 29-07-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ