RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2016-07-15 > #028, 2016-07-22 > #029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 29-07-2016



Տեղադրվել է` 2016-07-28 23:44:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 4192, Տպվել է` 274, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՀՎ-Ն «ԽՈՍՏՈՎԱՆԵՑ» ԻՐ ՁԱԽՈՂՈՒՄԸ

Պ. Ք.

ԿՀՎ տնօրեն Ջոն Բրեննանը համաշխարհային հանրությանն ապշեցրեց իր հայտնություններով, որոնք նա օրերս հրապարակեց Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում ԱՄՆ-ի վարած քաղաքականության առնչությամբ: Նրա խոսքերից հետեւում է, որ 2011-ի սկզբներին ոչ առանց Վաշինգտոնի օգնության Թունիս, Ալժիր, Եգիպտոս, Եմեն եւ տարածաշրջանի որոշ այլ երկրներ ներխուժած «արաբական գարունը» սխալմունք էր: Իսկ Իրաքի, Լիբիայի եւ Սիրիայի ներկայիս քաոսային վիճակը «աշխարհին գավառային հայացքով նայող» նախկին քոչվորների մտածելակերպի ոչ այնքան ճիշտ ընկալման հետեւանքն է:

Վաշինգտոնի «Բրուքինգս» հաստատությունում օրեր առաջ ունեցած ելույթում ամերիկացի գլխավոր հետախույզը խոստովանել է, որ իր գերատեսչությունը բացարձակապես սխալ էր կանխատեսել «արաբական գարնան» արդյունքները: Հետախուզական ծառայության տվյալների համաձայն, բողոքների ալիքի շնորհիվ «Ալ Ղաիդան» եւ մյուս ահաբեկչական խմբավորումները պետք է թուլանային, բայց դրա փոխարեն թուլացավ հենց կենտրոնական իշխանությունը, իսկ ծայրահեղական խմբավորումները սկսեցին ուժեղանալ: Բրեննանի խոսքերով, Արեւմուտքի մի շարք երկրների ղեկավարների հավանությանն արժանացած 2011 թ. իրադարձությունները վերջին հաշվով հանգեցրին ամբողջ աշխարհում ահաբեկչական կազմակերպությունների ազդեցության աճին:

Այս կապակցությամբ Russia Today հեռուստաալիքը նշում է, որ Մերձավոր Արեւելքում իրադրության անկայունացման մեջ ԱՄՆ-ի դերը միայն «արաբական գարնան» հեղաշրջումներով չի սահմանափակվում: Մինչ այդ ամերիկացիները հրով ու սրով փորձել էին «ժողովրդավարացնել» Աֆղանստանը, Իրաքը, Լիբիան, բայց ժողովրդավարության փոխարեն այդ երկրների բնակչությանը բերել էին միայն մահ, սարսափ, ատելություն եւ ավերածություն:

Եվ ահա այժմ ԿՀՎ ղեկավարը ամենքին բացատրում է, որ, ինչպես պարզվում է, ժողովրդավարությունը եւ Մերձավոր Արեւելքը անհամատեղելի են: «Երբեմն ես մտածում եմ, որ Վաշինգտոնում ոմանք այնքան էլ լավ չեն հասկանում մերձավորարեւելյան առանձնահատկությունը եւ ժողովրդավարացման հանդեպ աշխարհի մի մասի հետաքրքրությունը», հայտարարել է Բրեննանը, որի խոսքը մեջբերում է ՌԻԱ գործակալությունը:

ԿՀՎ ղեկավարի կարծիքով, արեւմտյան ժողովրդավարությունը խորթ է Մերձավոր Արեւելքին, քանի որ «երկու, նույնիսկ մեկ սերունդ առաջ այստեղ քոչվորների հասարակություններ էին խոր ավանդույթներով եւ աշխարհի հանդեպ միանգամայն գավառային հայացքով»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 29-07-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ