RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 16-06-2017



Տեղադրվել է` 2017-06-15 22:16:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 11549, Տպվել է` 1042, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉՈ՞Ւ Է ԱՇԽԱՐՀՆ ԱՅՍՔԱՆ ԾՈՒՌ

Հ. ԱՖՅԱՆ

Սկսվել է «Սասնա ծռերի» գործով դատավարությունը: Ի զարմանս շատերի, անցյալ տարվա ամռանը Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված, ոստիկաններից մեկին սպանած, մի քանիսին պատանդ պահած զինված խմբի անդամներին դատում են: Այսինքնՙ նախ մեղադրում են, հետոՙ դատում են: Աբսուրդ է, ինչե՞ս կարելի է դատել այդ տղերքին, չէ՞ որ նրանք ինչ արել են մեզ բոլորիս համար են արել, չէ՞ որ նրանք հերոս են... Իսկ ո՞րն է նրանց հերոսությունը: Այն, որ Արցախում կռվե՞լ են, ուրեմն մենք բոլորս էլ հերոս ենք, այն, որ հարձակվել են իշխանության վրա՞, դա հերոսություն է՞, դուք բանիմաց, կիրթ, կարդացած, տեսած, պատմություն իմացող մարդ եք, իշխանության վրա զինված հարձակումը հերոսությո՞ւն է... Բա ինչո՞ւ են միայն «ծռերը» հերոս կոչվում...

Մի խոսքով, որքան էլ աբսուրդ է, ծռերին դատում են: Իրավունք չունե՞ն, իսկ որեւէ մեկն իրավունք ունի՞, օրինակ, մարդ սպանել, կոնկրետ դեպքումՙ ոստիկանի համազգեստով, ընդ որում այն պարագայում, երբ այդ ոստիկանը կատարում է իր ծառայությունը, ինչը, երբ այն ճիշտ ես անում եւ արդար, կոչվում է հայրենիքին մատուցած ծառայություն: Հիմա, հայրենիքին մատուցած ծառայության ժամանակ ոստիկանին սպանելու իրավունք ունի՞ որեւէ մեկը... Գոնե դրա համար պե՞տք է դատել, եթե անգամ դա արել են հերոսները, որոնք, ի դեպ, նման բան չեն անում, նաեւ դրա համար էլ հերոս են կոչվում: Լավ, կարելի՞ է այսքան չընդունել սեփական պետությունը: Պետությունն ընդունում են, այս իշխանություններին ո՞չ, իշխանություններ, որոնք կործանում են այս երկիրը, ինչը թույլ չե՞նք տալու... Է, իսկ զենքը ձեռքին այս իշխանություններին հեռացնելը, կամ հեռացնելու փորձը պետության վրա թքած ունենալ չէ՞, հերոսները պետության վրա թքա՞ծ ունեն, դուք գիտե՞ք այդպիսի մի հերոս, թեկուզ մոնղոլ, որը թքած է ունեցել կամ ունի սեփական պետության վրա: Որը որեւէ պահի կարող է զենքով հարձակվել իշխանության վրա, սպանել, եւ ստեղծել նախադեպ, որ երբ իշխանությունից բողոք ունես, զենքն առ ձեռքդ ու սպանիր նրան: Ես նման հերոս չեմ ճանաչում, մինչդեռ հերոսների ճանաչում եմ:

Ու հիմա ո՞րն է խնդիրը, որ դատո՞ւմ են, թե՞ լավ կլիներ, եթե չդատեին: Ի դեպ, կարող էին, խրախուսելով երկրում զինված ներքին պայքարը, օրենքի եւ օրինականության վրա թքած ունենալը, սպանությունը, ...Կարող էին եւ չդատել, ասեինՙ ազատ եք, ազատ ենք, մեր երկիրն է, ով ինչ ուզում է թող անի, ում ուզում է թող սպանի, ուր ուզում է թող մտնի, կրակի, պատանդ պահի: Կարող էին սա հանգիստ անել, չէ՞ որ այնպիսի իշխանություն են, որը երկիրը կործանման է տանում, մինչդեռ երկիրը կործանման են տանումՙ երբ հանցագործության մեջ մեղադրվողներին չեն դատում:

Հանցագործություն չի, ազատագրական պայքա՞ր է... Բոլոր նրանց, ովքեր երկրի ներսում ազատագրական պայքար մղելով փորձում են հասնել իշխանության, ես կպատժեի հետեւյալ կերպ. կտայի նրանց իշխանություն եւ նրանց դեմ, երկրի ներսում ազատագրական պայքար կծավալեի. չէ՞ որ կարելի է, չէ՞ որ դա հանցագործություն չէ...

Իսկ ինչո՞ւ բոլոր հանցագործներին չեն բռնում-դատում, միայն նրա՞նց են դատում...Դա արդեն այլ հարց է, շատ կարեւոր, պարտադիր շարունակելի, բայց այս պարագայում ամենակարեւորն այն է, որ մենք հասկացանք, թե նրա՛նց ինչու են դատում: Չնայած մենք դա վաղուց գիտեինք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 16-06-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ