ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՍ ՀԻՆԳ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ԿԴԱՍԱՎԱՆԴՎԵՆ «ՄԻԿՐՈԷԼԵԿՏՐՈՆԻԿԱ», «ՏՏ» ԵՎ «ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ» ԱՌԱՐԿԱՆԵՐԸ Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների միություն ՏՀՏ գործատուների միության անդամ կազմակերպությունների կողմից անցած տարի իրականացված աննախադեպ պիլոտային ծրագիրը արձանագրելով բարձր արդյունքներ, այս տարի ընդլայնվում է: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը ստորագրեց Փոխըմբռնման հուշագիր ՏՀՏ գործատուների միության, ՎիվաՍել-ՄՏՍ, ՍինոփսիսԱրմենիա եւ Յունիքոմփ ընկերությունների հետ, որը նախատեսում է պետության եւ տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի խոշոր ընկերությունների միջեւ ռազմավարական համագործակցության շարունակության մասինՙ ՏՀՏ կրթությունը Հայաստանում որակապես նոր մակարդակի հասցնելու նպատակով: Փոխըմբռնման հուշագրի նպատակն է բարձրացնել ՏՀՏ ոլորտում մասնագիտական կրթության որակը, ինչպես նաեւ ներմուծել ընկերություններիՙ տեսական ու գործնական նորարարական գիտելիքների վրա հիմնված մեթոդաբանությունը: Փոխըմբռնման հուշագրի համաձայն ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն ապահովելու է «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտական առարկաների ներդրումը, ինչպես նաեւՙ մշակելու եւ հաստատելու է նշված մասնագիտական առարկաների առարկայական չափորոշիչները եւ ծրագրերը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը մասնակցելու է «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկայի չափորոշիչների եւ ծրագրի մշակման գործընթացին, ինչպես նաեւՙ իրականացնելու է տվյալ առարկայի ուսուցիչների վերապատրաստումը: ՍինոփսիսԱրմենիա ընկերությունն իր ներդրումը կունենա «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի չափորոշիչների եւ ծրագրի մշակմանը, ինչպես նաեւ կիրականացնի «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի ուսուցիչների վերապատրաստում: Յունիքոմփ ընկերությունը կիրականացնի«Տեղեկատվական տեխնոլոգիաներ»առարկայի չափորոշիչների եւ ծրագրի մշակումը, «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի ուսուցիչների վերապատրաստումը, ինչպես նաեւ կապահովի «Միկրոէլեկտրոնիկա», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» եւ «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկաների լաբորատորիաները եւ համակարգչային ցանցը: Փոխըմբռնման հուշագրով այս տարի նախատեսված է կրթական ծրագրի իրականացումը եւս 5 ուսումնական հաստատություններումՙ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, N198 ավագ դպրոց, N105 ավագ դպրոց, ՀԱՊՀԳյումրու մասնաճյուղ ավագ դպրոց եւ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի «Ուսմունք» դպրոց: |