RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2016-07-15 > #028, 2016-07-22 > #029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 29-07-2016



ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ

Տեղադրվել է` 2016-07-28 23:44:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 4965, Տպվել է` 629, Ուղարկվել է էլ.փոստով` 0

MARLBORO-Ն ԵՎ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐԸ»

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Տարիներ առաջ, եթե չեմ սխալվումՙ երեք, երբ ներկա էի Ժիրայր Սեֆիլյանի ասուլիսին, նա ասաց, որ ինքը տեսել է, թե ինչպես է կռվել Սերժ Սարգսյանը. «Նա զորքին սիգարետ էր բաժանումՙ Marlboro», ասել էր Սեֆիլյանըՙ փորձելով բացատրել, որ իրականում Սերժ Սարգսյանը չի կռվել, այլ... Սերժ Սարգսյանի հանրամատչելի կենսագրության մեջ գրված է, որ մարդը կռվել է. Marlboro-ի մասին այնտեղ ոչինչ չկա գրված, բայց եթե այդպիսի բան եղել է, ապա խորհուրդ կտամ նախագահի կենսագրությունը գրողներին (ներողություն, գրի առնողներին) այդ կարեւոր դրվագն անպայման ներառել Սարգսյանի կենսագրության մեջ, քանի որ պատերազմի ժամանակ զորքին սիգարետով ապահովելը անչափ կարեւոր ու շնորհակալ գործ է, մանավանդ եթե այդ սիգարետը Marlboro է, թիվն էլՙ 90-ականները:

Այս պատմությունը պատահական չհիշեցի: Բանն այն է, որ այստեղ մի շատ կարեւոր բացահայտում կա, այն որ Սեֆիլյանը հաստատում է, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ անձամբ տեսել է Սերժ Սարգսյանին, եւ վերջինս էլ չի հերքում, որ Սեֆիլյանը կռվել է Ղարաբաղում: Այսինքն երկուսն էլ կռվել են: Սա ամենակարեւորն է, ահա թե ինչու:

Բանն այն է, որ մեր շուրջը բոլորն էլ կռված են, օրինակ Պավլիկ Մանուկյանը, ով Ժիրայր Սեֆիլյանի հոգեբանական հրամանատարությամբ գրավել է ՊՊԾ գունդը, չնայած ասում է, որ Սեֆիլյանն իրենց այս պլանից տեղյակ չի եղել, եւս կռվել է: Նրա կողքին կանգնած Արայիկ Խանդոյանը նույնպես կռվել է: Նրանց եւ իշխանությունների մեջ միջնորդի դեր ստանձնած Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը եւս կռված է... Այդ ի՞նչ չեն կիսել, Marlboro-ն: Հնարավոր է, համենայնդեպսՙ գունդը գրաված զինյալ խմբից անցած օրերին հաղորդում էին, որ իրենք հաց չունեն, լույս չունեն, սիգարետ չունեն: Սիգարետը կարեւոր բան է, առաջին անհրաժեշտության բան է, հացի ու լույսի պես բան է, բոլոր երկրներում, երբ զինյալ խումբը ոստիկանական գունդ է գրավում, ոստիկանությունը ամեն ինչը կարող է կտրել, բացի սիգարետից: Ինչեւէ:

Բայց չի կարելի պնդել, որ սա սիգարետի կռիվ է, եթե խնդիրը սիգարետը լիներ, «Սասնա ծռեր» խմբավորման տղերքին սիգարետ չէին տանիՙ Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ ՊՊԾ գունդ գնացած լրագրողները եւ զինյալներից ոմանց ծնողներն ու հարազատները:

Վիտալի Բալասանյանը, ասում են, խնդրի կարգավորմանը ոչ մի լավ բան չտվեց, չնայած հենց վերջինիս միջնորդությամբ «ծռերը» բաց թողեցին 4 պատանդներին: Պավլիկ Մանուկյանն էլ Ա1+-ին հայտնել է, որ իրենք նոր միջնորդ են նշանակումՙ Աշոտ Մինասյանին: Դուք կզարմանաք, բայց նաՙ «Աշոտ Երկաթ» կեղծանունով, կրկին կռվել է Ղարաբաղում: Հիմա մարդը մեկ այլ կռվածՙ Մանվել Գրիգորյանի գլխավորած Երկրապահ կամավորական միությանՙ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանակիր է, բայց ամենակարեւորըՙ ֆինանսների նախարարության Սյունիքի տարածքային մաքսատան պետն է: Բայց «ծռերը» նրան վստահում են, հարգում են, հետը կռվել են, ինչպե՞ս չհարգեն, դուք որ մեկի հետ պատերազմ անցնեքՙ կողք-կողքի, չե՞ք հարգի: Այդուհանդերձ կարծում եմ, որ վերջին նախադասության մեջ կարեւորը «բայց» բառն է, այսինքն մարդը Սյունիքի տարածքային մաքսատան պետն է, ԵԿՄ-ից մեդալ է ստացել, ԲԱՅՑ «ծռերը» նրան հարգում են: Այս բայցըՙ հույս է, այս բայցը պետք է բռնել եւ սրա վրա կառուցել, եթե իհարկե կառուցելու ցանկություն կաՙ համատարած քանդելու այս ժամանակներում: Դու ծուռ ես, բայց ես հարգում եմ քեզ, քանի որ կռվել ենք իրար հետ, դու հանրապետական ես, բայց ես հարգում եմ քեզ, քանի որ կռվել ենք միասին, դու իշխանություն ես, բայց ես հարգում եմ քեզ, քանի որ կռվել ենք, դու ոստիկան ես, բայց ես հարգում եմ քեզ, քանի որ կռվել ենք, դու Սերժ Սարգսյանն ես, բայց ես հարգում եմ քեզ, քանի որ... ծխել ենք միասին... Ի՞նչը չեք կիսում, տղերք, եթե երկիրըՙ ապա այն ձերն էլ է, բայց առանց կիսելու իրավունքի: Եթե կարծում եք, որ ժողովուրդը ձեզ պարտական է, ապա այդպես չէ, քանի որ Ղարաբաղում կռված լինելը ձեր բոլոր քայլերն իրավացի չի դարձնում, ժողովրդին էլՙ ձեզ պարտական չի դարձնում: Ոչ մեկիդ: Հակառակը, բոլորդ եք պարտականՙ ժողովրդին, քանի որ Ղարաբաղում կռված եք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 29-07-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ