RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 16-06-2017



Տեղադրվել է` 2017-06-15 22:16:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 11827, Տպվել է` 1059, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՆՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նկատո՞ւմ եք` ոչ ոք այլեւս չի խոսում համակարգային փոփոխություններից, տնտեսության 70 տոկոս ստվերից, օլիգարխական պետության վնասներից: Միգուցե այդ խնդիրներն արդեն չկա՞ն, լուծվել են: Կամ էլ ուղղակի միգուցե չկան այդ խնդիրների մասին խոսողները, իսկ ավելի ստույգ` հանուն ինչոր բանի, ասենք, խորհրդարան անցնելու, կերակրաման ունենալու այդ մասին խոսողները: Նրանց հարցերը լուծեցին, նրանց ուղարկեցին տուն, իբր`անիմաստ շատ աղմկեցիք, հիմա թեման փոխվում է, այլ թեմա եւ այլ տիպի աղմկողներ են պետք, ավելի երիտասարդ ու ավելի ուսյալ, որոնց խոսքը համեմված է տանելի իրոնիայով, ինտերակտիվ շոուի տարրերով, նոր տեխնոլոգիական ժամանակին համապատասխան:

Մեր կյանքը կարծես հերթական լեթարգիկ փուլն է հաղթահարում`փորձելով մոռանալ մոտիկ անցյալը:

Քաղաքական ուժերն այնքան չեն խոսում վերը նշված խնդիրներից, որ անգամ Կոմանդոսն է սկսել խոսել այն բանի մասին, թե ինչպես են մեր օլիգարխները Երեւանում 140 հազար դոլար արժողությամբ մեքենաներ վարում, ճիշտ է` բանակի թիկունքը մերկացնողների համատեքստում:

ԶԼՄ-ները նույնպես վերջնականապես անցել են թեթեւ թեմաների`շարունակում են Լֆիկ ու Նեմեց խոսեցնել ու «տժժալ», «բացահայտել»` արդյոք «Էլիտբա՞սն» է դիմել կառավարությանը` Երեւան-«Զվարթնոց» օդանավակայան փորձնական երթուղին կազմակերպելիս, թե՞ ընդհակառակը, ու էդ մեծ «բացահայտումը» ներկայացնել որպես լրագրության բարձրակետ: Դե իսկ վարչապետն էլ դարձել է իր ղեկավարած մանր-մունր կառույցների չարած գործն անձամբ կատարողը, աղբահանությունից անցավ օդանավակայանի շրջակայքի չսափրված վարորդներին, տուրիստներից նրանց կողոպտած իսկապես աստղաբաշխական գումարներին, որպես տաքսիավճար` մի հարվածով լուծելով Երեւան- «Զավարթնոց» օդանավակայան փոխադրումների հայտնի մաֆիային մաքուր ջրեր դուրս բերելու հարցը եւ տրանսպորտային երթուղի կազմակերպելով: Դե ո՞վ չգիտեր` ավտոբուսի հարց չէր լուծվում, քանի որ տաքսու գծերը շատ հայտնի ու մաֆիոզ տերեր ունեն, հիմա նրանց հերն անիծվե՞ց փաստորեն:

Ի՞նչ անենք, գուցե Ավանի երթուղիների հարցն էլ մյուս կառավարության նիստում վարչապետը կքննարկի՞, եթե չգիտե` տեղեկացնենք. երեկոյան ժամերին ջարդուխուրդ թիվ 20 երթուղայինների տերերն այնպես են անում, որ մեծ ավտոբուսները չաշխատեն, ու մնում ես բրածո 20 համարի երթուղայիններում իրար վրա պառկելով Ավան հասնելու հույսին: Մի գիծ էլ Հանրապետության հրապարակից Ավան գուցե գցեն` էլիտար, օդորակիչներով ավտոբուսներով, հը՞:

Բա Երեւան-Գյումրի գի՞ծը: Պատկերացնում եք` ուղեւորները Սեւանի փողոցի ավտոկայանի երթուղայինում այնքան են նստում, մինչեւ հագենում են ուղեւորների մի մասին հենց երթուղայինից գայթակղող-տանող, նույն չսափրված-փնթի տաքսիստները, ու , ի վերջո, այդ խայտառակությունն ավարտվում մի ժամ, ժամուկես կանգնելուց, բավական նյարդայնանալուց հետո ճամփա ընկնելով: Երեւան-Գյումրի գծատերերին էլ միգուցե խոսք հասկացնի վարչապետը, հը՞:

Դե, քանի որ մնացել ենք վարչապետի հույսին միայն` վերջը գուցե կարկուտին էլ խոսք կհասկացնենք, եթե հսկայական ֆինանսական միջոցներ կուլ տված ու կարկուտի խաթրին դույզն ինչ չկպած հակակարկտային կայանները շահագործողներին խոսք չենք կարողանում հասկացնել, ու կարկուտը, հակակարկտային կայաններին շան տեղ չդնելով էս էլ քանի տարի փչացնում է հայ գյուղացու ստեղծածը` վարկերի տակ թողնելով նրան, միգուցե արդեն լրագրողների մակարդակով քննարկվող ուրիշ տարբերակների մասին մտածենք ու վարչապետի մակարդակով կառավարության նիստով լուծենք ցանցերով ու ցելոֆաններով երկնքից ու կարկուտից պաշտպանվելու հարցը: Էս էլ, մեր մեջ, տուրիստ կանչող հարց է, բա որ գան ու տեսնեն` ծիրան չի մնացել, հետ չե՞ն գնա միանգամից, հենց Հանրապետության հրապարակից, նույն «Էլիտբասով»:

Մի խոսքով, հարց առ հարց գնանք առաջ` մեն-մի վարչապետի հույսին: Հիմա արեն սպասում ենք այն օրենսդրական նախաձեռնությանը, որով վարչապետը խոստացել է համատիրությունները փող հավաքող-ոչինչ չանող կառույցից դարձնել նախ գործ անող, հետո փող հավաքող կառույցի, էն էլ` փողը պետք է հավաքի ոչ թե սեփական գրպաններում, այլ կենտրոնացված, բանկերի հատուկ հաշիվներին մուծումների միջոցով, որ պետությունը տեսնի` որքան են բնակչության գրպանը նիհարացնում եւ սեփական գրպանները տռզացնում էս կառույցները, դեռ էդ մուծումից պետբյուջե հարկ մտնի: Այ, եթե այս հարցին էլ գործնականում հասնի վարչապետը` բանավոր հայտարարել է, միգուցե էսքան չդառնանանք ու հումորի չտանք մեր կյանքը:

Մեր առօրյան սա է, որից այս պահին բացակա են քաղաքականությունը, քաղաքական բաղադրիչը. քաղաքականությունը գնացել է տուն, կամ արձակուրդ, ու հայտնի չէ` կվերադառնա՞ ամռան վերջին, թե ոչ:

Քաղաքական բաղադրիչ միգուցե մասամբ կարելի է գտնել մի քանի իրադարձության մեջ, ասենք` Մինսկի խմբի համանախագահների այցի համատեքստում, որի վերաբերյալ ծույլ հարցազրույցները եւ այցը գնահատելու թույլ փորձերը նույնպես քաղաքական հիմնական դասից հեռու են մնացել, անգամ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Արցախում այս օրերին կազմակեպվող կուսակցական ֆորումն է դժվար քաղաքական իրադարձություն կոչել:

Համանախագահները եկան-գնացին, մի թույլ ոգեւորեցին Հայաստանին` Ադրբեջանին իբր զգուշացնող իբր վերջին հասցեական հայտարարությամբ, առանձնապես` ոչինչ նոր, աշխատում են, էլի: Անգամ սպառազինությունների աճով պայմանավորված պատերազմական իրավիճակի կրկնման ահարկու կանխատեսումները ոչ ոք առանձնապես լուրջ չի ընդունում, քանզի կանխատեսողներից յոուրաքանչյուրի տակ մի թելի կծիկ կա, օրինակ` Միջազգային ճգնաժամային խումբը միշտ համարվել է ադրբջանական լոբբիինգի կրող: Ինչպես ասում է ժողովուրդը` էսպես էլ մնա, ոչինչ, միայն թե գոնե սահմանից մեր զինվորների զոհվելու լուրերը նվազեին ու վերանային: Թեման համենայնդեպս Արցախի ֆորումով էլ մի փոքր կսառի` մինչեւ աշուն:

Ինչպես , ի դեպ, շատ թեմաներ` ամռան գալով: Չնայած` ռուսական լրատվական հարթակում բավական հոռետեսական կանխատեսումները մեր տարածաշրջանի վերաբերյալ չեն դադարում, հենց օրերս «Ռուսսկի կոլոկոլ» պարբերականը մի հսկայածավալ վերլուծությամբ եւ տարբեր կարծիքներ համադրելով` եկել էր այն եզրակացության, որ Հայաստանի, Իրանի եւ Ռուսաստանի դեմ սադրանքներ են սկսվելու մոտակա ժամանակի մեջ, վերլուծությունը հատկապես նկատի էր առել ղարաբաղյան հակամարտության տարածքը, նաեւ` Հայաստանի եւ Իրանի ատոմակայանների` միշտ խոցելի գործոնը: Դե` ռուսների աչքին ամենուր այս պահին գլոբալ դավադրություն է երեւում, Աստված չանի:

Ազգային ժողովի նախագահն էլ, մինչեւ համատեղությամբ դոնորությամբ զբաղվելը, ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը խորացնելու մի կես բերան նշմար էր տվել` իրար խառնելով մեր վերլուծական շրջանակներին, չէ որ միշտ ասում էինք` ՆԱՏՕ-ի հետ գործերում ընդլայնվելը մեր օրակարգում չէ, միգուցե ինչ-որ բան է փոխվե՞լ:

Բայց դե ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն էր եկել, անձամբ, Ջեյմս Ապաթուրայը, մի երկու շոյիչ խոսք չասեի՞նք, մանավանդ նա Հայաստան- Իրան հարաբերություններից էր խոսում, տարածաշրջանային անվտանգությունից, ասում էր` Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջեւ խնդիր չկա,ՆԱՏՕ-ի դաշնակիցները մտահոգված են Հարավային Կովկասում սպառազինությունների ծավալի աճով եւ Ղարաբաղում ստեղծված իրավիճակով եւ այլն: Փոխադարձ քաղաքավարություն չդրսեւորեի՞նք, քաղաքավարությունը դաստիարակության նշան է, ընդամենը:

Ու սրանք էլ քաղաքականության կամ քաղաքական գործընթացի չեն ձգում դեռ, անգամ քաղաքապետին դժոխք խոստացող «Երկիր Ծիրանին» քաղաքականությամբ չի զբաղվում:

Փաստորեն` քաղաքական անվանվող ամեն բան խորհրդարանական ընտրություններով ռւ դրանից հետո սկսված ու դեռ լիովին չավարտված մանդատաբազարներով ավարտվեց, հիմա սկսվում է մի շրջան, որը ոչ մի կապ չունի ո՛չ քաղաքական դասի, ո՛չ քաղաքական գործընթացների, ո՛չ քաղաքական կուսակցությունների հետ` սկսվում են սողացող գործընթացները, որ երբեք էլ Հայաստանում կանգ չէին առել, բայց հիմա ընթանալու են նոր ու լայնացող հունով: Այդ է վկայում մեր վերլուծական հանրույթի շփոթմունքը, որի ներկայացուցիչները, մինչեւ այժմ անվերջ գրելով վարչապետի ժամանակավորության, ներկա նախագահի` վարչապետ դառնալու հեռանկարի, ու էս տեսակ թեմաների մասին, հիմա շփոթվել են Սերժ Սարգսյանի` Կարապետյանին թեւ տալու վերջին շրջանի մի քանի դրսեւորումներից եւ ուզում են հասկանալ, թե ինչ է կատարվում ի վերջո: Հայաստանի էլիտայի նեղ, շատ նեղ շրջանակը 2018 թվականի մասին որոշում ունի՞, թե ոչ, եւ եթե այո` ո՞րն է դրա տնտեսաֆինանսկան հիմքը, որը դեռ չի երեւում, եւ որը միայն կարող էր վերջնական որոշումների հենման կետը լինել:

Ի տարբերություն ուրիշների` մեր կարծիքով ոչ մի որոշում էլ դեռ չկա, ամեն ինչ այնքան լղոզված է` տնտեսական հեռանկարի անհստակության պատճառով, որ ամեն ամիս որոշումները կարող են փոխվել` տնտեսական այս ու այն ազդակներից կախված:

Հիմա ընդամենն ամառ է, ընդամենը մեր «բազմաչարչար» էլիտա կոչվածը արձակուրդային տրամադրություն ունի, մի զգալի մասն ուզում է արտերկրյա ճոխ հանգստավայրերում մոռանալ ռեյթինգային քվեարկության ողջ ամոթն ու ֆինանսական կորուստները, եւ ընդամենը: Հայաստանի քաղաքական կյանքը երկու ամսով թաղվում է ամառային թմբիրի մեջ, իսկ աշնանն էլ նրան դեռ արթնացնող կամ արթնացնողներ են պետք լինելու:

Իհարկե` տարբեր մանր-մունր արթնացնողներ միշտ էլ կգտնվեն, ինչպես օրինակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, որը երեկ ԵԽ երեւանյան գրասենյակի կազմակերպած «Ընտրական զարգացումները Հայաստանում. քաղված դասերը եւ հետագա քայլերը» համաժողովի ժամանակ բավական կոշտ փորձել էր համաժողովի վերնագրի դասերը միանգամից ու միաժամանակյա Հայաստանի իշխանությանը տալ, թե պետք է արժանահավատ դարձնել Հայաստանի ԿԸՀ-ն, ոչ ոք չի կարող պնդել, թե Հայաստանի ընտրությունները կատարյալ էին, ռեյթինգային ցուցակների առկայությունն էլ ընտրություններում լուրջ խնդիր է, ու նաեւ կոչ էր արել բարելավել ընտրական օրենսգիրքը, դատական համակարգը:

Իհարկե, Սվիտալսկին իրավացի է, սակայն ամբողջ բանն այն է, որ ռեյթինգային կարգի որդեգրման դեմ ոչ Վենետիկյան հանձնաժողովն է ժամանակին արտահայտվել, ոչ էլ եվրոպական կառույցների ներկայացուցիչներն են ընտրությունների արդյունքների վերաբերյալ առանձնապես կոշտ գնահատականներ հնչեցրել, իսկ ահա այս կարգի համաժողովներում հետին թվով դասեր տալը, մեղմ ասած, այնքան էլ ընդունելի չէ, քանի որ սա նշանակում է մանդատի շրջանակից դուրս գալ եւ իշխանությանը հետին թվով խելք սովորեցնել: Համենայնդեպս պետության ներկայացուցիչներն արդեն այդպիսի կարծիք հնչեցնելով` պատասսխանել են Սվիտալսկուն: Դե` մենք ենք, մեր սարերը` երբ պետք է, դիմում ու բարեհաճություն ենք ուզում եվրոպաներից, երբ պետք է` հորդորում ենք չխառնվել մեր ներքին գործերին: Այնպես որ` այս կարգի արթնացումները մեր գավառական էլիտային հազիվ թե առույգացնեն, նրանց հետաքրքրում են միայն ներսի ասողները, հազիվ թե նրանց ամառային թմբիրը ցրվի` ուզում է Սվիտալսկին խոսի, ուզում է` ԵԽ առաջին դեմքերը: Այնպես որ`մինչեւ սեպտեմբեր կդիմանանք նաեւ առանց մեր քաղաքական էլիտայի հիմնական մասի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 16-06-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ