ՔԱԹԱՐԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾՈՆԸ ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ., ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ավագ գիտաշխատող Վերջին շրջանում Քաթարի շուրջ ծագած իրավիճակըՙ Դոհա եւ Էր-Ռիադ հարաբերությունների սրումը ու դրա հետեւանքով Ծոցի եւ Արաբական լիգայի տասը պետությունների կողմից Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը ցույց է տալիս այդ պետության շուրջ ստեղծված ռազմաքաղաքական լուրջ լարվածության մասին: Չլինելով արաբագետ եւ չհավակնելով մանրամասնորեն բացատրել արաբական պետությունների միջեւ առկա լարվածությունը, այնուամենայնիվ, որպես էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետ, փորձեմ թեմային անդրադառնալ հենց այս` էներգետիկ տեսակետից: Կարծում եմ, որ դա շատ կարեւոր է հայաստանցի ընթերցողի համար, հատկապես երբ այն դիտարկում ենք Հայաստան-Քաթար բարելավվող հարաբերությունների ֆոնի վրա: Գաղտնիք չէ, որ մոտ մեկ ամիս առաջ պաշտոնական այցով այդ պետությունում գտնվող Հայաստանի հանրապետության նախագահը կնքեց համագործակցության մի շարք պայմանագրեր, որոնցից մի քանիսը կարելի է կոչել նաեւ ռազմավարական: Եվ այսպես, ինչով է կարեւոր Պարսից ծոցում թերակղզի հիշեցնող այս պետությունը եւ ինչու նրա հետ հարաբերություններում Ծոցի մյուս պետությունները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ գնացին այսպիսի կտրուկ քայլիՙ դիվանագիտական հարաբերությունների խզմանը եւ առեւտրատնտեսական բոյկոտի, ինչը ընդամենը մեկ քայլ է մինչեւ ռազմական գործողությունների բռնկումը: Քաթարը եւ Ծոցի մյուս պետությունները էներգակիրներ արտահանող պետություններ են, եւ դա է նրանց գոյության հիմնական աղբյուրը, հետեւաբար էներգակիրների շուկայի նկատմամբ վերահսկումը վերջիններիս համար ոչ միայն տնտեսական, այլեւ ռազմաքաղաքական կարեւորության ունի: Դա է պատճառը, որ վերջիններս ստեղծեցին Նավթ արտահանող պետությունների կազմակերպությունը (OPEC-Organisation of Petroleum Exporting Countries): Այս կազմակերպությանն էր անդամակցում նաեւ Քաթարը, որը նրան կապում էր տարածաշրջանի մյուս պետություններին ոչ միայն մշակութային, լեզվական կամ կրոնական կապերով, այլեւ տնտեսական շահերով նույնպես: Սակայն իրավիճակը հետագայում փոխվեց, երբ այդ պետության ջրային գոտիներում հայտնաբերվեցին գազի հսկայական պաշարներ, ինչը փոխեց այդ պետության տնտեսական զարգացման դինամիկան, եւ Քաթարը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի մեծ կախվածության մեջ հայտնվեց գազի արտահանումից: Համեմատության համար նշենք, որ Քաթարը տիրապետում է նավթի համաշխարհային պաշարների 1.5%-ին , իսկ գազի պաշարների 13%-ին: Այսինքն, գազի պաշարներով Քաթարը 3-րդ երկիրն է աշխարհումՙ զիջելով միայն Իրանին եւ Ռուսաստանին: Արդեն 90-ական թվականների վերջին Քաթարը դարձավ հեղուկացված գազի (LNG-Liquid Natural Gas) ամենախոշոր արտահանողը աշխարհում: Այս իրավիճակը հանգեցրեց նրան, որ ժամանակի ընթացքում այդ պետության եկամուտների հիմնական աղբյուրը դարձավ գազը, որի արտահանման ծավալները տարեց տարի աճում էինՙ պայմանավորված գազի համաշխարհային շուկայի աննախադեպ մեծացմամբ ու այդ վառելիքի նկատմամբ հետաքրքրության աճով: Այսինքն մի պետություն, որը երրորդական դեր էր խաղում նավթի շուկայում, սկսեց առաջնային դիրքեր զբաղեցնել գազի արտահանման գործում: Դա էլ իր հերթին հանգեցրեց նրան, որ Քաթարի համար պայքարը գազի շուկայում իր դիրքերի ամրապնդման գործում դարձավ իր գոյության ու անվտանգության կարեւորագույն մասը եւ վերջինս այս հարցում դաշնակիցներ էր փնտրում, հասկանալով, որ գազի շուկայի մեծացումը հանգեցնում է այդ էներգակրի նշանակության մեծացմանը ամբողջ աշխարհում, միաժամանակ դա բերում էր հարաբերությունների սրմանը գազ արդյունահանող եւ հիմնական սպառող պետությունների միջեւ: Գազի շուկայում դաշնակիցների որոնման գործընթացը հանգեցրեց Քաթար-Իրան հարաբերությունների բարելավմանը, արդյունքումՙ 2001թ. Թեհրանում այդ երկու պետությունների ակտիվ դերակատարմամբ ստեղծվեց Գազ արտահանող պետությունների ֆորումը (GECF- Gas Exporting Countries Forum), որին անդամակցեցին նաեւ Ալժիրը, Բոլիվիան, Եգիպտոսը, Տրինիդատ եւ Տաբագոն, Նիգերիան, Վենեսուելան, Լիբիան եւ Հասարակածային Գվնիեան: Ստեղծված նոր միջազգային կառույցը պետք է պաշտպաներ գազ արտահանող պետությունների շահերը եւ կողմերի որոշմամբ այդ կառույցի կենտրոնակայանը տեղակայվեց Քաթարի մայրաքաղաք Դոհայում: Այդ նոր կառույցը միջազգային մամուլը սկսեց կոչել նաեւ «Գազային OPEC», հաշվի առնելով, որ նշված կառույցի օրինակով պաշտպանելու է գազ արտահանող պետությունների շահերը: Սակայն ստեղծված նոր կառույցը իր դեմ տրամադրեց ոչ միայն գազ սպառող հիմնական պետություններին ու հատկապես ԱՄՆ-ին, Եվրոմիությանը, այլեւ հենց OPEC-ինՙ հանձին նրա առաջատար Սաուդյան Արաբիայի, որն իր գլխավորած կառույցն էր համարում գազի շուկայի համար պայքարող հիմնական կազմակերպությունը, իսկ հանձին GECF-ի տեսնում էր իր մրցակցին: Քաթարի ինքնուրույն քաղաքականությունը այս առումով չէր կարող արժանանալ ոչ Սաուդյան Արաբիայի, ոչ էլ գազ սպառող հիմնական պետությունների ու, հատկապես, ԱՄՆ-ի հավանությանը, քանի որ նրանք ցանկանում էին այդ շուկան կարգավորել ըստ իրենց հայեցողության եւ հատկապես թուլացնել Ռուսաստանի դիրքերը այնտեղ: Իրավիճակն էլ ավելի սրվեց, երբ 2008թ. այդ կառույցինՙ GECF-ին պաշտոնապես միացավ Ռուսաստանը, որը գազ արտահանող ամենախոշոր պետությունն է աշխարհում: Դա ուժեղացրեց այս կառույցի ազդեցությունը գազի համաշխարհային շուկայում, միաժամանակ դժվարացնելով այդ շուկայի ազատականացման Արեւմուտքի փորձերը: Այստեղ կարեւոր է շեշտել, որ գազի շուկան ի տարբերություն նավթի, չունի մեկ միասնական համակարգ, գազը բիրժային ապրանք չէ, եւ դրա գնագոյացումը չի իրականացվում Նյու Յորքի կամ Լոնդոնի բորսաներում, հետեւաբար այն չի վերահսկվում Արեւմուտքի կողմից: Միեւնույն ժամանակ, շուկայական այդ համակարգի բացակայությունը ուժեղացնում է գազ արտահանող պետությունների դիրքերը, որոնք դոմինանտ դիրք են գրավում այս շուկայում հատկապես գնագոյացման քաղաքականության որոշման մեջ: Հենց գազի շուրջը ընթացող պայքարն էլ վերջնականապես սրել էր Սաուդյան Արաբիա-Քաթար հարաբերությունները, քանի որ վերջինս ակտիվ կերպով ստեղծելով GECF կառույցը, նոր դաշնակիցներ էր ձեռք բերել հանձինս Իրանի ու Ռուսաստանի եւ վարում էր ինքնուրույն քաղաքականություն, ինչը դուրս էր Էր-Ռիադի վերահսկողությունից: Քաթարը իր եկամուտների հաշվին ստեղծել է պետական հիմանդրամ (Sovereign Wealth Fund), որի հաշիվներին կուտակվել է մինչեւ 400 մլրդ դոլար գումարը, որով ինքնուրույն ներդրումներ է կատարում աշխարհի տարբեր պետություններում: Այդ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող օբյեկտներ կան նաեւ Ռուսաստանում ու Իրանում: Քաթարը հատկապես ակտիվ է Իրանի նավթագազային համակարգում ֆինանսավորման իր քաղաքականությամբ, այն ձեռք է բերել նաեւ ռուսական ամենախոշոր նավթային ընկերության` Ռոսնեֆթի բաժնետոմսերը եւս: Քաթարն այս ներդրումները կատարում էր նաեւ այն ժամանակ, երբ այդ պետությունների նկատմամբ Արեւմուտքի կողմից պատժամիջոցներ էին սահմանվում, ինչը եւս սրում էր այդ պետության հետ հարաբերությունները: Այսինքն, գազի գործոնը «ստիպել» է Քաթարին ավելի մոտ լինել գազի արդյունահանմամբ զբաղվող պետություններինՙ հանձինս Իրանի ու Ռուսաստանի, բացի այդ, դա նրան հնարավորություն է տվել իր եկամուտները կուտակել ոչ նավթի հաշվին, ինչը նրան դուրս է բերել Սաուդյան Արաբիայի վերահսկողությունից: Աշխարհատնտեսական այս փոփոխություններն էլ հնարավորություն են տվել Պարսից ծոցի այս փոքր, սակայն հավակնոտ պետությանը վարելու ինքնուրույն քաղաքականությունՙ ելնելով իր պետական շահերից, ինչը ներկա աշխարհակարգում անթույլատրելի ճոխություն է համարվում, որին էլ հետեւեց պատիժը Պարսից ծոցի մյուս պետությունների կողմից ԱՄՆ-ի ակտիվ աջակցության պայմաններում: |