ԱՎԱՆԴՈՒՅԹ ԴԱՐՁԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄՙ ՆՈՐ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐՈՎ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ստեղծագործական խմբի հետՙ ամփոփելու 2016-2017թթ. համերգաշրջանի գործունեությունը ե՛ւ միջազգային բեմում, ե՛ւ տարբեր փառատոների շրջանակում արձանագրած նվաճումները: Նվագախբի եւ գլխավոր գործընկերոջ միջեւ ավանդույթ դարձած հանդիպումն իր ձեւաչափով դարձյալ եղել է անմիջական: Քննարկվել են ե՛ւ աշխատանքային ընթացիկ, ե՛ւ մասնագիտական թեմաներից մինչեւ առօրյա հարցերՙ նոր ակնկալիքների եւ ձեռքբերումների սպասումով: Վերջին տարիներին ֆիլհարմոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, հանդես է եկել Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Դանիայի, Լեհաստանի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Լիբանանի, Ռուսաստանի եւ այլ երկրների մեծ բեմերում ու հեղինակավոր փառատոների շրջանակներում: 2016-2017թթ. համերգաշրջանում նվագախմբի համերգաշարը եղել է խիտՙ լի հիշարժան իրադարձություններով. նվագախումբը հանդես է եկել սիմֆոնիկ, կամերային համերգներով եւ մասնակցել է միջազգային փառատոների: Առավել առանձնահատուկ է եղել սեպտեմբերին կազմակերպվածՙ Արցախի ակախության 25-ամյակին նվիրված համերգը: Համերգաշրջանը հետաքրքիր է եղել նաեւ յուրահատուկ նորարարությամբ. «Շելկունչիկ»-ի բոլորովին նորՙ 3D ձեւաչափի ներկայացմամբ, որը թերեւս առաջինն էր ոչ միայն մեր երկրում, այլեւ ամբողջ աշխարհում: «Ձեր քրտնաջան աշխատանքի արդյունքն ակնհայտ է. ունեք կատարողական բարձր արվեստ եւ ոչ թե պարզապես ստեղծագործում եք, այլ ձեւավորում եք ճաշակ եւ կրթում սերունդներ: Ուրախ եմ տարիների մեր համագործակցության եւ այդ գործընթացին որոշակիորեն մասնակցություն ունենալու համար: Շարունակեք նույն ոգով ու եռանդով«,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նվագախմբի անդամների հետ զրույցի ընթացքում: Արդեն շուրջ ութ տարի է, ինչ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ամուր կանգնած է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողքինՙ որպես գլխավոր գործընկեր: Այս համագործակցության շնորհիվ նվագախումբն այսօր, հասնելով կատարողական բարձր մակարդակի, հնարավորություն ունի բուռն գործունեություն ծավալելու ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս: |