RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2016-07-15 > #028, 2016-07-22 > #029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 29-07-2016



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2016-07-28 23:44:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 4746, Տպվել է` 505, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ 250 ՄԼՆ ՆՈՐ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԸ

Պ. Ք.

«Բազմաթիվ, մանավանդ աղքատ երկրներում հողը չորանում է, անապատներն ընդլայնվում են, անասունները ոչնչանում, ջրային ռեսուրսները նվազում են կամ աղտոտվում», գրում է «La Vanguardia» պարբերականը: Ժողովրդագիրները նախազգուշացնում են, որ մի քանի տարի հետո սկսվելու է գաղթականների այնպիսի հոսք, որ դեպի Եվրոպա ձգտող փախստականների ներկայիս ալիքները կթվան խղճուկ առվակներ:

Ներքին տեղահանված անձանց մշտադիտարկման կենտրոնի (Նորվեգիայի փախստականների գործերի խորհուրդ) գնահատմամբ, 2014 թ. էկոլոգիական աղետների հետեւանքով իրենց տները լքել են 19,3 մլն անձինք:

Հիշյալ հրապարակման մեջ խոսվում է մասնավորապես 2010 թ. անսովոր շոգ եղանակի եւ երաշտի մասին. «Ռուսաստանում հացահատիկի բերքը կրճատվեց 33 տոկոսով, Ուկրաինայումՙ 18 տոկոսով: Մի քանի ամսում հացահատիկի գները կրկնապատկվեցին, ինչը հարվածեց մանավանդ Մերձավոր Արեւելքին եւ Հյուսիսային Աֆրիկային: Սիրիայում 2006-2011 թթ. երկրի պատմության մեջ ամենաահավոր երաշտը եղավ: Անասունների մեծ մասը կոտորվեց, մոտ 2 մլն մարդ գյուղերից հորդեց քաղաքներ, բայց այնտեղ աշխատանք չգտավ: Ջրի պաշարները դարձան դժվարամատչելի: Բողոքի ելույթները ճնշվում էին ուժային մեթոդներով, ինչը հող նախապատրաստեց քաղաքացիական պատերազմի համար, եւ հիմա պատերազմից փախչող սիրիացիները լքում են երկիրը»:

Մաքս Պլանկ ինստիտուտի (Գերմանիա) տնօրեն Իոս Լելիֆելդը կարծում է, որ Մերձավոր Արեւելքում 2050 թ. ամռանը գիշերային ջերմաստիճանը 300-ից չի իջնի, իսկ կեսօրին կհասնի 46 աստիճանի:

Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում վիթխարի տարածքներ կդառնան կյանքի համար ոչ պիտանի, եւ այդ տարածաշրջանների 500 մլն բնակչության նշանակալի մասը ստիպված կլինի արտագաղթել:

Ջրի պատճառով նաեւ կծագեն պատերազմներ: Աֆրիկայում արդեն հիմա տարեկան միլիոնավոր մարդիկ մահանում են ծարավից: Վերջին կես դարում Չադ լճի մակերեսը կրճատվել է 85 տոկոսով:

Գոբի անապատը ընդլայնվում է տարեկան 10 հազ. քառ. կիլոմետրով, սպառնալով Մոնղոլիային եւ ՉԺՀ երկու նահանգների: Ալյասկայում եւ Գրենլանդիայում սառույցների հալքը խոչընդոտներ է ստեղծում որսորդության եւ ձկնորսության համար, ուստի բնիկները ստիպված են վերաբնակվել: «ՄԱԿ-ի գնահատումների համաձայն, ներկայումս մոլորակի վրա գաղթի դեպքերի ավելի քան 60 տոկոսը փոթորիկների, ջրհեղեղների կամ երաշտների հետեւանք է, իսկ մինչեւ 2050 թ. «կլիմայական գաղթականների» թիվը կհասնի 250 միլիոնի», ասվում է հոդվածում: Սակայն «կլիմայական գաղթականի» իրավաբանական կարգավիճակ մինչեւ օրս գոյություն չունի:

Կլիմայական փոփոխությունների հետեւանքները համամասնական առումով շատ ավելի զգալի են այն երկրներում, որոնք ջերմոցային գազեր քիչ են արտանետել, իսկ այժմ միջոցներ չունեն նոր պայմաններին հարմարվելու համար:

2007 թ. բրիտանացի դիվանագետ Քրիսպին Տիկկելը նախազգուշացրել էր, որ սննդի ու ջրի պակաս ունեցողները կդիմեն ծայրահեղ միջոցների, ինչը կբարձրացնի բռնարարքների մակարդակը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 29-07-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ